Տպել
15.06.2011
Աշխատանքային քննարկում խորհրդարանում
1 / 3

Հունիսի 15-ին ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակությունը` Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ, նախաձեռնել էր երկրորդ աշխատանքային քննարկումը` Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակական ֆորումի ներկայացուցիչների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Խորհրդարանականների հետ  հանդիպման նպատակը քաղաքացիական հասարակական ֆորումի, մասնավորապես Հայաստանի ազգային պլատֆորմի` Արեւելյան գործընկության վերաբերյալ ներկայացրած առաջարկների քննարկումն էր:

ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ընդգծեց, որ աշխատելու են բաց ու թափանցիկ. դա է որդեգրված քաղաքականությունը, որով առանջորդվելով էլ աշխատանքային այս քննարկումներին հրավիրում են թե շահագրգիռ բոլոր կողմերին եւ թե  լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Բանախոսը նկատեց, որ ազգային պլատֆորմի գործունեության չորս ուղղություններ համընկնում են  ԵՎՐԱՆԵՍԹ-ի  ԽՎ-ի մշտական չորս հանձնաժողովների ոլորտների հետ: Դրանք են` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արյունավետ կառավարման եւ կայունության ոլորտ, քաղաքացիական հյասարակության ֆորումի քաղաքականությունը` Եվրամիության հետ տնտեսական ինտեգրացիայի եւ մերձեցման ոլորտներում, շրջակա միջավայր, կլիմայական փոփոխություններ եւ էներգետիկ անվտանգություն եւ, վերջապես,  հարաբերություններ մարդկանց միջեւ:  Ազգային պլատֆորմի կազմակերպությունների ներկայացրած եւ պլատֆորմի համակարգող Վաչե  Քալաշյանի ամփոփած առաջարկներն ստանալուց հետո խորհրդարանականները կփորձեն դրանք բանաձեւել ԵՎՐԱՆԵՍԹ-ում, նաեւ` զեկույցներ պատրաստել: Հունիսի 21-ին տեղի կունենա Բյուրոյի առաջին նիստը, որի ընթացքում կորոշակիանա քննարկվելիք հարցերի շրջանակը:

Հասարակական սեկտորի ներկայացուցիչները ողջունեցին պատգամավորների հետ համագործակցելու նախաձեռնությունը` պատրաստակություն հայտնելով գործնական մասնակցություն ունենալ զեկույցների պատրաստման գործում: Նրանք նաեւ նկատեցին, որ ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ում խորհրդարանական պատվիրակության եւ Ազգային պլատֆորմի համագործակցության առաջին դրաեւորումն է սա եւ կարող է օրինակելի դառնալ Արեւելյան գործընկերության ձեւաչափի մյուս երկրների համար:

Նշենք, որ հայկական պատվիրակության 10 անդամները, Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ, ակտիվորեն են նախապատրաստվում ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի նախ հանձնաժողովների, ապա նաեւ աշնանը կայանալիք լիագումար նիստի աշխատանքներին: Պատվիրակության անդամ Խաչիկ Հարությունյանն արդեն պատրաստել եւ ներկայացրել  է բանաձեւի նախագիծ` գյուղատնտեսական անմշակ հողերի վերաբերյալ: Այլ նախաձեռնություններ եւս կան:
 


15.06.2011
Տարածաշրջանային խորհրդարանական համաժողովը շարունակեց աշխատանքը
Հունիսի 15-ին Մարիոթ Արմենիա հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում աշխատանքը շարունակեց Ազգային ժողովի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի եւ Միջխորհրդարանական միության կազմակերպած «Իրականություն դարձնել ամենախոցելի երեխաների իրավունքները» թեմայով Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային...