Տպել
01.06.2011
Մեկնարկեցին Երիտասարդական խորհրդարանի աշխատանքները
1 / 15
Տեսանյութ

Հունիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ Երիտասարդական խորհրդարանի անդամների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը:  այն ստեղծվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, նրա  2011 թվականի մարտի 28-ի կարգադրության հիման վրա` որպես ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից խորհրդակցական հասարակական մարմին:

Մայիսի 31-ին Երիտասարդական խորհրդարանի 12 մշտական հանձնաժողովները գումարել էին  առաջին նիստերը, որոնց ընթացքում ընտրվել էին հանձնաժողովների նախագահներ:

Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում էին հավաքվել Երիտասարդական խորհրդարանի 131 պատգամավորները` Հայաստանի Հանրապետության 18-30 տարեկան քաղաքացիներ, ովքեր նորաստեղծ կառույցի անդամ էին դարձել  ինքնաառաջադրման կարգով, խորհրդարանական կուսակցությունների ներկայացմամբ, պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, ազգային փոքրամասնությունների կողմից:

Իրենց մանդատները Երիտասարդական խորհրդարանի անդամները ստացան անձամբ Ազգային ժողովի նախագահից: Ողջունելով Երիտասարդական խորհրդարանի պատգամավորներին եւ շնորհավորելով նրանց ` Հովիկ Աբրահամյանն ասաց.

«Երիտասարդական խորհրդարանի հարգելի պատգամավորներ,

Սիրելի երիտասարդներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, որը ինչ-որ ժամանակով նաեւ ձեր գործունեության վայրն է դառնալու: Համոզված եմ, որ դուք շարունակելու եք արդյունավետ օրենսդրական աշխատանքի այն  ավանդույթները, որ ձեւավորված են  այս կառույցում: Հուսով եմ, որ ձեր աշխատանքը կընթանա համերաշխության, հանդուրժողականության ու բազմակարծության մթնոլորտում` անկախ այս կամ այն հարցի վերաբերյալ ձեր ունեցած դիրքորոշումից ու ձեր ներկայացրած քաղաքական ուժի կողմնորոշումից:

Հարգելի երիտասարդ գործընկերներ,

Երբ նախաձեռնում էինք Երիտասարդական խորհրդարանի ստեղծումը, մտադրություն ունեինք այն դարձնել ինքնաարտահայտման ազատ ամբիոն հասարակության մի կարեւորագույն հատվածի համար` ի դեմս երիտասարդության: Հաշվի առնելով դիմումների այն հսկայական հոսքը եւ այն ակտիվությունը, որ կար թեստավորման թափանցիկ գործընթացի ժամանակ, կարող ենք արձանագրել, որ գաղափարը բավական լայն արձագանք է ստացել եւ բոլոր հնարավորությունները ունի լիարժեք կյանք ստանալու: Շատ ուրախալի է, որ եւ մարզային ընդգրկվածության, եւ քաղաքական ուժերի բազմազանության առումով համայնապատկերը բավական լայն է, ինչը վկայում է, որ Երիտասարդական խորհրդարանը կարող է դառնալ նաեւ հասարակական համերաշխության ինքնատիպ օրինակ:

Հարգելի գործընկերներ,

Արագ փոփոխվող աշխարհը պահանջում է համարժեք արձագանքել երեւույթներին եւ իրադարձություններին: Սա մեծ հնարավորություն է ընձեռում եւ ինչ- որ տեղ նաեւ պարտադրում է յուրաքանչյուր կարողունակ անձի ինքնադրսեւորվել, բացահայտել ու  ցուցադրել իր հնարավորությունները ու գործնականում օգտագործել դրանք:

Արդի տեխնոլոգիաները բազմաթիվ ճանապարհների ընտրության հնարավորություն են տալիս, բայց գիտելիք չունեցող մարդու համար այդ ճանապարհներից որեւէ մեկով անցնելը նույնն է, ինչ խավարում առանց լույսի խարխափելը: Ժամանակը իր պայմաններն է առաջադրում գիտելիքների անհրաժեշտ պաշար ունենալու համար, հիմնավոր գիտելիքների, որովհետեւ կառուցվող տան ամուր հիմքը նրա հուսալիության երաշխիքն է:

Երիտասարդական խորհրդարանն այն վայրն է, որտեղ դուք կարող եք լիարժեք օգտագործել ու փորձարկել ձեր ստացած կրթությունն ու գիտելիքները, ձեր մտավոր ներուժը: Այս կառույցը կարող է դառնալ ոչ միայն երիտասարդության հնարավորությունների  գործնական արտահայտման միջոց, այլեւ կադրային դարբնոց իշխանության մարմինների ու քաղաքական ուժերի համար: Բայց պիտի կարողանալ վեր կանգնել ճառ ասելու անվերջանալի թվացող գայթակղությունից եւ դրա փոխարեն ձգտել զանգ կախել, պարզ ասած` գործ անել, որովհետեւ գեղեցիկ խոսքերով երկիր չի կառուցվի, եթե այդ խոսքերի տակ իրական հող չկա:

Սիրելի երիտասարդներ,

Ես ցանկանում եմ, որ դուք Երիտասարդական խորհրդարանին մոտենաք այն մարդու հոգեբանությամբ ու տեսանկյունից, ով իրեն պատրաստ եւ ի վիճակի է համարում ինչ-որ բան անել նախ եւ առաջ իր երկրի ու ժողովրդի համար:

Երիտասարդությունը ունի մի կարեւոր  առավելություն` նրա մեջ ավելի մեծ է ակտիվ լինելու, ինչ- որ բանի հասնելու ձգտումը: Դա հասարակության` առաջ շարժվելու վկայությունն է, որովհետեւ յուրաքանչյուր նոր սերունդ առաջընթացի, նոր գաղափարների կրողն է, իսկ երկիրն առանց գաղափարների չի կարող զարգանալ:

Երիտասարդական պառլամենտարիզմը կարեւոր է նախ որպես երիտասարդների շահերի եւ իրավունքների ներկայացման մեխանիզմ : Դա նաեւ իրավական եւ քաղաքական մշակույթ ձեւավորող ինստիտուտ է : Եվ, ի վերջո, Երիտասարդական խորհրդարանը նաեւ լավ գործիք է երկրի կադրային ներուժի ձեւավորման համար :

Այսօր շատերն են ուզում լիդեր լինել, բայց բոլորը չէ, որ համապատասխան արժանիքներ ու ընդունակություններ ունեն: Եւ ես շատ ուրախ կլինեմ, եթե վաղը, մյուս օրը ձեզանից ոմանք հայտնվեն խորհրդարանում: Կարծում եմ` դուք ինքներդ էլ նման ձգտումներ ունեք:

Ես բոլորիդ մաղթում եմ, որ ձեր ծրագրերն ու երազանքներն իրականություն դարձնեք, միաժամանակ, երբեք չմոռանալով ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու հետեւյալ խոսքերը . «Մի հարցրու, թե քո երկիրը ի՞նչ կարող է անել քեզ համար։ Քեզ հարցրու, թե ի՞նչ կարող ես դու անել երկրի համար»:

Վստահ եմ, որ Երիտասարդական խորհրդարանը կդառնա նոր գաղափարների ծնվելու, արտահայտելու, նաեւ դրանք  կյանքի կոչելու ասպարեզ, նոր մտքերի ու նախաձեռնությունների շտեմարան, որից կօգտվի նաեւ Ազգային ժողովը իր գործունեության ընթացքում :

Մաղթում եմ ձեզ բարի երթ, արդյունավետ աշխատանք եւ հաջողություն »:

Օգտվելով առիթից` Ազգային ժողովի նախագահը բոլորին շնորհավորեց նաեւ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: «Մենք շատ ենք կարեւորում վերաբերմունքը երեխաների նկատմամբ: Երեխաները մեր հասարակության այն հատվածն են, ում նկատմամբ մշտապես անհրաժեշտ է հոգատարություն եւ ուշադրություն դրսեւորել»-, ասաց Հովիկ Աբրահամյանը:

Մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունից հետո Երիտասարդական խորհրդարանի պատգամավորները Ազգային ժողովի բակում լուսանկարվեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

 Այնուհետեւ ԱԺ նիստերի դահլիճում Երիտասարդական խորհրդարանը գումարեց  անդրանիկ նիստը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, խորհրդարանի փոխնախագահի, հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարների, կրթության նախարարի, ինչպես նաեւ դիվանագիական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների ներկայությամբ:

Ազգային օրհներգի հնչյունների ներքո Երիտասարդական խորհրդարանի մենարկն ազդարարելուց հետո Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը  օրհնեց երիտասարդներին եւ նրանց ավետարանական պատգամներ փոխանցեց:

Ազգային ժողովի կանոնակարգի հիմքով` նորաստեղծ խորհրդարանի անդրանիկ նիստը վարեց տարիքով ամենաավագ պատգամավորը` Կարեն Պետրոսյանը: Այնուհետեւ տեղի ունեցավ նորընտիր պատգամավորների երդման հանդիսավոր արարողությունը, որից հետո նիստը նախագահողը ներկայացրեց Երիտասարդական խորհրդարանի 131 անդամներին, որոնցից 42-ն ինքնաառաջարդրվել են, 50-ը ներկայացնում են պետական եւ ոչ պետական բուհերը, իսկ 39-ը Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների երիտասարդ ներկայացուցիչներն են: Նշենք, որ այս խորհրդարանի առնվազն 3 տոկոս պատգամավորական մանդատները վերապահված է  ազգային փոքրամասնություններին: Իգական սեռի ներկայությունը եւս կարգավորված է փաստաթղթով. նախատեսվում է ընդհանուրի մեջ նրանց` առնվազն 20 տոկոս ներկայություն:

Երիտասարդական խորհրդարանի առաջին նիստի օրակարագում երկու հարց էր` խորհրդարանի կազմավորման եւ գործունեության  ու հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման կարգերը:   Երիտասարդ պատգամավորները նշված կարգերը հաստատելու որոշում ընդունեցին: Ըստ հաստատված կարգի` Երիտասարդական խորհրդարանի գործունեության հիմնական նպատակն է խորհրդատվական մասնակցություն ունենալ օրենսդրական դաշտի ձեւավորման հարցում, ընդգրկվել սոցիալ-տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների իրավական կարգավորման գործում, երիտասարդության ներուժը, ստեղծագործական  ու նախաձեռնողական հնարավորություններն իրացնել եւ ալն:

Երիտասարդական խոհրդարանի կազմավորման եւ գործունեության կարգի համաձայն` խորհրդարանի նախագահն ընտրվելու է ռոտացիոն կարգով. յուրաքանչյուր հերթական մեկ նիստ վարելու է 12 հանձնաժողովներից մեկի նախագահը: Երիտասարդական խորհրդարանն իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է թե հաստատված կարգով, եւ թե «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով:

Երիտասարդական խորհրդարանի հաջորդ նիստը կգումարվի սեպտեմբեր ամսին:
 
 


01.06.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
«Սիրելի երեխաներ, հարգելի ծնողներ, Ջերմորեն շնորհավորում եմ աշխարհի ամենապայծառ տոներից մեկի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Յուրաքանչյուր երեխա երջանիկ լինելու իրավունք ունի, ինչն ապահովելը բոլորիս` ընտանիքի, հասարակության , պետության խնդիրն է: Մանկական երջանկությունը պահանջում է առ...