Տպել
22.11.2011
ԵԺԿ-ի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ խորհրդարանում
1 / 6

Նոյեմբերի 22-ին Ազգային ժողովում տեղի ունեցան հանդիպումներ խորհրդարանական  չորս խմբակցությունների եւ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (EPP)-ի պատվիրակության միջեւ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը կուսակցության ու նրա առաջնորդի անունից ողջունեց ԵԺԿ-ի պատվիրակությանը` պատրաստակամություն հայտնելով ստեղծելու բոլոր հնարավորությունները կուսակցության գործունեությունն ու կառուցվածքն ամբողջությամբ պատկերացնելու համար: Բանախոսը, կարեւորելով այս հանդիպումը, նշեց` ԵԺԿ-ի հետ համագործակցության խորացումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  քաղաքական առաջնահերթություններից է: Խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հյուրերին ներկայացրեց կուսակցության կառուցվածքը, ստորաբաժանումները, նաեւ` թե ինչպես է աշխատում կուսակցությունը` ներքեւից վերեւ սկզբունքով:  Տկն. Զոհրաբյանը ներկայացրեց նաեւ կուսակցության առաջիկա ծրագրերն ու նպատակները: Նա խոսեց  «Բարգավաճ Հայաստան»-ի համար եվրաինտեգրման գործընթացի կարեւորության մասին` նշելով, որ կուսակցության  ծրագրում եվրաինտեգրումը առաջնահերթություններից մեկն է:  Քննարկվեցին նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր:

ԵԺԿ-ի պատվիրակության ղեկավար եւ կուսակցության փոխնախագահ Քորիեն Վորթման- Քուլը  նույնպես կարեւորեց այս առաքելությունը` պայմանավորված Հայաստանի քաղաքական ուժերի հետ համագործակցությունն ամրապնդելու ցանկությամբ: Նա ողջունելի համարեց հատկապես կենտրոնամետ աջակողմյան ուժերի  խմբի հետ փոխգործակցությունը` համարելով այն առավել արդյունավետ տարբերակ: Նաիրա Զոհրաբյանն ընդծեց, որ «Բարգավաճ Հայաստանը» եւ ԵԺԿ-ն դավանում են նույն արժեքներին` արդարությանն  ու հանդուրժողականությանը, ինչն արտացոլված է թե երկու կուսակցությունների կանոնադրություններում  եւ թե ծրագրերում: Պատգամավորի խոսքերով` իր ներկայացրած կուսակցությունը  հավատում է բազմազանությամբ ուժեղ եւ միասնական Եվրոպա ունենալու հեռանկարին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս, հայ խորհրդարանականները պատաասխանեցին եվրոպացի գործընկերներին հետաքրքրող հարցերին: 
  

Եվրոպայի ժողովրդական կուսակցության պատվիրակության հետ հանդիպեցին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամները:

Խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը բարձր գնահատեց Եվրոպայի  ժողովրդական կուսակցության  հետ «Ժառանգություն» կուսակցության  համագործակցությունը:

Զրույցը  հիմնականում ծավալվեց 2012 թվականի  խորհրդարանական ընտրությունների եւ դրան ընդառաջ`  շուրջ մեկ տարի առաջ բարեփոխված եւ ընդունված ՀՀ  Ընտրական օրենսգրքի, օրենսդրական փոփոխությունների, ընտրող եւ պատգամավոր շփումների, բարձրագույն եւ հանրակրթական  կրթության  ոլորտում կատարված եւ նախատեսվող փոփոխությունների, կրթության որակի  շուրջ:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն անդրադառնալով ՀՀ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ խմբակցության տեսակետներին` հատկապես կարեւորեց  ընտրական ցուցակների հրապարակայնացման,  ընտրական գործընթացի տեսանկարահանման,  խորհրդարանում կանանց թվաքանակի  ավելացման վերաբերյալ իրենց ներկայացրած  առաջարկները:

 Նա մասնավորապես նկատեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը մասնակցել է Ընտրական օրենսգրքի մշակման նպատակով   2008 թվականին ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին, սակայն իրենց խմբակցության ներկայացրած սկզբունքային առաջարկները չեն ընդունվել:

Խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն անդրադառնալով կրթական     գործընթացներին` նշեց, որ բարձրագույն կրթությանը վերաբերող ՀՀ  օրենսդրությունը համապատասխանեցվում  է մեր երկրում 4 տարի առաջ սկսված  բոլոնյան գործընթացին:  Մասնավորապես նշվեց, որ  ՀՀ ԿԳ նախարարի հետ համատեղ մշակման փուլում է մի օրենսդրական նախաձեռնություն,  որի ընդունման պարագայում հանրակրթությունը մեր հանրապետությունում  կդառնա համընդհանուր ներառական: 
  

Նույն օրը Եվրոպայի ժողովրդական կուսակցության պատվիրակության հետ հանդիպեցին նաեւ «Օրինաց երկիր» խմբակցության անդամները:

