Տպել
05.03.2012
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հանդիպեց Լեհաստանի դեսպանի հետ
1 / 1

Մարտի 5-ին Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ:

Դեսպանի խնդրանքով պարոն Սահակյանն անդրադարձավ Հայաստանի  չորրորդ գումարման Ազգային ժողովի կատարած աշխատանքի հիմնական ուղղություններին: Նրա գնահատմամբ` օրենսդիր մարմինը պետք է լինի երկրի կայունության հիմնական գործոններից մեկը, եւ այդ առումով ներկա խորհրդարանը համատեղել է իր ուժերը` դիմագրավելու տնտեսական ու ֆինանսական ճգնաժամերը: Մի կողմից փորձ է արվել օրենսդրական աշխատանքով բարենորոգելու տնտեսությունը, մյուս կողմից  անհրաժեշտություն է առաջացել կայուն պահելու երկիրը` չվնասելով քաղաքական ուժերի ակտիվությանը: Անցած 5 տարիներին խորհրդարանը համագործակցել է գործադիր իշխանության հետ` կյանքի կոչելու տնտեսության զարգացման ծրագրերը: Այդ համագործակցության արդյունավետության մասին են  փաստում  Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ արձանագրած հաջողությունները, երկրի միջազգային հեղինակության աճը:

Այն հարցին, թե իշխող կուսակցությունն ինչպես է գնահատում գալիք խորհրդարանական ընտրությունների դերը Հայաստանի հետագա դեմոկրատական զարգացումների ու եվրաինտեգրման ակտիվացման գործում, Գալուստ Սահակյանն ասաց, որ երկրի ժողովրդավարական զարգացումների առումով նախորդ տարիների դրական ձեռքբերումների շարունակականությունը մեծապես պայմանավորված է լինելու Ազգային ժողովի գալիք ընտրություններով: Որպես իշխող քաղաքական ուժ` իրենք շատ լավ են գիտակցում, որ եթե ընտրություններում թերություններ արձանագրվեն, պատասխանատվության մեծ բաժինն ընկնելու է իրենց քաղաքական թիմի վրա: Խախտումները բացառելու նպատակով կատարելագործվել է Ընտրական օրենսգիրքը, ինչը այժմ բոլոր քաղաքական ուժերին հնարավորություն է տալիս վերահսկողություն իրականացնելու ընտրական գործընթացների վրա:

Պարոն Սահակյանը տեղեկացրեց, որ իրենց կուսակցությունն Ընտրական օրենսգրքի ուսուցում է կազմակերպում վստահված անձերի  եւ ակտիվիստների համար` շատ լավ հասկանալով, որ օրենքի իմացությունը կբացառի կամ գոնե կնվազեցնի խախտումները:

Անդրադառնալով կուսակցության համամասնական ցուցակին` պարոն Սահակյանը տեղեկացրեց, որ կուսակցությունը սկզբունքային մոտեցում է ցուցաբերելու այս հարցում` ցուցակում ընդգրկելով քաղաքական եւ օրենսդրական գործունեությամբ զբաղվելու ունակ, հասարակությանը հայտնի մարդկանց: Որոշակի փոփոխություններ կլինեն նաեւ կանանց ներգրավվածության առումով:

«Մեր կուսակցությունը շատ լավ է գիտակցում գալիք ընտրությունների  դերն ու դրանք արդար անցկացնելու կարեւորությունը, ուստի կողջունի բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք ցանկություն կունենան աջակցելու ընտրությունների վերահսկողությանը»,-ասաց Գալուստ Սահակյանը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի տնտեսական- քաղաքական հեռանկարին վերաբերող այլ հարցեր եւս:
 


05.03.2012
ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը կմեկնի Լիտվա
Մարտի 5-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, կմեկնի Լիտվա: Պատվիրակության կազմում են ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ Արա Նռանյանը` ՀՅԴ  խմբակցությունից: Հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Լիտվայի Սեյմի նախագահ Իրեն...