Տպել
07.06.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց ԱՄՆ Անկախության օրվան նվիրված միջոցառմանը
1 / 4

Հունիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱՄՆ դեսպանությունում մասնակցեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության 235-ամյակին եւ   Անկախության հռչակագրի ընդունմանը նվիրված հանդիսությանը: Միջոցառմանը նաեւ նշվում էր դեսպան Մարի Յովանովիչի առաքելության ավարտը:

Ողջունելով ներկաներին ՀՀ ԱԺ նախագահը ասաց.

«Հարգարժան տիկին դեսպան,

Հարգելի ներկաներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ, ի դեմս Ձեզ,  Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին` Անկախության օրվա կապակցությամբ:

Յուրաքանչյուր ժողովրդի համար անկախության ձեռքբերումն ազգային ձգտումների իրականացման եւ երազանքների կատարման վերջնական ու, միաժամանակ, մեկնարկային կետ է. վերջնական` պայքարը հանուն ազատության հաղթական ավարտի հասցնելու, մեկնարկային` պետություն կերտելու, իր սեփական ճակատագիրը տնօրինելու, նոր հասարակություն ձեւավորելու տեսանկյունից:

Ամերիկացիները դեռ 235 տարի առաջ կատարեցին իրենց բախտորոշ քայլը, եւ այսօր` ավելի քան 2 դար անց, կայացած եւ օրինակելի երկիր են հանդիսանում: Այդ ամենը հնարավոր չէր լինի իրականացնել առանց ժողովրդի կամքի, նրա իրավունքի հարգման եւ ապագայի հանդեպ միասնական հավատի: Եվ ամենեւին պատահական չէ, որ ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների մասին խոսելիս այդ հասկացությունները առաջնահերթ զուգորդվում են  Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է, նրա արժանապատվությունը եւ բարեկեցությունը: 
  
Ժամանակակից աշխարհում` գլոբալացման, տեխնոլոգիաների կատարելագործման գործընթացներին զուգահեռ եւ հասարակությունների մերձեցմանը համընթաց, որոշակի հակասություններ են առաջանում ոչ միայն տարբեր հասարակությունների միջեւ, այլեւ մեկ հասարակության ներսում: Այստեղ է, որ նվիրվածությունը եւ հավատարմությունը  ժողովրդավարական արժեքների համակարգին կարող է աշխարհը զերծ պահել բռնությունից, ծայրահեղականությունից, ահաբեկչությունից եւ հարցերն ուժով լուծելու վտանգավոր գայթակղությունից: Հայաստանի Հանրապետությունը, լինելով երիտասարդ անկախություն եւ երիտասարդ ժողովրդավարություն ունեցող երկիր, անշեղորեն ձգտում է իր ներդրումն ունենալ միջազգային հանրության  դեմ ծառացած լրջագույն մարտահրավերներին դիմագրավելու գործընթացում` առայժմ փոքր, բայց հաստատուն քայլերով: 
  
Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բազմաբնույթ կապերի ամրապնդման մեջ եւ բարձր է գնահատում ԱՄՆ-ի կառավարության համակողմանի օգնությունը` ուղղված անկախության տարիներից ի վեր մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումների իրականացմանը, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը: ՀՀ-ը կարեւորում  է ԱՄՆ-ի հետ  գործընկերության եւ համագործակցության ամրապնդումը: 
  
Այս ամենի մեջ մեծ է նաեւ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչի դերն ու անձնական ներդրումը: Հայաստանում Ձեր առաքելության  ավարտի կապակցությամբ թույլ տվեք, տիկին դեսպան, իմ առանձնահատուկ շնորհակալությունը հայտնել Ձեզ բեղուն եւ արդյունավետ աշխատանքի համար եւ մաղթել հետագա հաջողություններ: Հուսով եմ, որ Ձեր կապը Հայաստանի հետ կշարունակվի: 
  
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ եւ, օգտվելով առիթից, Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին մաղթում խաղաղություն, բարօրություն եւ հետագա առաջընթաց»: 

Ներկաներին ողջունեց դեսպան Մարի Յովանովիչը.

