Տպել
11.11.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր, «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Քրիստիան Վիգենինին
1 / 1

Նոյեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր, «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Քրիստիան Վիգենինին:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է, ինչի վկայությունն են նաեւ վերջին շրջանում հաճախակի դարձած բարձր մակարդակի փոխայցելությունները: Իսկ ԵՄ-ի հետ քաղաքական  եւ տնտեսական հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար գերակա ուղղություններից է:

Քրիստիան Վիգենինը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` փաստեց, որ ԵՄ-Հայաստան հարաբերություններում նոր դինամիկա է նկատվում: Նա արձանագրեց, որ Հայաստանում իսկապես տեղի են  ունենում բարեփոխումներ, որոնցից կշահեն եւ Հայաստանը, եւ ՀՀ -ԵՄ հարաբերությունները: «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահը բարձր գնահատեց այն փաստը, որ Հովիկ Աբրահամյանն անձամբ էր մասնակցել «Եվրանեսթ» ԽՎ հիմնադիր նիստին, ինչպես նաեւ  կարեւորեց Հայաստանի մասնակցությունը համագործակցությանը եւ խորհրդարանի, եւ կառավարության, եւ փորձագետների մակարդակով` ընդգծելով  հայ պատգամավորների ակտիվ աշխատանքը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց «Եվրանեսթ»-ի աշխատանքները, նշելով, որ Հայաստանն առաջիններից է ողջունել նրա ստեղծումը եւ ակտիվ մասնակցություն ունեցել դրանում: Հովիկ Աբրահամյանը ընդգծեց, որ  «Եվրանեսթ»-ը չպետք է դիտվի որպես հակամարտությունների քննարկման հարթակ, այլ պետք է ծառայի այն նպատակին, ինչի համար ստեղծվել է:

Քրիստիան Վիգենինը նշեց, որ «Եվրանեսթ»-ում բոլորը հավասար գործընկերներ են, հավասար պատասխանատվություն ունեն կառույցի աշխատանքների համար, եւ պետք է ուշադրությունը կենտրոնացնել այն հարցերի վրա, որոնք միավորում են «Եվրանեսթ»-ի մասնակիցներին: Նրա խոսքով`  որպես «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ, ինքն ամեն ինչ կանի, որ չքննարկվեն թեմաներ, որոնք չեն կարող իրենց լուծումը գտնել կառույցի շրջանակներում:

Հանդիպմանն  անդրադարձ եղավ նաեւ գալիք խորհրդարանական ընտրություններին: Պարոն Վիգենինը` ողջունելով դիտորդներ հրավիրելու հայկական կողմի մտադրությունը, առաջարկեց, որ դիտորդներ հրավիրվեն նաեւ Եվրախորհրդարանից: Հովիկ Աբրահամյանը  կարեւոր համարեց, որ ընտրություններն անցնեն եվրոպական չափանիշներին համապատասխան, եւ նույնպես կարեւորեց դիտորդների ներկայությունը: ԱԺ նախագահը նշեց, որ  առաջին անգամ ընտրություններից մեկ տարի առաջ, խորհրդարանի նախաձեռնությամբ ընդունվել է միջազգային փորձաքննություն անցած Ընտրական օրենսգիրք, ինչը նույնպես կնպաստի ընտրություններն ազատ եւ արդար անցկացնելուն: ԱԺ նախագահը տեղեկացրեց նաեւ, որ ինքը ղեկավարելու է ՀՀԿ նախընտրական շտաբը եւ զուտ ընտրարշավի ու ընտրական գործընթացների վրա  կենտրոնանալու նպատակով սեփական նախաձեռնությամբ հրաժարական է ներկայացնելու խորհրդարանի նախագահի պաշտոնից:

Քրիստիան Վիգենինը չափազանց բարձր գնահատեց այդ փաստը, որ  Հովիկ Աբրահամյանը ղեկավարելու է նախընտրական շտաբը եւ այդ կապակցությամբ սեփական նախաձեռնությամբ հրաժարվում է Ազգային ժողովի նախագահի պաշտոնից:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Արեւելյան գործընկերությանը, դրա շրջանակներում ընթացող Ասոցացման համաձայնագրին եւ մի շարք այլ հարցերի:


11.11.2011
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  նոյեմբերի 14-17-ի  ԱԺ չորս...

11.11.2011
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Նոյեմբերի 11-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը: Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի  օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնություններից քննարկվեցին երկուսը: ...

11.11.2011
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին.   ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժնի առաջատար մասնագետի (ծած...