Տպել
15.06.2011
Տարածաշրջանային խորհրդարանական համաժողովը շարունակեց աշխատանքը
1 / 2

Հունիսի 15-ին Մարիոթ Արմենիա հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում աշխատանքը շարունակեց Ազգային ժողովի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի եւ Միջխորհրդարանական միության կազմակերպած «Իրականություն դարձնել ամենախոցելի երեխաների իրավունքները» թեմայով Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային խորհրդարանական եռօրյա համաժողովը:

Նիստի ընթացքում քննարկվեց «Վաղ մանկության զարգացում/ ՎՄԶ/. առաջին արձագանքը սոցիալական խոցելիությունը նվազեցնելու համար» հարցը:   «Վերակառուցման եւ միջազգային անվտանգության կրթության միջոցով» ինստիտուտի տնօրեն Էմիլի Վարգաս-Բարոնը, ԱՄՆ-ի Կալիֆորնիայի պոլիտեխնիկական համալսարանի հոգեբանության եւ մանկական զարգացման բաժնի դոկտոր, պրոֆեսոր Պատրիսիա Էնգլը բացատրեցին, թե վաղ մանկության զարգացման ծրագրերի մեջ ներդրումը ինչպես է նպաստում երեխաների լիարժեք զարգացմանն եւ խոցելիության նվազեցմանը: Ներկայացվեցին տարածաշրջանում ՎՄԶ-ի լավագույն օրինակները եւ նշվեցին այն խնդիրները, որոնց հետ առնչվում են պետությունները ՎՄԶ-ի ծրագրերին  առավել աջակցելու հարցում:

Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր, Սոցիալական եւ մշակութային զարգացման հանձնաժողովի անդամ Աիսինա Մարիա Արապովնան ներկայացրեց, թե ինչպիսի նախաձեռնություններ կարող են իրականացվել տարբեր երկրների խորհրդարանների կողմից ՎՄԶ-ին առավել աջակցություն ցուցաբերելու համար: Նշվեց, թե ինչպես կարելի է կատարել բյուջետային հատկացումներ` հօգուտ ամենախոցելի երեխաների:

Երեխաների իրավունքների հարցերով անկախ խորհրդատու Նիգել Քանթվելը, գործադիր խորհրդատու-հետազոտող Գարի Գամերը եւ Մոլդովայի  խորհրդարանի սոցիալական պաշտպանության, առողջապահության եւ ընտանիքի հարցերով հանձնաժողովի անդամ Վալենտինա Ստրատան իրենց ելույթներում անդրադարձան բռնությունից երեխաների պաշտպանությանը, մասնավորապես վաղ մանկության շրջանում: Հատուկ ուշադրություն դարձվեց նաեւ երեխաների լիարժեք զարգացման հարցում ընտանեկան խնամքի անհրաժեշտությանը, կարեւորվեց պետության պատասխանատվությունը ապահովելու երեխաներին բռնությունից պաշտպանող համապատասխան օրենսդրական դաշտի առկայությունը:

Երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված խորհրդարանական գործողություններին անդրադարձան ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը, երեխաների իրավունքների հարցերով նախկին օմբուդսմեն Թրոնդ Վաագեն, խորհրդարանական հարցերով մասնագետ Դեյվիդ Պոնեն: Ելույթ ունեցողները ներկայացրեցին խորհրդարանների տրամադրության տակ առկա տարբեր մեխանիզմներն ու գործիքները` ուղղված երեխաների իրավունքների հանդեպ հարգանքի խթանմանը, պատշաճ զարգացմանը եւ բռնությունից պաշտպանությանը:

Համաժողովն աշխատանքը կշարունակի հունիսի 16-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում:


15.06.2011
Աշխատանքային քննարկում խորհրդարանում
Հունիսի 15-ին ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակությունը` Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ, նախաձեռնել էր երկրորդ աշխատանքային քննարկումը` Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակական ֆորումի ներկայացուցիչների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների մասնակ...