Տպել
30.11.2011
ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց
1 / 7

Ազգային ժողովը նոյեմբերի 30-ին շարունակեց արտահերթ նիստի աշխատանքը` քննարկելով օրակարգում ընդգրկված օրենսդրական մի քանի նախաձեռնություններ:

Եզրափակելով նախորդ օրն ընդհատված` «Կուսակցությունների մասին» օրենքում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ու «ՀՀ քաղաքացիական» օրենսգրքերում լրացումների եւ փոփոխությունների փաթեթի քննարկումը` պատգամավորներն անցան արդարադատության նախարարի ներկայացրած մեկ այլ` «2008 թ. հունվարի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» նախագծի քննարկմանը: Հրայր Թովմասյանը  տեղեկացրեց, որ շուրջ տաս տարի է` հանրապետությունում գրանցված 40 հազար իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերեր չեն իրականացնում որեւէ գործունեություն, հետեւաբար  չեն ներկայացնում նաեւ որեւէ հաշվետվություն: Նախագիծը նպատակ ունի պարզեցնել հաշվառումից հանելու ընթացակարգը,  պետական ռեգիստրին հնարավորություն տալ  հրապարակային ծանուցումների  պաշտոնական եւ պետռեգիստրի ինտերնետային էջերում տեղադրել ծանուցում համապատասխան ընկերությունների մասին: Ծանուցման փոստային առաքումը, նախարարի խոսքերով, ժամանակատար ու ծախսատար է, հաճախ` անիրականանալի, քանի որ նշված հասցեներում հնարավոր չէ գտնել կազմակեպության ներկայացուցչին կամ անհատ ձեռնարկատերին: ԱԺ տնտասական հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը, համաձայն է առաջարկվող լուծումներին:

Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը պատգամավորների գնահատմանը ներկայացրեց «ՀՀ մաքսային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության նախաձեռնությունը: Նախագիծը որոշակի շտկումներ ու պարզեցումներ է առաջարկում ժամանակավոր ներմուծում/արտահանում մաքսային ռեժիմների կիրառման ժամանակ: Փոխնախարարի խոսքերով` սա կնպաստի բիզնես միջավայրի բարելավմանը: Գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաեւ այս նախագծին:

«Հայաստանի փրկարար ծառայության մասին» եւ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքներում, ինչպես նաեւ «ՀՀ քրեական դատավարության օրնեսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող փաթեթը հստակեցնում է արտակարգ իրավիճակների նախարարության եւ փրկարար ծառայության գործառույթները` վերացնելով կրկնության հնարավորությունը եւ արդյունավետ դարձնելով կադրային եւ նյութատեխնիկական ռեսուրսների օգտագործումը: Արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանն օրենսդրական փոփոխությունը հիմնավորեց օրենքի կիրարկման եւ փրկարար ծառայության ստեղծման հինգ տարիների ընթացքում բացահայտված թերությունների ու բացթողումների վերացման անհրաժեշտությամբ: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը ներկայացրեց գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ` արդյունավետ գնահատելով: գործառույթները համակարգելու եւ միասնական մոտեցում ցուցաբերելու նախաձեռնությունը:

Խորհրդարանականների վավերացմանը ներկայացվեց նաեւ միջազգային համաձայնագիր: Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի հետ ստորագրված` «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման» վարկային համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 18 մլն դոլարի վարկ` ոռոգման համակարգը վերականգնելու նպատակով: Մասնավորապես, ծրագրի շրջանակներում կվերականգնվի հանրապետության ոռոգման համակարգի  շուրջ 110 կմ-ոց հատվածը, որից 50 կմ մայր ջրանցքներ են եւ 63 կմ-ը`  ներտնտեսային ցանցեր 19 համայնքներում: Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրիասյանը   տեղեկացրեց, որ նշված աշխատանքներն ընդգրկված են եղել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում, նախագծվել, սակայն չեն իրականացվել:  Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ վարկն արտոնյալ է, իսկ աշխատանքները պետք է ավարտվեն երկու տարվա ընթացքում: ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ներկայացնելով դրական եզրակություն, նկատեց` ներդրված միջոցները կնպաստեն ոռոգման համակարգի արդիականացմանը եւ ջրի կորուստների նվազեցմանը:

Նիստում կազմակերպված քվեարկության արդյունքում ընդունվեցին կառավարության ներկայացրած  բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, ինչպես նաեւ վավերացվեց միջազգային մեկ համաձայնագիր:

Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքը:


30.11.2011
Ծանուցում
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից ԱԺ կայքում   եւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 2011 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 203 (5291) համարում հրապարակված  ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ ...

30.11.2011
Հանդիպում ՕԵԿ խմբակցությունում
Նոյեմբերի 30-ին ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, խմբակցության անդամներ Խաչիկ Հարությունյանը, Գագիկ Բաղդասարյանը եւ Իշխան Խաչատրյանը հանդիպեցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆսթրայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման...