Տպել
22.04.2011
ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալ` Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորներին
1 / 2

Շվեդիայի Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ Հայաստան-Շվեդիա միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում նշանակալի ավանդի համար Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատգամավորներ Անելի  Էնոքսոնը եւ Ֆրեդրիկ Մալմը պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով:

Ապրիլի 22-ին ՀՀ Ազգային ժողովում հանդիսավոր պայմաններում պարգեւները նրանց հանձնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:  Իր խոսքում խորհրդարանի ղեկավարն ասաց. «Հարգարժան տիկին Անելի  Էնոքսոն եւ պարոն  Ֆրեդրիկ Մալմ, ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Դուք այն քաղաքական գործիչներն եք, ովքեր խիզախություն ունեցան ուղիղ նայելու ճշմարտության աչքերին եւ նշանակալի ավանդ ունենալ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:

Ավելի քան մեկ տարի առաջ` 2010 թվականի մարտի 11-ին, Շվեդիայի խորհրդարանը ձեր մասնակցությամբ ու ջանքերով իր ներդրումը կատարելով  պատմական ճշմարտության վերականգնմանն ուղղված եւ օրեցօր ավելի ծավալվող  միջազգային գործընթացում` ընդունեց որոշում, որով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչեց որպես ցեղասպանություն:

Ես տեղյակ եմ, թե ինչ լարվածության եւ դիմակայության պայմաններում է ընդունվել այդ որոշումը: Եւ այս պարագայում առավել ծանրակշիռ է դառնում անձամբ ձեր եւ որոշումն ընդունելուն նպաստած ձեր գործընկերների ներդրումը ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման, այլեւ ընդհանրապես ցեղասպանություն երեւույթը որպես հրեշավոր հանցագործություն կանխելու մեջ:

1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը դեռեւս ամբողջական արդարացի դատապարտման չի արժանացել միջազգային հանրության կողմից, թեեւ աշխարհի շատ պետությունների խորհրդարաններ ու կառավարություններ, միջազգային կառույցներ ճանաչել են այն: Չափազանց կարեւոր է, որ հանցագործություն կատարածն ինքը կարողանա հրապարակայնորեն գիտակցել եւ ընդունել մեղքը, իրերը կոչել իրենց անուններով եւ փորձել ապաշխարած անդամագրվել քաղաքակիրթ Եվրոպայի ընտանիքին: Շվեդիայի խորհրդարանի ընդունած որոշման մեջ նշված հետեւյալ արտահայտությունը ճշգրիտ բնութագրում է իրավիճակը. «Թուրքիան չի կարող ժողովրդավարական պետություն համարվել, քանի դեռ այնտեղ ժխտվում է անցյալի իրական պատկերը»:

Ավարտելով խոսքը` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀ Ազգային ժողովի, իր գործընկերների, ՀՀ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց Անելի  Էնոքսոնին եւ Ֆրեդրիկ Մալմին 2010 թ. մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանի կողմից 1915 թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու մասին որոշման ընդունման հարցում ունեցած ներդրման եւ մասնակցության համար: Պարոն Աբրահամյանը իր բոլոր գործընկերների անունից եւս մեկ անգամ շնորհավորեց նրանց ԱԺ Պատվո մեդալի արժանանալու կապակցությամբ եւ ցանկացավ նորանոր հաջողություններ: «Դուք հայ ժողովրդի իրական բարեկամներն եք»- նշեց ՀՀ ԱԺ նախագահը:

Շվեդիայի Ռիկսդագի պատգամավոր Անելի  Էնոքսոնը շնորհակալություն հայտնելով բարձր պարգեւի համար` մասնավորապես նշեց. «Երբ 2010 թ. մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանում քվեարկեցինք ցեղասպանությունը ճանաչելու օգտին, մենք դա արեցինք, քանի որ դա բխում էր մեր հոգու խորքից»: Շվեդ պատգամավորի խոսքերով` որեւէ ազգ, որեւէ պետություն չի կարող հանգիստ մնալ, որ անցյալում տեղի ունեցածը մոռացության մատնվի: «Թուրքիան պետք է ներողություն խնդրի ձեր ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանության համար»,- հայտարարեց Անելի  Էնոքսոնը` հայ  ժողովրդին մաղթելով ամենայն բարիք. «Աստված թող օրհնի ձեզ»:
 


22.04.2011
Հարցաշար Երիտասարդական խորհրդարան դիմողների համար
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԱՇԱՐ   Հարց 1. Ինչպիսի՞ պետություն է Հայաստանի Հանրապետությունը:   Հարց 2.  Ու՞մ է պատկանում իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում:   Հարց 3. ...

22.04.2011
Հրապարակել միայն ստուգված փաստեր
Ազգային ժողովին ու նրա ղեկավարությանը վերաբերող ոչ հավաստի եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց խուսափելու համար բազմիցս ենք հորդորել ԶԼՄ-ների մեր գործընկերներին` նախապես իրենց ունեցած տեղեկությունները ճշտել ԱԺ համապատասխան վարչության հետ, որպեսզի թյուրիմացության մեջ չգցեն ընթ...

22.04.2011
«Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» գրքի շնորհանդեսը Ազգային ժողովում
Ապրիլի 22-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» գրքի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը` տեղեկացնելով, որ ժողովածուն 2007 թ. դեկտեմբերի 19-20-ը  ԱԺ ա...

22.04.2011
ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց շվեդ պատգամավորներին
Ապրիլի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատգամավորներ Անելի  Էնոքսոնին եւ Ֆրեդրիկ Մալմին : Ողջունելով հյուրերին` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց  նրանց  ներդրումը Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ...

22.04.2011
Շվեդ պատգամավորները խորհրդարանում
Կոալիցիան ներկայացնող խորհրդարանական ուժերի` «Հայաստանի հանրապետական կուսակցություն», «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների ներկայացուցիչները ապրիլի 22-ին հանդիպեցին Շվեդիայի Ռիկստագի պատգամավորներ տկն Անելի Էնոքսոնի եւ պրն Ֆրեդերիկ Մալմի հետ: Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին...