Մարտի 1-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հյուրընկալել էր Տավուշի մարզի եւ Երեւանի շուրջ երեք տասնյակ դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների: ԱԺ նախագահի հետ աշակերտների հանդիպումը նախաձեռնել էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը:
Մինչ խորհրդարանի նախագահի հետ հանդիպումը` աշակերտները հետեւել էին ԱԺ նիստին եւ ականատես եղել քննարկումներին` կապված օրինագծերի քվեարկությունների հետ, ինչի վերաբերյալ հանդիպման ժամանակ պարզաբանումներ տվեց ԱԺ նախագահը:
Ողջունելով աշակերտների այցը խորհրդարան` Սամվել Նիկոյանը նշեց, որ աշակերտների եւ ուսանողների հետ նման հանդիպումները օգտակար են, քանի որ վերջիններիս հուզող հարցերը վերաբերում են երիտասարդներին ու նրանց ապագային, բացի այդ` նրանք օրենսդիրների աշխատանքին հետեւելու, ինքնարտահայտվելու, գիտելիքները զարգացնելու հնարավորություն են ստանում:
Ջերմ եւ անկեղծ զրույցի ընթացքում պատանիները ԱԺ նախագահին ուղղեցին իրենց եւ իրենց ընկերներին հետաքրքրող մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին կրթությանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը, սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց խնդիրներին: Աշակերտներից Արմեն Միրաքյանը հետաքրքրվեց, թե ինչու խորհրդարանում պայմաններ չկան սահմանափակ կարողություններ ունեցող անձանց տեղաշարժման համար, ինչին ի պատասխան` ԱԺ նախագահը պարզաբանեց, որ ոչ միայն ԱԺ-ում, այլեւ պետական բոլոր մարմիններում, այլ հաստատություններում պետք է լինեին այնպիսի պայմաններ, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանար հեշտությամբ տեղաշարժվել: Նա նկատեց, որ թեեւ օրենքում ամրագրված է այդ պայմանների ապահովման պարտադիր լինելը, սակայն դրա իրականացման համար բավական մեծ ֆինանսական միջոցներ եւ ժամանակ է պետք: Այս խնդիրն առկա է նաեւ խորհրդային ժամանակներում կառուցված դպրոցների համար. այսօր, սակայն, կառուցվող կրթական հաստատություններում կան անհրաժեշտ այդ պայմանները:
Պատանիներից Արթուր Ասլիկյանին հետաքրքրում էր, թե հնարավոր է, որ առաջիկայում փոփոխություններ լինեն կրթության ոլորտում, ինչպես եղավ վերջին տարիներին, երբ տարանջատվեցին հիմնական եւ ավագ դպրոցները: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ներկայում իրականացվում են կրթական մոդելը կատարելագործելու եւ միջազգային կրթական համակարգին համահունչ դարձնելու քայլեր:
Հարցերի մի մեծ խումբ էլ վերաբերում էր դպրոցներում լաբորատորիաների, մարզադահլիճների բացակայությանը, կրթական հաստատությունների վերանորոգման խնդրին, երեխաների իրավունքների իրազեկմանը:
Հանդիպմանը ներկա էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը:
Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
Մարտի 1-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 4 տարի առաջ` մարտի մեկին, Երեւանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակը: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներ...
ՀՀ ԱԺ ներկայացուցիչները որպես դիտորդ կմասնակցեն ՌԴ նախագահի ընտրություններին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 2-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ, որպես ՀՀ Ազգային ժողովի` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի կազմում ընդգրկված ներկայացուցիչ, կմասնակցի մարտի 4-ին կայանալիք ՌԴ նախագահի ընտրություններին: Մարտի 3-ին ծրագրված է ԱԺ փոխխոսնակի հանդիպումը...