National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.3.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
29.03.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց տարածքների համաչափ զարգացումը

Խորհրդարանի ղեկավարը աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր
 

Մարտի 29-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրան ուղեկցում էին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը,  ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը եւ հանձնաժողովի անդամները, մարզից ընտրված պատգամավորներ. գյուղնախարար Սերգո Կարապետյանը, Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԱԺ նախագահը հանդիպումներ ունեցավ մարզի մի շարք գյուղերում, զրուցեց բնակիչների հետ, ծանոթացավ  նրանց խնդիրներին: Հանդիպումներն անկաշկանդ ու անկեղծ զրույցների էին վերածվում, որոնց ընթացքում մարդիկ ներկայացնում էին իրենց հուզող համայնքային ու նաեւ անձնական բնույթի հարցեր: Նրանք հատկապես ոգեւորվել էին խորհրդարանի ղեկավարի` իրենց լսելու պատրաստակամությունից, եւ պատահական չէ, որ Ելփին գյուղում հանդիպման ժամանակ ( այս բնակավայրն ԱԺ նախագահի այցի առաջին «կանգառն» էր) բնակիչներից մեկը, շնորհակալություն հայտնելով այցելության համար, ասաց, թե եթե նույնիսկ այս այցով որեւէ  հարց չլուծվի, այդուհանդերձ, մեծ բան է` գալ ու լսել գյուղացուն:  Իսկ ԱԺ նախագահը ոչ միայն լսում էր գյուղացիներին, անհրաժեշտության դեպքում համապատասխան պաշտոնյաներից մանրամասներ ճշգրտում հարցի վերաբերյալ, այլեւ հնարավոր կոնկրետ լուծումներ տալիս կամ հարցը լուծելու գործնական խոստում: ԱԺ նախագահի վայոցձորյան երթուղում ներառված գյուղերում մարդիկ այնքան էին ոգեւորվել իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի այցելությունից, որ նրանցից մեկն Ազգային ժողովի նախագահին ասաց. «Ոսկե ձկնիկի օրն եք ընկել. Ձեզ տեսել ենք` մեր բոլոր կարիքների մասին պատմում ենք»: Իսկ մեկ այլ գյուղում տարեց բնակիչներից մեկն ասաց, թե վերջին անգամ իրենց գյուղում Ազգային ժողովի  նախագահի տեսել են տասնյակ տարիներ առաջ, երբ իրենց էր այցելել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ Շմավոն Առուշանյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ առաջին հանդիպման ժամանակ` Ելփին գյուղում, եւ այցի վերջնակետում` հեռավոր սահմանամերձ ու բարձրադիր Բարձրունի գյուղում բնակիչներին տեղեկացրեց, որ հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի` գյուղատնտեսությանը, գյուղի խնդիրներին ավելի լուրջ ուշադրություն դարձնելու  վերաբերյալ վերջին հանձնարարականներից հետո իշխանությունների ներկայացուցիչներն ավելի հաճախակի են այցելելու մարզեր ու գյուղեր` տեղում ծանոթանալու առկա խնդիրներին, դրանց լուծումեր տալու: ԱԺ նախագահը նշեց, որ երկրի Նախագահը մեծ ուշադրություն է դարձնում գյուղական բնակավայրերին եւ դրանց խնդիրների լուծմանը: Պետք է որոշվեն առաջնահերթությունները եւ գտնվեն լուծման հնարավորությունները: Ազգային ժողովի նախագահը ձեռնպահ մնաց անիրականանալի խոստումներից` նշելով, որ ավելի լավ է չխոստանալ եւ անել, քան խոստանալ ու խոստումը չկատարել:

Ելփին գյուղում խնդիրները բազմազան էին` մանկապարտեզ չկա, ոռոգման ու խմելու ջրերի ներքին ցանցի խնդիր կա, գյուղմթերքների, այդ թվում` խաղողի իրացման հարցում դժվարություններ կան: Գյուղացիներն առաջարկում էին, որ օրենքներն ընդունելուց առաջ պատգամավորները գնան գյուղեր, ծանոթանան խնդրին եւ նոր միայն համապատասխան օրենք ընդունեն: Հովիկ Աբրահամյանը համաձայն էր գյուղացիների այն մտքին, որ պատգամավորները հաճախակի պետք է այցելեն մարզեր: Ինչ վերաբերում է կոնկրետ խնդիրների լուծմանը, ԱԺ  նախագահը լսեց բոլորին, հանձնարարեց գրանցել բարձրացված հարցերը` դրանց լուծման հնարավորությունները քննարկելու համար: Հովիկ Աբրահամյանը խոստացավ լուծել ողջ  գյուղի արտադրած խաղողի իրացման հարցը ( այն անցյալ տարի կազմել է շուրջ 100 տոննա, բայց մարդիկ չեն կարողացել իրացնել բերքը), ինչպես նաեւ, ֆերմերներից մեկի խնդրանքին ի պատասխան, խոստացավ մինչեւ տարեվերջ գյուղնախարարության աջակցությամբ լուծել մթերման սարքավորումների տեղադրման հարցը:

Արդեն Եղեգնաձորում ՀՀԿ մարզային ակտիվի հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ գյուղացիներն իր հետ հանդիպման ժամանակ հիմնականում օբյեկտիվ խնդիրներ են բարձրացնում: Մարդիկ շփումների կարիք ունեն, պետք է հանդիպել նրանց հետ, լսել մարդկանց:

