Տպել
02.11.2011
Ազգային ժողովում աշխատանքը սկսեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստը
1 / 6

Նոյեմբերի 2-ին խորհրդարանում տեղի ունեցավ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական  համագործակցության հանձնաժողովի տասներկուերորդ նիստը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հարգելի անդամներ,

Հարգարժան դեսպաններ,

Հարգելի հյուրեր

Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:

Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպացի անդամների այս պատվիրակության համար սա առաջին նիստն է Երեւանում, ուստի ուրախ եմ ասել` բարի գալուստ Երեւան:

Այսօր հանձնաժողովը հերթական անգամ հավաքվել է ամփոփելու տարվա աշխատանքը:  Ինչպես յուրաքանչյուր նիստի ժամանակ, այս անգամ եւս մեր գործընկերները կանդրադառնան անցած ժամանակահատվածում  արձանագրված եւ՛ հաջողություններին եւ՛ առկա խնդիրներին:  Կնախանշվեն նաեւ հետագա անելիքները:

Եվրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանականների միջեւ քաղաքական երկխոսության նպատակով տասներկու տարի առաջ հիմված հանձնաժողովն իր հետեւողական աշխատանքի շնորհիվ կարողացավ նպաստել Հայաստանի եւ Եվրամիության համատեղ օրակարգի ձեւավորմանը:

Ինչպես բազմիցս նշել եմ,  Եվրոպական ուղղությունը եւ Եվրամիության հետ մերձեցումը մեր երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության առաջնահերթություններից է:  Ուստի մենք մեծ կարեւորություն ենք տալիս Եվրամիություն-Հայաստան համագործակցության օրակարգում այս փուլում ընդգրկված հարցերին, որոնք վերաբերում են ավելի սերտ համագործակցությանը, մասնավորապես արտաքին եւ անվտանգության քաղաքականությանը, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, տեղաշարժի, մարդու իրավունքների, էներգետիկայի բնագավառներին:

Ցանկանում եմ նաեւ հատուկ շեշտել, որ դեռեւս մեկ տարի չի անցել այն օրվանից, երբ մենք Եվրամիության հետ մեկնարկեցինք Ասոցացման համաձայնագրի կնքմանն ուղղված գործընթացը: Այս պահին մենք արդեն հաջողությամբ ավարտել ենք բանակցությունների արդյունքում մշակված տասնինը բաժին: 
  
Հարգելի գործընկերներ, 
  
Այս ընթացքում կատարած աշխատանքի մանրամասն վերլուծությունը թողնելով հանձնաժողովի անդամներին` կցանկանայի միայն հակիրճ անդրադառնալ այն բարեփոխումներին եւ առաջընթաց քայլերին,  որոնք մեր երկիրն  արձանագրել է  վերջին շրջանում` Եվրոպային մերձենալու իր ճանապարհին:

Բոլորովին վերջերս լայն քննարկումների արդյունքում ավարտին  հասցվեց եւ ընդունվեց նոր Ընտրական օրենսգիրքը, որը հնարավորություն է տալիս անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ:

Կարեւոր ձեռքբերում եմ համարում նաեւ «Հավաքների ազատության մասին» նոր օրենքը, որի նպատակը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության  29-րդ հոդվածով եւ միջազգային պայմանագրերով սահմանված հավաքների ազատության, հավաք կազմակերպելու եւ հավաքին մասնակցելու  իրավունքի ապահովումն է: Նոր օրենքը նախատեսում է անհրաժեշտ մեխանիզմներ, որոնք կարգավորում են  հավաքների ազատությունն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը: Նվազագույնի է հասցվում տարբեր պետական մարմինների միջամտությունը հավաքների սահամանփակման հարցում, /այսպիսով բացառելով հավաքներն արգելելուն ուղղված կամայականությունները/: 
  
Հարգելի գործընկերներ,

«Եվրանեսթ»-ի հիմնադիր նիստից մի քանի օր անց ուզում եմ կրկին անդրադառնալ վեհաժողովին: Այսօր մենք գոհունակությամբ ենք արձանագրում խորհրդարանական բազմակողմ վեհաժողովի ստեղծման փաստը, եւ կցանկանայի նշել, որ Հայաստանի Ազգային ժողովը  առաջիններից է արձագանքել վեհաժողովի ստեղծմանը` առանց հապաղելու տանելով դրա կայացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները: Միջխորհրդարանական այս վեհաժողովն Արեւելյան գործընկերության քաղաքականության խորհրդարանական այն լծակն է, որը պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծի առաջ մղելու քաղաքական ասոցացումը եւ տնտեսական ինտեգրումը Եվրամիության եւ Արեւելյան գործընկեր պետությունների միջեւ: Վեհաժողովը չի կարող լիարժեք գործել, եթե տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված  հարցերի փոխարեն շարունակաբար հարթակ բերվեն միայն հակամարտություններին առնչվող խնդիրներ:

