National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.2.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29
 
22.02.2012
Երեւանում մեկնարկեց Եվրանեսթ ԽՎ-ի հանձնաժողովի նիստը
1 / 5

Ազգային ժողովի նիստերի դահլիճում փետրվարի 22-ին, առաջին անգամ Եվրամիության տարածքից դուրս, մեկնարկեց Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի,  կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Նիստը վարող` հանձնաժողովի համանախագահ, ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը ողջունեց ներկաներին եւ շնորհակալություն հայտեց արտագնա նիստը կազմակերպելու համար ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբին, Եվրանեսթի քարտուղարությանը, խորհրդարանի աշխատակազմին:  Նիստին հրավիրված էին նաեւ քաղաքացիական հասարակության ֆորումի հայկական պլատֆորմի ներկայացուցիչները: Բանախոսն ընդգծեց Եվրանեսթի կարեւոր  դերակատարությունը  թե Եվրամիությանն ինտեգրվելու, եւ թե միմյանց հետ երկխոսելու առումով` նշելով, որ հասարակության մեջ մեծանում է հետաքրքրությունը Արեւելյան գործընկերության եւ մասնավորապես դրա խորհրդարանական ձեւաչափի նկատմամբ: Հայաստանը կարճ ժամկետում հաջողությամբ  ինտեգրվել է վեհաժողովի բոլոր չորս հանձնաժողովներին եւ ակտիվորեն աշխատում  է նաեւ սոցիալական հարցերի,  կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի շրջանակներում, որի գործունեության ոլորտում են կարեւոր ուղղություններ: Արտակ Զաքարյանի համոզմամբ` ներգրավվածությունն ու համագործակցությունը պետք է լինեն Եվրանեսթի ոգին` տեղ չթողնելով հակասություններին: Նա  կոչ արեց Արեւելյան գործընկեր երկրներին միասին աշխատել Եվրանեսթի շրջանակներում` փոխըմբռնման ու փոխշահավետության պայմաններում:

Նիստի մասնակիցներին ողջունեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:

«Հարգարժան խորհրդարանականներ, նախարարներ,

Հարգելի հյուրեր,

Նախ` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ` Եվրանեսթի արտագնա նիստին մասնակցելու համար, որն իր հիմնադրումից` 2011 թ. մայիսից ի վեր առաջին անգամ է անցկացվում Եվրոպական միության կառույցներից դուրս` Հայաստանի Հանրապետությունում: Ուրախ եմ, որ այս նիստին իր մասնակցությունն է բերում նաեւ Ադրբեջանի պատվիրակությունը:

Ավելի քան 5 տարի առաջ Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովն առաջարկեց Եվրանեսթի գաղափարը Պրահայում` Արեւելյան գործընկերության հռչակումից 3 տարի առաջ, եւ ես ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ ձեր կատարած աշխատանքի եւ հետեւողական լինելու համար, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ իրականություն դարձնել այս եզակի նախաձեռնությունը: Ինձ հայտնի է, թե ինչ դժվարությամբ է կայացել այս  նախագիծը, եւ ես հպարտ եմ Հայաստանի պատվիրակության ցուցաբերած իրական աջակցության համար` դեռեւս 2010թ. հունիսին անցկացված առաջին նախապատրաստական հանդիպման ժամանակ: Ուրախ եմ նշել, որ դժվարությունները ետեւում են եւ, առաջնորդվելով միության, համերաշխության, արդարության, ազատության գաղափարներով, համախմբվել ենք միասնության ամրապնդմանն ուղղված ընդհանուր նպատակի շուրջ` դիմագրավելու առկա մարտահրավերները եւ նոր բաժանարար գծեր ստեղծելու գայթակղությունը: Վստահ եմ, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը լավագույն հարթակն է Արեւելյան գործընկերության խորհրդարանական գնահատման, ինչպես նաեւ միջազգային իրավունքի սկզբունքների եւ Պրահայի հռչակագրի հիմքում ընկած հիմնարար արժեքների, այդ թվում` ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների հանձնառության համար:

