Տպել
21.03.2012
ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 7

Մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը եւ վավերացրեց  միջազգային պայմանագրերը:

Մինչ օրինաստեղծ աշխատանքին անցնելը պատգամավորները ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկով ողջունեցին ԱԺ նիստին հետեւող Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողներին եւ դասախոսներին:

Խորհրդարանը շարունակեց նախորդ օրը  ընդհատված  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2012 թվականի տարեկան գործունեության ծրագրի քննարկումը:

Ծրագրի վերաբերյալ իրենց նկատառումներն ու դրական դիրքորոշումները ներկայացրին պատագամավորներ Արա Նռանյանը եւ Հերմինե Նաղդալյանը:

Ողջունելով ներկայացված ծրագիրը` Արա Նռանյանը նկատեց, որ տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում դեռեւս կան  խնդիրներ, որոնք  ուսումնասիրման կարիք ունեն: Ըստ պատգամավորի` անհրաժեշտ է վերահսկողություն սահմանել մանրածախ առեւտրի ու   խոշոր ներկրողների գործունեության ոլորտներում, պարզել, թե որոնք են գերշահույթով աշխատող կազմակերպությունները:

Պարոն Նռանյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին առաջարկեց   ուսումնասիրել ավտոմեքենաների պահեստամասերի շուկան:

Պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, կարեւորելով ներկայացված ծրագիրը, նկատեց, որ այն շահեկանորեն տարբերվում է նախորդ տարիների ծրագրերից:  Անդրադառնալով հանձնաժողովի գործունեությանը` տիկին Նաղդալյանը նշեց, որ տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում վերջին տարիներին արձանագրվել են զգալի ձեռքբերումներ, հանձնաժողովի աշխատանքը դարձել է առավել դինամիկ եւ տեսանելի` շնորհիվ հանձնաժողովին տրված լիազորությունների եւ լծակների:

Տիկին Նաղդալյանի համոզմամբ` 2012 թվականին եւս շարունակվելու է հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, ինչի մասին են վկայում  ծրագրում նախանշված միջոցառումները:

Եզրափակիչ ելույթում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն անդրադարձավ պատգամավորների  հարցադրումներին եւ տվեց սպառիչ պատասխաններ: 
  
Ազգային ժողովը երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկեց  «Սպառողական կոոպերացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծը: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց առաջին ընթերցումից հետո  պատգամավորների ներկայացրած առաջարկները եւ դրանց հիման վրա կատարված լրամշակումները: Նորացված տարբերակով, նախարարի տեղեկացմամբ, սպառողական կոոպերատիվը պետք է ունենա առնվազն 5 անդամ:

 ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը օրինագիծը քննարկել է եւ տվել դրական եզրակացություն: Հանձնաժողովի անդամ Վահագն Մասխուդյանի խոսքերով` այս նախաձեռնությամբ անհրաժեշտ իրավական դաշտ է ստեղծվում կոոպերատիվների գործունեության, տնտեսական ինքնուրույնության համար:

Պատգամավորներ Արա Բաբլոյանի եւ Մկրտիչ Մինասյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» առաջարկած լրացումները նպատակ ունեն տարբերակել մեծահասակներին ու անչափահասներին արգելանքի տակ պահելու պայմանները: Նախագծով նախատեսվել է անչափահասներին արգելանքի տակ պահել 48 ժամ` 72-ի փոխարեն: Կրճատվել է նաեւ մինչդատական վարույթում մեղադրյալ անչափահասներին կալանքի տակ պահելու ժամկետը` 12-ի փոխարեն սահմանվելով 6 ամիս:  Արա Բաբլոյանը նշեց, որ  նախաձեռնությունն ուղղված է երեխաների իրավունքների պաշտպանությանը. հեղինակները նպատակ ունեն կանխել երկարատեւ արգելանքի կիրառմամբ պայմանավորված բռնությունների զգալի ռիսկը: Այս մոտեցումը բխում է նաեւ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների հարցերով կոմիտեի հանձնարարականներից:

Կառավարության տեսակետը ներկայացնելով` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը  համաձայնեց անչափահասների նկատմամբ առանձին պայմաններ ստեղծելու մոտեցման հետ, ավելին` առաջարկեց քննարկել նրանց առնչվող քրեական գործերում առանձին դատավորներ ներգրավելու հարցը: Կառավարությունը նաեւ վերապահում ունի: Նախարարը նշեց, որ չպետք է վերոնշյալ նորմերը կիրառել հանցախմբում ընդգրկված անչափահասների նկատմամբ:

Հեղինակը առաջարկները քննարկելու եւ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում դրանք օրինագծում ընդգրկելու պատրաստակամություն հայտնեց:

Դրական էր նաեւ գլխադասային` պետական-իրավական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը: 
  
Մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը ներկայացրեց «Մշակութային ժառանգության նշանակությունը հասարակության համար» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան, ապա` «ՀՀ կառավարության եւ Քուվեյթի Պետության կառավարության միջեւ մշակույթի եւ արվեստի բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը: Առաջին փաստաթուղթը նպատակ ունի ճանաչելի դարձնելու մշակութային ժառանգությունը եւ դրա իրավունքները, երկրորդով ամրագրվում են Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ մշակութային համագործակցության ուղղություներն ու ոլորտները: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, ինչպես ներկայացրեց հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը, դրական է գնահատել կոնվենցիան ու  համաձայնագիրը:  Նա նշեց, որ ԵԽ շրջանակային կոնվենցիային միացել են 17 երկրներ, որոնց թվում չկա հարեւան Ադրբեջանը, մինչդեռ  հենց այնտեղ են ոչնչացվում հայկական պատմամշակութային կոթողները:

Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկեց «ՀՀ քրեական օրենսգրքում» Վիկտոր Դալլաքյանի առաջարկած փոփոխությունները: Նախագծի վերաբերյալ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի առաջարկը արտացոլվել է լրամշակված տարբերակում: Հեղինակը նշեց, որ իր նախաձեռնությունը նպատակ ունի խստացնել պատժամիջոցները սեռական հանցագործությունների համար:

Արդարադատության նախարարը խորհրդարանին ներկայացրեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը երրորդ ընթերցմամբ ու որոշակի խմբագրական շտկումներով: Նախարարը մեկ անգամ եւս փաստեց, որ այս օրենքն ուղղված է լինելու Սահմանադրության ու սահմանադրական կարգի պահպանությանը, եւ որ արտակարգ դրության անհրաժեշտության դեպքում կապահովվեն ժողովրդավարական ու մարդու իրավունքների պաշտպանության բոլոր չափանիշները:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց այս նախագիծը:

ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստը տրամադրվեց պատգամավորների ու կառավարության անդամների միջեւ հարցուպատասխանին:
 
 


21.03.2012
Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները` Ազգային ժողովում
Ազգային ժողովի  «Բաց դաս» ծրագրի շրջանակներում մարտի 21-ին խորհրդարան էին այցելել Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողներ եւ դասախոսներ: Նրանք հետեւեցին ԱԺ քառօրյա նիստի աշխատանքներին եւ հանդիպեցին  ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Ողջունելով ուսա...