Տպել
22.02.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 22-ին ընդունեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը` Եվրախորհրդարանի պատգամավոր, պատվիրակության ղեկավար Անդրեյ Կովաչեւի գլխավորությամբ:

Ողջունելով պատվիրակության այցն Ազգային ժողով,  պարոն Նիկոյանը  նշեց, որ եվրոպական ինտեգրման խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, եւ գնահատելի է դրան ուղղված ցանկացած քայլ: ԱԺ նախագահը կարեւորեց ամենաբարձր մակարդակով միջխորհրդարանական փոխադարձ շփումներն ու այցելությունները, ինչպես նաեւ քաղաքական ուժերի ինտեգրումը եվրոպական քաղաքական ընտանիք: Գործակցության լավ օրինակներից է նաեւ   փետրվարի 22-23-ը Երեւանում տեղի ունենալիք Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որն առաջին անգամ է անցկացվում արտագնա: Պարոն Նիկոյանն ընդգծեց Եվրանեսթում Հայաստանի պատվիրակության ակտիվ եւ կառուցողական գործունեությունը, այն գնահատելով որպես եվրաինտեգրման կարեւոր գործիքներից մեկը: Նա միաժամանակ նշեց, որ  ցանկալի չէ, որ այդ կառույցը օգտագործվի որպես տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող հարցերի քննարկման հարթակ:  ԱԺ նախագահի խոսքով` առկա են բազմաթիվ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ,  եւ հայկական կողմը պատրաստակամ է բաց քննարկումների ու համագործակցության հետագա խորացման:

Անդրեյ Կովաչեւը, երախտագիտություն հայտնելով ընդունելության եւ աշխույժ համագործակցության համար, գոհունակությամբ նշեց, որ այժմ ընթանում են Հայաստան-Եվրամիություն Ասոցացման  համաձայնագրի շուրջ բանակցությունները, որտեղ արձանագրվել է մեծ առաջընթաց. արդեն քննարկվել եւ ժամանակավոր փակվել են ապագա համաձայնագրի ոլորտային համագործակցությանն առնչվող 22 գլուխներ: Ըստ նրա, շուտով կսկսվեն նաեւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի տարածքի հիմնման ու վիզայի դյուրացման եւ ռեադմիսիոն համաձայնագրերի  վերաբերյալ բանակցությունները: Դրանք գործիքներ են, որոնք կսերտացնեն համագործակցությունը Եվրոպական Միության հետ: Նրա խոսքով, ԵՄ-ն եւ Եվրոպական խորհրդարանը պատրաստակամ են նաեւ օգնելու Հայաստանի իրենց գործընկերներին տարածաշրջանային խնդիրներում` կարեւորելով փոխադարձ վստահություն ձեւավորող միջոցառումների իրականացումը: Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին` Անդրեյ Կովաչեւը նշեց, որ իրենք ակնկալում են ժողովրդավարական, ազատ եւ անկախ ընտրությունների անցկացում: Նա տեղեկացրեց, որ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչները ներկա կլինեն առաջիկա ընտրություններին:

ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, տարածաշրջանային համագործակցության խնդիրներին: Պարոն Նիկոյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած մակարդակի համագործակցության,  միաժամանակ անընդունելի համարելով  երկակի ստանդարտների կիրառումը: ԱԺ նախագահն ընդգծեց առաջիկա ընտրությունները օրենքին ու միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու Հայաստանի իշխանությունների վճռականությունը, ներկայացրեց այդ ուղղությամբ իրականացվող քայլերը:

ԱԺ նախագահը պատասխանեց նաեւ բարձրացված հարցերին: Հանդիպման ժամանակ իրենց տեսակետներն ու մոտեցումները ներկայացրեցին  Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:
 
 
 


22.02.2012
Երեւանում մեկնարկեց Եվրանեսթ ԽՎ-ի հանձնաժողովի նիստը
Ազգային ժողովի նիստերի դահլիճում փետրվարի 22-ին, առաջին անգամ Եվրամիության տարածքից դուրս, մեկնարկեց Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի,  կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Նիստը վարող` հանձնաժողովի...

22.02.2012
Եվրանեսթի ԽՎ հանձնաժողովի անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդ
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները փետրվարի 22-ին այցելեցին Ծիծեռնակաբերդ,  ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հար...