Եվրամիությունը` իր տարածքում հաստատելով տեւական խաղաղություն եւ բարեկեցություն, աշխարհին ներկայանում է որպես քաղաքական եւ տնտեսական ինտեգրացիայի յուրատեսակ օրինակ: Համոզված եմ` այս փորձը կարելի կլինի տեղայնացնել նաեւ Հարավային Կովկասում, եթե մասնակից բոլո՛ր կողմերը  դրսեւորեն անհրաժեշտ քաղաքական կամք: Հայաստանի Հանրապետությունը իր հարեւանների հետ հարաբերությունների բնականոն զարգացման, տարածաշրջանային համագործակցության խորացման անթաքույց կողմնակիցն է: 
  
Հարգելի գործընկերներ,

Հայաստանի Ազգային ժողովը խիստ կարեւորում է քաղաքացիական հասարակության հետ ակտիվ երկխոսությունը: Այս համատեքստում կարեւոր իրադարձություն է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակության եւ «Արեւելյան Գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի» միջեւ  օրեր առաջ կնքված  փոխըմբռնման հուշագիրը:

Հուշագրում ամրագրված են այն հինգ հիմնական նպատակները, հանուն որոնց կողմերը պետք է միավորեն իրենց ջանքերը`

- պետական կառավարման համակարգում կոռուպցիայի կանխարգելում եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցում,

- աջակցություն հանրային կյանքի բոլոր բնագավառներում եւ ոլորտներում քաղաքացիական ազատությունների եւ իրավունքների սահմանափակումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը,

- Հայաստանի` Եվրամիության առջեւ ստանձնած պարտավորությունների վերաբերյալ ազգաբնակչության իրազեկության մակարդակի բարձրացում,

- Հասարակության մեջ եվրոպական արժեքների ընկալմանն ու յուրացմանը օժանդակող գիտակցության ձեւավորում,

- Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ կնքված եւ կնքվելիք պայմանագրերից բխող օրենսդրության բարեփոխում եւ մշակում: 
  
Հարգելի գործընկերներ,

Այս ամենով հանդերձ բոլորիս հայտնի է, որ բարեփոխումների իրականացումը հնարավոր չէ, եթե չկա դրանց նկատմամբ հավատ, համոզվածություն եւ քաղաքական կամք:

Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ Նախագահը, խորհրդարանը եւ կառավարությունը  հաստատակամ են  ժողովրդավարական բարեփոխումներն ավարտին հասցնելու գործում :

Կարծում եմ` հանձնաժողովին հետաքրքիր աշխատանք է սպասվում նաեւ այս  հանդիպման ժամանակ:  Հուսով եմ` այն կանցնի փոխըմբռմնման եւ կառուցողական մթնոլորտում:  Մաղթում եմ ձեզ հաջողություն»: 
  
Հանձնաժողովի անդամներին ողջունեցին նաեւ հանձնաժողովի համանախագահներ  Նաիրա Զոհրաբյանը եւ Միլան Ցաբրնոխը:

Պրն. Ցաբրնոխն իր խոսքում  շնուհակալություն հայտնեց բարեկամական ընդունելության համար եւ կարեւորեց խորհրդարանական  ձեւաչափով երկխոսությունը ԵՄ-ի խոշոր քաղաքական խմբերի ներկայացուցիչների ու հայ պատգամավորների միջեւ` ակնկալելով արդյունավետ համագործակցություն:  Համանախագահը նշեց, որ իրենք Հայաստանը դիտարկում են որպես Եվրոպայի  մի մաս, եւ կարեւոր են համարում   հարաբերությունների զարգացումը բոլոր բնագավառներում: Պրն. Ցաբրնոխը նշեց այն հիմնական ուղղությունները, որոնք այսօր խորհրդարանականների քննարկման ու ուշադրության առանցքում են`ասոցացման համաձայնագիրը, ազատ համապարփակ  առեւտրային  գոտին, մուտքի արտոնագրրի պարզեցումն ու ռեադմիսիան, ինչպես նաեւ  մարդկանց տեղաշարժմանը վերաբերող հարցը:

Վարելով նիստը` Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց հաստատել նիստի օրակարգը եւ ԵՄ-Հայաստան ԽՀՀ-ի` 2010 թ. դեկտեմբերի 1-2ը Բրյուսելում կայացած տասնմեկերորդ նիստի արձանագրությունունը: Փաստաթղթերի հաստատմանը հաջորդեցին քննարկումները:

ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա վիճակի, մասնավորապես ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքի մասին խոսեցին ՀՀ արտգործախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը:  Նրանք երկուստեք գոհունակություն հայտնեցին Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ երկխոսության ակտիվ ընթացքից: Պրն. Մնացականյանն ընդգծեց, որ համագործակցությունը արժեքային համակարգի վրա է, ինչը նպաստում է սկիզբ առած բարեփումների արդյուանվետությանը: Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների արդյունքում հաջողվել է ամբողջությամբ համաձայնեցնել փաստաթղթի 19 գլուխ եւ 17 հավելված, տեղեկացրեցին բանախոսները` նշելով, որ մնացած խնդիրների շուրջ քննարկումները շարունակվում են: Մասնավորապես նշվեց, որ մուտքի արտոնագրերի հեշտացման եւ ռեադմիսիայի շուրջ բանակցությունները   կանցակցվեն զուգահեռաբար, իսկ կենսաչափական անձանգրերի ներդրումը կնպաստի գործընացի արագացմանը:

Խորհրդարականները եւս ներկայացրին իրենց գնահատականները եւ պատկերացումները թե կատարված եւ թե կատարվելիք քայլերի մասին: ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց սոցիալ-տնտեսական ոլորտի բարեփոխումները, ինչպես նաեւ հակակոռուպցիոն միջոցառումները: «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը նույնպես խոսեց իշխանությունների` կոռուպցիան նվազեցնելու ուղղությամբ գործողությունների մասին եւ կարեւորեց թափանցիկությունն այդ հարցում: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը ներկայացրեց իր մտահոգությունները իշխանությունների որոշ քայլերի վերաբերյալ:

Խորհրդարանականները քննարկեցին Արեւելյան գործընկերության գործողությունների ծրագրին, արդար ընտրությունների անցկացմանը, ազատ տնտեսական գոտու ձեւավորմանը վերաբերվող հարցեր: Կարեւորվեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում համագործացությունը` հատկապես տարածաշրջանային մակարդակով: Նաիրա Զահրաբյանը նկատեց, որ այս նոր ձեւաչափը պետք է դառնա համագործակցության հարթակ, եւ ոչ թե նպաստի բաժանարար գծերի խորացմանը տարածաշրջանում:

Նոյեմբերի 3-ին խորհրդարանում կշարունակվի հանձնաժողովի նիստի աշխատանքը:


02.11.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստում
«Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հարգելի անդամներ, Հարգարժան դեսպաններ, Հարգելի հյուրեր Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպացի անդամների այս պատվիրակության համար սա...

02.11.2011
Շարունակվում են բյուջետային քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում
Գագիկ Մինասյանի եւ Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ԱԺ պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային  հարցերի  մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 2-ին շարունակվեցին «ՀՀ 2012 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները` օրենսդիր, գործադիր եւ դատա...

02.11.2011
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց ասորական համայնքների ներկայացուցիչների հետ
Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց  աշխարհի տարբեր երկրների ասորական համայնքների ներկայացուցիչների հետ: Պարոն Նիկոյանը գոհունակություն հայտնեց համաշխարհային քաղաքակրթության մեջ լուրջ ներդրում  եւ երբեմնի հզոր պետություն ունեցած ազգի ներկայացուցիչների հետ հանդ...

02.11.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներին
Նոյեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներին` պատվիրակության ղեկավար, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորությամբ, ովքեր Հայաստանում են ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձ...

02.11.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարականի դիմումը կներկայացնի նոյեմբերի 14-ին
Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀԿ նախագահ  Սերժ Սարգսյանն առաջարկել է, որ  առաջիկա ընտրություններում ՀՀԿ նախընտրական  շտաբը գլխավորի  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Պարոն Աբրահամյանն ընդունել է  ՀՀ Նախ...