Իսկ Վայոց ձորի մարզպետարանում համայնքների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա վերստին հիշեցրեց երկրի Նախագահի հանձնարարականի մասին` այցելել մարզեր, ծանոթանալ խնդիրներին,քննարկել դրանք եւ լուծումներ տալ դրանց: Նշելով , որ իր այցի նպատակն է  հանդիպել գյուղացիների հետ, նրանցից լսել իրենց խնդիրների մասին եւ գտնել հնարավոր լուծումները` Ազգային ժողովի նախագահը կարեւորեց տարածքների համաչափ զարգացումը: Խորհրդարանի ղեկավարն ասաց, որ մարզերի բնակչությանը պետք է ավելի ակտիվորեն մասնակից դարձնել տնտեսական, քաղաքական ու մշակութային գործընթացներին

ԱԺ նախագահի այցելած հաջորդ գյուղերում եւս խնդիրները գրեթե նույնն էին` ջուր, գյուղտեխնիկա, սերմացու, աշխատատեղ… Զառիթափ  գյուղում բնակիչները տեղեկացրին, որ հողերի զգալի մասը չի ցանվում, չկան սերմացու եւ համապատասխան գյուղտեխնիկա, վարկերը բանկերը տրամադրում են բարձր տոկոսադրույքներով: ԱԺ նախագահը համբերատարությամբ լսեց բոլորին եւ նշեց, որ կառավարությունը որոշել է զգալիորեն ցածր տոկոսներով վարկեր տրամադրել գյուղացիներին, խոստացավ աջակցել նաեւ սերմացուի հարցում, իսկ ԱԺ նախագահը խոստացավ համապատասխան գումար հատկացնել տրակտորի ձեռքբերմանն օժանդակելու համար: Հովիկ Աբրահամյանը հատուկ ուշադրությամբ ծանոթացավ գյուղի դպրոցի խնդիրներին` հետագա հանդիպումների ժամանակ եւս առանձին ուշադրություն հատկացնելով դպրոցների հարցին: Իսկ բարձրադիր Սերս գյուղում տեղեկանալով, որ գյուղի դպրոցը մարզական գույք չունի, խոստացավ լուծել այդ հարցը:

Մարտիրոս գյուղում, ի թիվս այլ խնդիրների, դժվար է կարտոֆիլի սերմացուի հարցը. համայնքը հնարավորություն չունի այն ձեռք բերել: Հովիկ Աբրահամյանը խոստացավ որոշակի գումար հատկացնել այդ հարցը լուծելու համար: Տեղում լուծվեց նաեւ, համագյուղացիների վկայությամբ, սոցիալապես չափազանց ծանր ընտանիքներից մեկին աջակցություն ցույց տալու հարցը:

Բարձրունի գյուղում եւս առկա խնդիրները համահունչ էին մյուս բնակավայրերի հիմնահարցերին` ավելացրած գյուղի սահմանային եւ բարձրլեռնային դիրքը: Ծանոթանալով իրադրությանը եւ բնակչության վիճակին` ՀՀ ԱԺ նախագահը խոստացավ վճարել գյուղացիների երկու տարվա հողի հարկը: Լրագրողների հետ զրույցում  կարեւորելով այցելությունը գյուղ` նա  մեջբերեց գյուղացիների խոսքերը, որ երկար ժամանակ այս գյուղում պաշտոնյաներ չէին եղել: «Կարեւորը այցելությունը չէ, կարեւորն այն է թե ինչ հարցեր են քննարկվելու եւ ինչ հարցեր ենք լուծելու,-ասաց ԱԺ նախագահը: -  Կար դժգոհություն, որ շատ արդար էր, օրինակ, երիտասարդությունը զբաղմունք չունի, աշխատանք չունի: Գյուղացիները ունեն հող, որը հնարավոր չէ մշակել, քանի որ սահմանի վրա  է: Նաեւ սերմացուի խնդիր ունեն: Վերադառնալուց հետո կմտածենք, թե ինչ աջակցություն ցուցաբերել գյուղին»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելեց նաեւ հայ-ադրբեջանական սահմանային գոտի, զրուցեց զիծառայողների հետ, ծանոթացավ նրանց կենցաղին ու ծառայության պայմաններին: Ինչպես լրագրողների հետ զրույցում արձանագրեց խորհրդարանի նախագահը, զինվորների տրամադրությունները մարտական էին, կեցության պայմանները` նորմալ: Գեղարքունիքի մարզից մի զինվորի, որը մեկ տարվա  ծառայող էր, 15 օրվա արձակուրդի հնարավորություն ընձեռվեց:

Վայոց ձոր աշխատանքային այցի շրջանակներում ԱԺ նախագահը եղավ նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում: Այս բուհի ուսանողներն օրերս ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում հյուրընկալվել էին խորհրդարանում եւ հանդիպել Հովիկ Աբրահամյանի հետ: Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը ուսանողներին խոստացել էր մասնաճյուղին նվիրաբերել համակարգիչներ: Բուհում ԱԺ նախագահը շրջայց կատարեց, որտեղ արդեն նրա կողմից նվիրաբերված 5 համակարգիչներով կահավորվել էր ուսումնական հաստատության համակարգչային լսարանը: ԱԺ նախագահը լսարաններում զրուցեց ուսանողների հետ` հորդորելով նրանց լավ սովորել եւ հիմնավոր գիտելիքներ ձեռք բերել: Այդ միտքը ԱԺ նախագահը կարեւորեց նաեւ բուհի պատվավոր հյուրերի գրքում կատարած իր գրառման մեջ:
 

Ավարտելով աշխատանքային այցը` նույն օրը երեկոյան ԱԺ նախագահը վերադարձավ Երեւան:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am