Հայտնի փաստ է, որ անհնար է բարեփոխումներ իրականացնել առանց համոզմունքի, վստահության եւ քաղաքական կամքի առկայության: Այս միջխորհրդարանական վեհաժողովն Արեւելյան գործընկերության քաղաքականության իրականացման խորհրդարանական կառույցն է, որը նպաստում է քաղաքական ասոցացման գործընթացի արագացման, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ մյուս արեւելյան գործընկերների հետագա տնտեսական ինտեգրման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: Համոզված եմ, որ վեհաժողովը, որպես խորհրդարանական խորհրդատվության, վերահսկողության եւ գործընկերության մոնիտորինգի պատասխանատու հաստատություն, մեծապես կնպաստի գործընկերության հզորացմանը, զարգացմանը եւ թափանցիկության ապահովմանը: Եվրանեսթը էական կշիռ է հաղորդում մեր միջազգային կապերին եւ խորհրդարանական դիվանագիտությանը` լրացուցիչ խթան հանդիսանալով խորհրդարանականների եւ մեր հասարակությունների   միջեւ շփումների ակտիվացման համար:  Միաժամանակ, մեր ներգրավվումը Եվրանեսթում տեսնում եմ երկու փոխլրացնող սկզբունքների հիման վրա` մի կողմից, դա հոգեւոր միասնության սկզբունքն է, որն իր մեջ ներառում է բազմակողմանի մոտեցումը եւ համընդհանուր շահի ընկալումը, մյուս կողմից` դա տարբերակման սկզբունքն է: ԵՄ-ի հետ համագործակցության խորացումը եւ ինտեգրման գործընթացը պետք է պայմանավորված լինեն յուրաքանչյուր առանձին անդամ պետության արձանագրած առաջընթացով:

Արդյոք Եվրանեսթը կդառնա համագործակցության շրջանակ թե ոչ, կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպես ենք օգտագործում այս առանձնաշնորհները: Ես կառաջարկեի պահպանել այս ոգին եւ կենտրոնանալ ԵՄ-ի եւ մեզ համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացումը, Եվրոպական Միության հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի տարածքի ստեղծումը, ասոցացման համաձայնագիրը: Կարծում եմ` դրանք պետք է լինեն մեր ընդհանուր քաղաքական օրակարգում, եւ ոչ թե այն հարցերը, որոնք միտված են նոր բաժանարար գծերի ստեղծմանը:

Խնդրահարույց հարցերով` փոխադարձ համաձայնությամբ եւ միջազգային միջնորդությամբ, զբաղվում են հատուկ կառույցները: Նույնիսկ բարի ցանկությամբ թելադրված  ցանկացած միջամտություն նման զգայուն հարցերին կարող է հաղորդել հավելյալ լարվածություն եւ հանգեցնել անկանխատեսելի ծանր հետեւանքների տարածաշրջանում: Ուստի եկեք պատասխանատվություն ցուցաբերենք եւ առավելագույն օգուտ քաղենք Եվրանեսթի խորհրդարանական վեհահաժողովի ձեւաչափից: Հայաստանի Հանրապետության պարագայում` Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների արդյունքում   ամփոփվել է 22 գլուխ: Մյուս անդամ պետությունները գուցե ավելին են արձանագրել: Ուրեմն եկեք օգտագործենք այս եզակի հնարավորությունը գործընթացն առաջ մղելու եւ զերծ մնալու Եվրանեսթն անիմաստ վիճաբանության ամբիոնի վերածելու գայթակղությունից:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վերջերս հաջողությամբ իրականացրեց բարեփոխումներ` ընդունելով եվրոպական չափանիշներին համապատասխան նոր Ընտրական օրենսգիրք, որն արժանացել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դրական եզրակացությանը: Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք կօգտագործենք այս կարեւոր գործիքը ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար:

Եվրոպան այսօր մարդու հիմնարար իրավունքների եւ ազատության պաշտպանության, հանդուրժողական հասարակության ձեւավորման  եւ ներդաշնակ համակեցության լավագույն օրինակն է: Այս մղումով է բացատրվում Եվրոպական Միության շահագրգռվածությունը Եվրանեսթի շրջանակներում համագործակցելու Հարավային Կովկասի երեք պետությունների հետ:

Եզրափակելով խոսքս` թույլ տվեք հայտնել, որ Հայաստանի համար Եվրանեսթն ինքնանպատակ չէ, այլ անհրաժեշտ քայլ` Եվրոպական Միությանը հետագա ինտեգրման ճանապարհին:

Եկեք բաց չթողնենք այս հնարավորությունը:

Կրկին անգամ ողջունում եմ ձեզ Հայաստանում եւ հաջողություն մաղթում հանձնաժողովի աշխատանքներին: Վստահ եմ, որ այն իր կարեւոր դերն ունի Արեւելյան գործընկերության նպատակների իրականացման եւ Եվրանեսթի գաղափարի կենսագործման հարցում:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, ով Հայաստանի կողմից հանդես է գալիս ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցողի դերում, նույնպես ողջունեց խորհրդարանական այս նախաձեռնությունը եւ բնորոշեց այն որպես լավ հարթակ համաեվրոպական արժեքները տարածելու համար: Նա արեւելյան գործընկերությունը համարեց համապարփակ նախաձեռնություն, որը ներառում է համագործակցություն երեք հիմնական` կառավարությունների, խորհրդարանների, քաղաքացիական հասարակությունների մակարդակներում:  Մեր երկիրը  բոլոր երեք հարթություններում ներգրավված է ակտիվորեն, ասաց փոխնախարարը` հավելելով, որ Հայաստանը վճռական է  եվրոպական  ընտանիքին ինտեգրվելու հարցում, եւ դա համահունչ է մեր կատարած բարեփոխումներին:  ԱԳ փոխնախարարը նիստում տեղեկություններ հաղորդեց Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի տարածքի հիմնման ու վիզայի դյուրացման եւ ռեադմիսիոն համաձայնագրերի  շուրջ ընթացող բանակցությունների ու դրանց արդյունքների վերաբերյալ:

Հանձնաժողովի համանախագահ  Լայմա Լյուչիա Անդրիկիենեն նույնպես հանդես եկավ ողջույնի խոսքով: Նրա համոզմամբ` ԵՄ տարածքից դուրս նիստ անցկացնելու հաջողված գաղափարը նոր ուղի կհարթի Եվրանեսթի համար: Տկն. Անդրիկիենեն, խոսելով Արեւելյան գործընկերության ծրագրի մասին, նկատեց, որ ԵՄ-ն արեւելյան երկրներին համարում է կարեւոր գործընկերներ եւ կենսական շահ ունի իր հարեւանների քաղաքական ու տնտեսական զարգացման, անվտանգության ապահովման ու կայունության մեջ` համաձայն ընդլայնված եվրոպական հարեւանություն քաղաքականության: Համանախագահը պետության անկյունաքար համարեց քաղաքացիական հասարակության համագործակցությունը կառավարության հետ` խորհրդարանական վեհաժողովն այդ գործընթացում որպես կամուրջ դիտարկելով: Քաղհասարակության խնդիրներն իրենց հանձնաժողովի ոլորտում են, եւ պետք է նրանց պատշաճ աջակցություն ցուցաբերել, քանի որ առանց վերջիններիս հնարավոր չէ կառուցել ոչ ժողովրդավարություն, եւ ոչ էլ կայուն պետություն: Տկն. Անդրիկիենեն նշեց, որ լուրջ առաջընթաց են տեսնում արեւելյան երկրներում, սակայն անելիքներ եւ բարեփոխումների անհրաժեշտություն դեռ կան` արդարադատության համակարգում, կոռուպցիան նվազեցնելու, խոսքի եւ մտքի ազատությունն ապահովելու, տեղեկատվության իրավունքը պաշտպանելու  եւ այլ հարցերում:

Հանձնաժողովի նիստի օրակարգը հաստատելուց եւ նախորդ` սեպտեմբերին Ստրասբուրգում տեղի ունեցած նիստի արձանագրությունն ընդունելուց հետո, «Եվրանեսթի» պատգամավորներն անցան օրակարգային զեկույցի քննարկմանը: Արտակ Զաքարյանի եւ Իլիանա Մալինովա Յոտովայի հեղինակած զեկույցի նախագիծը`  «Արեւելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության հզորացումը, այդ թվում` կառավարության եւ քաղաքացիական հասարակության միջեւ համագործակցությունը եւ քաղաքացիական հասարակության հնարավորությունների ընդլայնմանը միտված բարեփոխումները»  վերնագրով, առաջարկում է ընդունել բանաձեւ: Այն աջակցություն է հայտնում քաղաքացիական հասարակությունների ու ազգային պլատֆորմների գործունեությանը, միաժամանակ անընդունելի համարում այդ կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտող` ավելորդ իրավական կամ վարչական պարտավորությունները: Նաեւ կոչ է արվում քաղաքական երկխոսության մեջ որպես մասնակցային ժողովրդավարական տարր ներգրավել քաղաքացիական հասարակություններին, խրախուսել նրանց մասնակցությունն ընտրական գործընթացում` դիտորդի կարգավիճակով: Զեկույցը ներկայացնելով` Արտակ Զաքարյանը եւ Քրիստիան Սիլվիու Բուշոյը նշեցին, որ պատմական, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակը Արեւելյան գործընկերության վեց երկրներից յուրաքանչյուրում տարբեր է, սակայն քաղաքացիական հասարակություններն ընդհանուր շատ բան ունեն: Նաեւ ընդգծեցին քաղաքացիական հասարակությունների կարեւոր դերը տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն ապահովելու, բնապահպանական, էներգետիկ անվտանգության եւ այլ ոլորտներում համագործակցելու, նաեւ`  ազգային պլատֆորմների եւ  իշխանությունների միջեւ երկխոսություն ծավալելու հարցում:

Ադրբեջանական պատվիրակության անդամ Ազայ Գուլիեւը զեկույցի նախագծի վերաբերյալ իր հարցադրումներում եւ առաջարկություններում անդրադարձավ տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության խնդրին: Մասնավորապես նա  առաջարկեց մտածել տարածաշրջանային խոչընդոտների մասին` ասելով, որ դրանք հակասում են տարածաշրջանային համագործակցության սկզբունքին, ինչպես նաեւ խաղաղությանն ու ԵՄ չափանիշներին: Նրա խոսքերով` Եվրանեսթը կարող է դառնալ խնդիրների լուծման լավ հարթակ, քաղաքացիական հասարակություններն էլ իրենց հերթին կարող են նպաստել դիրքորոշումների մոտեցմանը:

Եվրախորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ եւ ռեֆորմիստներ խմբից Միլան Ցաբրնոխն առաջարկեց փոփոխություն կատարել զեկույցի 9-րդ կետում` «եվրոպական սոցիալական մոդել» արտահայտությունը փոխելով ավելի ընկալելի ու պարզ ձեւակերպումով, հստակություն մտցնել արհմիությունների եւ գործատուների իրավունքների ձեւակերպման մեջ:

Եվրախորհրդարանի կանաչների խմբից Տատյանա Ժդանոկան առաջարկեց քաղաքացիական հասարակության միավորումները սահմանազատել` մասնավորապես կոնկրետացնելով ՀԿ-ների, կրոնական միավորումների եւ ազգային փոքրամասնությունների գործառույթները:

ԱԺ պատգամավոր, Եվրանեսթի ԽՎ-ի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի առաջին առաջարկը տեխնիկական բնույթ ուներ, որը վերաբերում էր 16-րդ կետում տերմինի ոչ համարժեք թարգմանությանը, իսկ երկրորդ առաջարկը վերաբերում էր համագործակցության խնդրին: Ողջունելով ադրբեջանցի պատգամավորի` առանձին ոլորտային ծրագրերի իրականացման վերաբերյալ առաջարկը` նա կարեւորեց համազեկուցողների ներկայացրած փոխըմբռնման ոգին պահպանելու խնդիրը:

 «ԲՀԿ» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ընդունելի համարեց, որ ադրբեջանցի պատգամավորը կարեւորում է փոխվստահությունն ու տարածաշրջանային համագործակցությունը, ինչը մինչ այդ բացակայում էր ցանկացած ձեւաչափով հանդիպումների ժամանակ:

Ի պատասխան հայ գործընկերների` պարոն Գուլիեւն ասաց, որ իրենք կողմ են տարածաշրջանային համագործակցությանը, բայց երկկողմ համագործակցության առումով դժվարություններ շատ կան` կապված ԼՂ հիմնախնդրի հետ, ուստի պետք է քայլ անել այդ հիմնախնդիրը  լուծելու համար:

Նաիրա Զոհրաբյանը եւ Արտակ Զաքարյանը ադրբեջանցի գործընկերոջը բացատրեցին, որ այդ խնդիրը Եվրանեսթի իրավասության սահմաններում չէ. դրանով զբաղվում է Մինսկի խումբը: Նրանք հույս հայտնեցին, որ այդ ֆորմատով խաղաղ բանակցությունների միջոցով կկարգավորվի ԼՂ հիմնախնդիրը:

ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը հորդորեց ադրբեջանցի գործընկերներին ձեռնպահ մնալ այն խնդիրների հրապարակումից, որոնք այս ձեւաչափով լուծելի չեն: Անդրադառնալով զեկույցին` նա առաջարկեց արեւելյան գործընկերության 6 երկրներում քաղաքացիական հասարակությունների վիճակի մասին ուսումնասիրություններ կատարել, մոնիտորինգ անցկացնել առանձին-առանձին, բայց նույն ձեւաչափով, որպեսզի հասկանալի լինեն ընդհանուր պատկերն ու հետագա անելիքները:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը արձանագրեց, որ 1992-ից մինչեւ 2002 թվականը հարավկովկասյան երեք հանրապետություններում քաղաքացիական հասարակության ակտիվ համագործակցություն է եղել: «Ոչ թե պարզապես փորձի փոխանակություն պետք է անել, ինչպես առաջարկվում է, այլ եղած փորձը հաշվի առնելով` պետք է  վերսկսել համագործակցությունը», - ասաց բանախոսը: Նա հավաստիացրեց, որ քաղաքացիական հասարակության հայ ներկայացուցիչները միշտ պատրաստ են մասնակցելու նման ծրագրերի իրականացմանը:

Ադրբեջանցի Ռովշան Ռզաեւի գնահատմամբ` երկու երկրների զարգացման համար էլ կարեւոր է առողջ քաղաքացիական հասարակություն ունենալը, ուստի պետք է փոխըմբռնման  եզրեր գտնել բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցություն ծավալելու համար:

Մոլդովայի խորհրդարանի ներկայացուցիչ Բորիս Վիերուն ողջունեց կառուցողական երկխոսությունը եւ առաջարկեց հստակեցնել, թե ինչ քաղաքացիական հասարակություն ենք ուզում ունենալ: Այս առումով նա կարեւորեց անդամ երկրներում քաղաքացիական հասարակությունների վիճակի ուսումնասիրությունը, որ հետագա քայլերը լինեն նպատակային ու արդյունավետ:

Հանձնաժողովի նիստը քննարկեց եւ որոշեց առաջարկությունների հաշվառումով նոր զեկույցի ներկայացման վերջնաժամկետ ընդունել մարտի 9-ը: Նիստում նախագահող Արտակ Զաքարյանը խնդրեց մասնակիցներին մինչ այդ ժամկետը ներկայացնել առաջարկներ: 
  
Նիստի օրակարգի 4-րդ կետը վերաբերում էր Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչների հետ  ՀՀ քաղաքացիական հասարակության  վիճակին առնչվող քննարկումներին:

Զեկուցումով հանդես եկավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան  Կարեն Անդրեասյանը: Նա ներկայացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործառույթներն ու խնդիրները, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը, կատարած համատեղ քննարկումները, ակցիաները, միջոցառումները: Նրա գնահատմամբ` քաղաքացիական հասարակության մեջ ամեն ինչ հարթ ու միանշանակ չէ, բայց մի բան պարզ է. հասարակությունը ավելի ու ավելի է զգում իր կարեւորությունը ու դառնում նպատակասլաց, իսկ հասարակական նախաձեռնություններն ու շարժումները որոշ հարցեր լուծելիս երբեմն ավելի արդյունավետ քայլեր են իրականացնում, քան պետական մարմինները: Նրանց խոսքը ավելի ու ավելի լսելի է դառնում:

Պարոն Անդրեասյանը ներկայացրեց ՀՀ-ում մարդու իրավունքների խախտման  դեպքերն ու դրանք բացառելու նպատակով կատարվող միջոցառումները:

«Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ոչ միայն կայացած է, այլեւ իրական ուժ է: Մնում է, որ նրանք ոչ միայն լսելի, այլեւ ընդունելի լինեն»-ասաց պարոն Անդրեասյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանեց նաեւ պատգամավորների հարցերին:

Հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ խոսեցին դատաիրավական համակարգում, հեռուստատեսության, ոստիկանության, ավտոճանապարհային  երթեւեկության, բնապահպանության եւ մի շարք այլ ոլորտներում մարդու իրավունքների խախտման դեպքերի ու դրանք բացառելու ուղիների մասին: 
  
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կշարունակվի փետրվարի 23-ին: 

Նիստի տեսագրությունը` այստեղ:
 


22.02.2012
Եվրանեսթի ԽՎ հանձնաժողովի անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդ
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները փետրվարի 22-ին այցելեցին Ծիծեռնակաբերդ,  ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հար...

22.02.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 22-ին ընդունեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը` Եվրախորհրդարանի պատգամավոր, պատվիրակության ղեկավար Անդրեյ Կովաչեւի գլխավորությամբ: Ողջունելով պատվիրակության այցն Ազգային ժողով,  պարոն Նիկոյանը ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am