«Մեծարգո Հովիկ Աբրահամյան, բարեկամներ,

Շնորհակալություն, որ միացել եք մեզ` նշելու Ամերիկայի Միացյալ Նահանգների ծնունդը:

Հուլիսի 4-ին դեռ մի քանի շաբաթ կա, բայց ամերիկյան անկախության թողած ժառանգությունը կարելի է տոնել տարվա բոլոր օրերին: Անկախության տոնին ամերիկացիները միավորվում են իրենց ընտանիքների, բարեկամների, համայնքների հետ, վերհիշում մեր պատմությունը եւ վերահաստատում մեր հավատարմությունը ժողովրդավարության, ազատության ու խաղաղության հանդեպ:

Ամերիկացիները, ինչպես եւ բոլոր ժողովուրդները, բարձր են գնահատում այս համընդհանուր արժեքները: Ուստի տեղին է, որ այս օրը մենք բացենք մեր դռները մեր բարեկամների, հարեւանների առաջ այստեղ եւ աշխարհի այլ վայրերում ու միասին նշենք այս տոնը:

Մեր բախտն ու ճակատագիրը այսօր առավել քան երբեւէ փոխկապակցված են: Մենք կիսում ենք առավել խաղաղ ու առավել բարեկեցիկ ապագա կերտելու պատասխանատվությունը:

Հայերի ու ամերիկացիների միջեւ ամուր կապեր կան, որոնք առկա են եղել Հայաստանի անկախացումից շատ առաջ: Իսկ վերջին քսան տարիների ընթացքում Միացյալ Նահանգները հետեւողականորեն աջակցել է Հայաստանի ժողովրդավարացմանը, տնտեսական աճին ու անվտանգությանը:

Այսօրվա տոնակատարությունը խորհրդանշում է մեր շարունակական գործընկերությունը: Չկա անհասանելի նպատակ, չկա անհաղթահարելի մարտահրավեր , եթե մենք հետամուտ ենք ընդհանուր նպատակի, եթե մենք փնտրում ենք ընդհանուր եզրեր:

Ձեզանից շատերը գիտեն, որ ես շուտով մեկնում եմ Հայաստանից, բայց Հայաստանը կմնա իմ սրտում: Կուզենայի մնալ այստեղ ու երկրի շարունակական առաջընթացի ականատեսը լինեի, հատկապես առաջիկա երկու շրջադարձային տարիներին:

Թույլ տվեք առիթից օգտվելով շնորհավորել Հայաստանին անկախության 20-ամյակի առիթով եւ ամենալավն ու բարին մաղթել հայ ժողովրդին վաղվա Հայաստանը կերտելու գործում»:

Եվ այս առիթով եկեք միասին բաժակ բարձրացնենք մեր երկու երկրների անկախության համար, մեր բարեկամության համար. բարեկամություն, որ հիմնված է ժողովրդավարության, ազատության եւ խաղաղության հարցում փոխադարձ օգնության եւ հարգանքի վրա»:
 
 
 



07.06.2011
Քննարկվեցին Արեւելյան գործընկերությանն առնչվող հարցեր
Հունիսի 7-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության ԱԳՆ Արեւելյան գործընկերության հարցերով Հատուկ հանձնարարություններով դեսպան  Պիտեր Մարեշի եւ Արեւելյան գործընկերության հարցերով փորձագետ  Եվա Կորդովանի հետ: Կարեւորելով ...

07.06.2011
Հանդիպում ԱԺ ԲՀԿ խմբակցությունում
Հունիսի 7-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խմբակցությունում ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան եւ հյուպատոս Գերըթ Ուին Օուենին: Հյուրի խնդրանքով տիկին Զոհրաբյանը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեսակետը ներքաղաքական վերջին զար...

07.06.2011
ԱԺ Պատվո մեդալ` «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ազգային բարերար Ալբեր Բոյաջյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ, բարեգործական եւ հայանպաստ երկարամյա ակտիվ գործունեության համար ազգային բարերար Ալբեր Բոյաջյանը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով: Հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ պարգեւատրման հանդիսավոր արարո...