Ողջունելով հյուրերին`  խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ իրենց կուսակցությունը եվրոպական արժեքների կրող է եւ բարեփոխումների միտված քաղաքական ուժ:  Նշվեց, որ իրենց կուսակցությունը մշտապես համագործակցել է ԵԺԿ-ի հետ եւ աժմ էլ ցանկանում է անդամակցել ԵԺԿ-ին, քանի որ կա արժեքների եւ գաղափարների նմանություն: Կուսակցությունն այս տարիների ընթացքում աշխատել է նպաստել եվրոպական կառույցների հետ հարաբերությունների սերտացմանը եւ խորացմանը:   Նշվեց, որ ԵԺԿ-ի փորձի վրա ՕԵԿ-ը կուսակցության ներսում ստեղծել է Վերապատրաստման տնտեսական կուսակցական կրթական ակադեմիա: Խմբակցության ղեկավարը, անդրադառնալով կուսակցության օրենսդրական աշխատանքին, նշեց, որ խմբակցությունը ակտիվ աշխատում է եւ  հեղինակել է շուրջ  200  օրենքներ, որոնք միտված են բարեփոխումներ մտցնելու տարբեր ոլորտներում. կրթություն, առողջապահություն, տնտեսություն,  միջին եւ փոքր բիզնեսի զարգացում եւ այլն:

ԵԺԿ փոխնախագահ  Քորիեն Վորթման-Քուլը նշեց, որ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի քաղաքական ուժերի հետ համագործակցությանը: Նա  ԵԺԿ պատմության մեջ բացառիկ դեպք համարեց, երբ միաժամանակ Հայաստանի չորս կուսակցություն դիմել է անդամագրվելու իրենց կուսակցությանը:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստանում 2012 թ.  խորհրդարանական ընտրություններին, միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացմանը եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: 
  
 
Եվրոպայի ժողովրդական կուսակցության պատվիրակության անդամների հետ հանդիպեցին նաեւ ՀՀԿ խմբակցության անդամները: Խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, կարեւորելով վերջին շրջանում Հանրապետական կուսակցության ակտիվ շփումները ԵԺԿ-ի հետ եւ բարձր գնահատելով նրա որդեգրած գաղափարախոսությունը, արձանագրեց, որ դրանք միանգամայն համահունչ են  իրենց կուսակցության սկզբունքներին ու մոտեցումներին:

ԵԺԿ պատվիրակության ղեկավարն էլ իր հերթին ուշագրավ համարեց Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներն ու կատարվող բարեփոխումները` արձանագրելով, որ Հայաստանը ընթանում է ժողովրդավարության ամրապնդման ճանապարհով եւ իրենք սատարում են այդ ընթացքին:

Հյուրերի խնդրանքով Գալուստ Սահակյանը ներկայացրեց Ազգային ժողովի աշխատանքի գերակա ուղղությունները, գալիք խորհրդարանական ընտրությունները արդար ու թափանցիկ անցկացնելու ՀՀԿ-ի դիրքորոշումը եւ ծանոթացրեց կուսակցության ֆինանսավորման մեխանիզմներին:

Մասնավորապես նա տեղեկացրեց, որ Ազգային ժողովը օրենսդրական բարեփոխումների ճանապարհն է ընտրել եւ հնարավորինս ամեն ինչ անում է, որ ՀՀ քաղաքական դաշտում կայուն զարգացում ապահովի, քանի որ դա միաժամանակ տնտեսական զարգացման գրավականն է: Տնտեսության, մշակույթի ու կրթության ոլորտների օրենսդրական բարեփոխումները խորհրդարանը փորձում է իրականություն դարձնել նոր մոտեցումների ներդրմամբ ու եվրոպական փորձի հաշվառումով:

Անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրություններին` պարոն Սահակյանը արձանագրեց, որ իրենց կուսակցությունը, ինչպես ամեն մի քաղաքական ուժ, փորձելու է  հնարավորինս շատ ձայներ ունենալ, բայց ամենակարեւորն այն է, որ ՀՀ քաղաքացիներն ու միջազգային հանրությունը էական առաջընթաց տեսնեն ընտրական գործընթացներում: Այդ նպատակին հասնելու համար կատարելագործվել է Ընտրական օրենսգիրքը, ընտրական գործընթացները վերահսկելի դարձնելու համար մեծացել են վստահված անձերի լիազորությունները: Որպես իշխող քաղաքական ուժ` իրենք ամեն ինչ անելու են, որ նախընտրական քարոզարշավի շրջանում քաղաքական ուժերի համար ստեղծվի հավասար պայմաններ, իսկ ընտրական գործընթացը լինի թափանցիկ:

Գալուստ Սահակյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենց կուսակցության բյուջեն ձեւավորվում է անդամավճարներից ու նվիրատվություններից: Այն շատ թափանցիկ է, քանի որ 3 ամիսը մեկ մամուլում ֆինանսական հաշվետվություն է  ներկայացվում: Բանախոսը կարեւորեց նախընտրական շրջանում քաղաքական ուժերի ֆինանսական ծախսերի օրինականության ու վերահսկողության ապահովումը: Գալուստ Սահակյանի հավաստմամբ` այս հարցում եւս իրենց կուսակցությունը վճռական է տրամադրված:

ԵԺԿ պատվիրակության անդամները հույս հայտնեցին, իսկ ՀՀԿ ներկայացուցիչները հավաստիացրին, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են արդար ու թափանցիկ: