National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.3.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
01.03.2012
Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 8

Մարտի 1-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 4 տարի առաջ` մարտի մեկին, Երեւանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակը:

ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ  ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարանի նիստին հետեւում են Տավուշի մարզի եւ  Երեւանի շուրջ երեք տասնյակ դպրոցների աշակերտներ եւ մանկավարժներ: ԱԺ պատգամավորները ողջունեցին նրանց:

Այնուհետեւ խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը եւ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին», «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հողի հարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գույքահարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Նա տեղեկացրեց, որ գրավոր առաջարկներ ներկայացրել են ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները: Օրինագծերի փաթեթի լրամշակման արդյունքում հողի հարկի եւ գույքահարկի գծով արտոնություններից կօգտվեն այն բարեխիղճ հարկատուները, ովքեր 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ,  սկսած 1996 թվականից, բոլոր տեսակի ապառքներում չեն ունենա 1 միլիոն դրամից ավելի պարտք:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց Լարիսա Ալավերդյանը: Նրան հետաքրքրում էր, թե ճշտված են արդյոք  ցուցակները այն մասով, թե ում պետք է վերաբերեն այդ արտոնությունները եւ կան արդյոք մեխանիզմներ` ճշտելու  օրենսդրական փոփոխությունների ազդեցությունը:

Եզրափակիչ ելույթում Վաչե Տերտերյանը հանգամանալից պատասխանեց տիկին Ալավերդյանի հարցադրումներին: Մասնավորապես նա ասաց, որ բոլոր համայնքներում հարկատուների ցուցակները ճշտված են եւ ավտոմատացված, անհատական տվյալները պաշտպանված եւ կանոնակարգված են օրենքով: Նա տեղեկացրեց, որ օրենսդրական փոփոխությունների ազդեցությունը հասկանալու համար գործում են որոշակի մեխանիզմներ:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» եւ 37 օրենքներում լրացումներ, փոփոխություններ նախատեսող ու «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» եւ 18 օրենքներում լրացումներ, փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթները քննարկվեցին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: ՀՀ արդարադատության փոխնախարարներ Արամ Օրբելյանը եւ Գրիգոր Մուրադյանը տեղեկացրին, որ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն ներկայացվել:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը քննարկվող երկու հարցերի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ  քննարկեց նաեւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Մինչ օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը առաջին ընթերցումով քննարկվեցին փաթեթում ներառված «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ  եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում ավելացված 1-ին եւ 3-րդ հոդվածները: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ պատգամավորների եւ կառավարության առաջարկների հիման վրա մինչեւ երկրորդ ընթերցում օրինագծերի փաթեթը լրամշակվել է:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը  ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է զինված ուժերում պայմանագրային սերժանտական համակարգի ընդլայնումը, ռազմակրթական համակարգի զարգացումը, զինծառայողներին պաշտոնի նշանակման եւ ազատման գործընթացում թափանցիկության ապահովումը, ծառայողական առաջխաղացման հնարավորությունների հստակեցումը, կարգապահության ամրապնդումը: Ըստ Արա Նազարյանի` օրենքի նախագծով շարքային կազմի մեջ մտնող սերժանտական կոչումները եւ պաշտոնները ներառվում են ենթասպայական կազմի մեջ` որպես կրտսեր ենթասպայական կազմ, սահմանվում են սերժանտական կոչումների կրման նոր ժամկետներն ու շնորհման կարգը, հստակեցվում է սպայական կամ սերժանտական դասընթացներ անցնելու ցանկություն հայտնած եւ այդ դասընթացներն ավարտած զինծառայողների կարգավիճակը:

Հարակից ելույթով հանդես եկավ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը` ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Վարդան Բոստանջյանի եւ Հեղինե Բիշարյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ: Նշենք, որ մինչ երկրորդ ընթերցմամբ քննարկելը պատգամավորները առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեցին մի շարք նախագծերում առաջարկված նոր փոփոխությունները:

Հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը նշեց, որ այդ փոփոխություններով բովանդակային առաջարկություն է կատարվել գործող նախագծի 8-րդ հոդվածում, որը վերաբերում է ԱԺ մշտական հանձնաժողովների թվին: Հանձնաժողովների թիվը, ինչպես նաեւ հանձնաժողովների գործունեության ոլորտները պետք է սահմանի ԱԺ-ն` իր որոշմամբ: Պարոն Հարությունյանը ներկայացրեց նաեւ այն փոփոխությունները, որոնք իրականացվել էին առաջինից երկրորդ ընթերցում:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնեց հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Զինապարտության մասին» ՀՀ oրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը եւ 2007 թ. մայիսի 25-ին Յալթայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների (ոստիկանության) եւ ներքին զորքերի համար կադրերի պատրաստման մասին» համաձայնագիրը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը ներկայացրեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Այն նպատակ ունի կարգավորելու մասնագիտացված կազմակերպությունների կողմից ընկերության բաժնետերերի ռեեստրում ներառված տեղեկությունների թույլատրելի օգտագործման հետ կապված հարցերը: «Բաժնետիրական ընկերությունների մասին» գործող ՀՀ օրենքի 51-րդ հոդվածը չի նշում ռեեստրում նշված տեղեկատվության օգտագործման հնարավոր դեպքերը, իսկ «Արժեթղթերի շուկայի մասին» գործող ՀՀ օրենքի 98-րդ հոդվածը սահմանում է ծառայողական տեղեկության հասկացությունը եւ կարգավորում դրա հրապարակման հետ կապված հարցերը:  Նույն հոդվածի երկրորդ մասը նշում է այն տեղեկությունները,  որոնք չեն համարվում ծառայողական եւ հետեւաբար կարող են հրապարակվել: Սակայն նշված մասում չի խոսվում ընկերությունների բաժնետերերի եւ/կամ բաժնեմասերի վերաբերյալ տեղեկության մասին, ինչը ենթադրում է, որ այն  հրապարակման ենթակա չէ եւ համարվում է ծառայողական տեղեկություն: Այդ տեղեկություները կարող  են անհրաժեշտ լինել ինչպես ընկերության մյուս բաժնետերերին, այնպես էլ տվյալ ընկերությունում ներդրումների ցանկություն հայտնող շահագրգիռ երրորդ անձանց:

Միաժամանակ օրենքի նախագծով փորձ է արվում նշված տեղեկությունները բաց համարելու հետ մեկտեղ նաեւ պաշտպանել եւ արգելել բաժնետերերի անհատական տվյալներ պարունակող տեղեկությունների տարածումը:

Գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը օրինագծի վերաբերյալ դրական էր:

Ազգային ժողովը քննարկեց ՀՅԴ խմբակցության պատգամավորների հեղինակած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց համահեղինակ Արա Նռանյանը: Օրինագիծը նպատակ ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հանրության համար ավելի թափանցիկ դարձնել պետական կառավարման մարմինների եւ Երեւան, Գյումրի, Վանաձոր քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը, կանխել կոռուպցիոն ռիսկերը, բարձրացնել բյուջետային եւ արտաբյուջետային միջոցներից կատարվող ծախսերի արդյունավետությունը, որը կառաջացնի ծախսերի վերահսկելիություն եւ առաջ կբերի պետական մարմինների նկատմամբ վստահություն: Օրենսդրական  առաջարկության ընդունումը թույլ կտա նաեւ իրացնել հարկատուների իրավունքը տիրապետել իրենց կողմից վճարվող հարկերի ծախսման եւ պետական մարմինների ֆինանսական եւ տնտեսական գործունեության արդյունավետության վերաբերյալ տեղեկատվությանը:

Առաջարկվող մոտեցումը հնարավորություն է տալիս նպաստելու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ու արդի ժամանակաշրջանում տեղեկատվության հասանելիությանը:

Գլխադասային` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության  եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը եւ ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը  նախագծի վերաբերյալ  դրական եզրակացություն  ներկայացրին` հույս հայտնելով,  որ մինչեւ երկրորդ ընթերցում հեղինակները կընդունեն  իրենց առաջարկները:

Ազգային ժողովը քննարկեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը, ՀՀ Նախագահի ներկայացրած  «1965 թվականի նոյեմբերի 15-ին Հաագայում ստորագրված «Արտերկրում քաղաքացիական եւ առեւտրային գործերով դատական եւ արտադատական փաստաթղթերի հանձնման մասին» եւ «1970 թվականի մարտի 18-ին Հաագայում ստորագրված «Քաղաքացիական կամ առեւտրային գործերով արտերկրում ապացույցներ ձեռք բերելու մասին» կոնվենցիաները:

Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:


01.03.2012
Հերթական «Բաց դասը» խորհրդարանում
Մարտի 1-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հյուրընկալել էր Տավուշի  մարզի  եւ Երեւանի  շուրջ երեք տասնյակ դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների: ԱԺ նախագահի հետ աշակերտների հանդիպումը նախաձեռնել էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը: Մ...

01.03.2012
ՀՀ ԱԺ ներկայացուցիչները որպես դիտորդ կմասնակցեն ՌԴ նախագահի ընտրություններին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 2-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ,  որպես ՀՀ Ազգային ժողովի` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի կազմում ընդգրկված ներկայացուցիչ, կմասնակցի մարտի 4-ին կայանալիք ՌԴ նախագահի ընտրություններին: Մարտի 3-ին ծրագրված է ԱԺ փոխխոսնակի հանդիպումը...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am