Տպել
07.06.2011
Քննարկվեցին Արեւելյան գործընկերությանն առնչվող հարցեր
1 / 1

Հունիսի 7-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության ԱԳՆ Արեւելյան գործընկերության հարցերով Հատուկ հանձնարարություններով դեսպան  Պիտեր Մարեշի եւ Արեւելյան գործընկերության հարցերով փորձագետ  Եվա Կորդովանի հետ:

Կարեւորելով Արեւելյան գործընկերությունը` հանձաժողովի նախագահը նշեց, որ Արեւելյան գործընկերությունը ավելի հստակ մոտեցում է ցուցաբերում գործընկեր երկրների նկատմամբ, առանձին է գնահատում յուրաքանչյուր երկրի ջանքը Եվրոպական Միության հետ քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման հարցում: Այդուհանդերձ, այս համատեքստում տիկին Զոհրաբյանը բարձրաձայնեց մի քանի մտահոգություններ, մասնավորապես այն, որ ադրբեջանական կողմը արդեն իսկ պատրաստվում է Արեւելյան գործընկերության նոր մեկնարկած ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի ձեւաչափը վերածել հակասությունների հերթական հարթակի: Հանձնաժողովի նախագահի կարծիքով` եթե Եվրոպական Միության անդամ երկրները թույլ տան, որ Ադրբեջանը ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ն փորձի դարձնել տարածաշրջանում նոր բաժանարար գծեր ստեղծելու հարթակ, ապա այդ կարեւոր ձեւաչափը, որը պետք է նպաստի Արեւելյան գործընկերության կարեւոր դրույթներից մեկի, այն է` բազմակողմ եւ երկկողմ հարաբերությունների ձեւավորմանը, կդատապարտվի: Ներկայացնելով հայկական կողմի տեսակետը` տիկին Զոհրաբյանը մեկ անգամ եւս ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է մասնակցել տարածաշրջանում ընդհանուր շահեր ներկայացնող խնդիրների օրակարգի ձեւավորմանը` լինեն դրանք կրթական, հումանիտար, բնապահպանական: Մինչդեռ ադրբեջանական կողմը պաշտոնական մակարդակով բազմիցս հայտարարել է, որ թե Արեւելյան գործընկերության եւ թե որեւէ այլ ձեւաչափում հրաժարվում է Հայաստանի հետ որեւէ համագործակցությունից: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ` ժամանակն է, որ Եվրամիությունը հստակ արձագանքի Ադրբեջանի այս ոչ կառուցողական դիրքորոշմանը, որը փորձում է Արեւելյան գործընկերության հիմնարար փիլիսոփայությունը «հարմարեցնել» Ադրբեջանի օրակարգին: Խոսելով ադրբեջանական կողմի անհանդուրժողականության մասին` նա վկայակոչեց վերջերս Ադրբեջանում դպրոցահասակների շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումը. «ու՞մ եք տեսնում ազգի թշնամի» հարցադրմանը դպրոցահասակ երեխաների գերակշիռ մեծամասնությունը պատասխանել էին` հայերին: Տիկին Զոհրաբյանի կարծիքով` հայատյացությունը Ադրբեջանում հասցված է պետական քարոզչության մակարդակի: Նա գտնում է, որ տարածաշրջանի եվրոպական ինտեգրացիայով շահագրգիռ կառույցները այս խնդրի վրա պետք է լրջորեն ուշադրություն դարձնեն:

Խոսելով Հայաստանի եվրոպական ինտեգրման նպատակների մասին` տիկին Զոհրաբյանը նշեց, որ ի տարբերություն մեր որոշ հարեւանների, մասնավորապես Ադրբեջանի, որը փորձում է փողով եվրոպական ինտեգրման իմիտացիա գնել, Հայաստանի համար եվրաինտեգրումը կարեւոր եւ առաջնահերթ գերակայություն է, քանզի մենք հասկանում ենք, որ մեր միակ ռեսուրսը ժողովրդավարությունն է: Նա ընդգծեց, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Եվրամիության հետ քաղաքական ասոցացմամբ եւ տնտեսական ինտեգրմամբ:

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:


07.06.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց ԱՄՆ Անկախության օրվան նվիրված միջոցառմանը
Հունիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱՄՆ դեսպանությունում մասնակցեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության 235-ամյակին եւ   Անկախության հռչակագրի ընդունմանը նվիրված հանդիսությանը: Միջոցառմանը նաեւ նշվում էր դեսպան Մարի Յովանովիչի առաքելության ավարտը: Ողջունելով ներկաներին ՀՀ ԱԺ ն...

07.06.2011
Հանդիպում ԱԺ ԲՀԿ խմբակցությունում
Հունիսի 7-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խմբակցությունում ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան եւ հյուպատոս Գերըթ Ուին Օուենին: Հյուրի խնդրանքով տիկին Զոհրաբյանը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեսակետը ներքաղաքական վերջին զար...

07.06.2011
ԱԺ Պատվո մեդալ` «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ազգային բարերար Ալբեր Բոյաջյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ, բարեգործական եւ հայանպաստ երկարամյա ակտիվ գործունեության համար ազգային բարերար Ալբեր Բոյաջյանը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով: Հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ պարգեւատրման հանդիսավոր արարո...