Տպել
17.01.2012
Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտին
1 / 1

Հունվարի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն  ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով  համազեկուցող Ջոն Պրեսկոտին:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց  ԵԽ դերը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում եւ համագործակցությունը եվրոպական այդ կառույցի հետ:

Ջոն Պրեսկոտը նշեց, որ Հայաստանում արձանագրվել են զգալի դրական փոփոխություններ եւ առաջընթաց` ներքաղաքական կայունությունն ապահելու ուղղությամբ: Այդ գործընթացում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողը կարեւոր համարեց նաեւ Ազգային ժողովի դերակատարությունը:

Անդրադարձ կատարվեց 2008 թ. մարտյան դեպքերին եւ այդ կապակցությամբ հարուցված քրեական գործին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր: Ջոն Պրեսկոտի խոսքերով`իր իրավասությունների մեջ չի մտնում այն հարցը, թե ինչպիսի ընտրակարգով կանցկացվեն ընտրությունները: Նրա գնահատմամբ` ընտրական օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները տպավորիչ են, իսկ դատաիրավական համակարգի բարեփոխումները`խոստումնալից:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նշեց, որ յուրաքանչյուր դրական փոփոխության արդյունքն ընտրություններն են, եւ որպես Ազգային ժողովի նախագահ, իր լիազորությունների շրջանակներում ամեն ինչ անելու է ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների համար:

Երկուստեք կարեւորվեց ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան  անցկացնելու անհրաժեշտությունը: