Տպել
28.03.2011
Արտաշատում անցկացվեց «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հերթական փուլը
1 / 8

2010 թվականին Երեւանում անցկացված «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ում հովանու ներքո էր հերթական անգամ տեղի ունենում մրցանակաբաշխությունը, մարզերի բնակչությանը մշակութային կյանքին ավելի ակտիվ մասնակից դարձնելու նպատակով առաջարկեց  «Արտավազդ»-ի հաջորդ փուլն անցկացնել Արտաշատ քաղաքում:

Եւ ահա մեկ տարի անց` 2011թ. մարտի 28-ին Արարատի մարզկենտրոնում` հայկական թատրոնի բնօրրանում էին հյուրընկալվել «Արտավազդ» մրցանակաբաշխության դափնեկիրները, ովքեր նախօրեին Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցած հերթական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել էին «Արտավազդ»-ների: Ինչպես միջոցառման ժամանակ նշեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ սկիզբ է դրվել մի նոր ավանդույթի` «Արտավազդ» մրցանակաբաշխությունն անցկացնել երկու փուլով` նախ Երեւանում, ապա` մարզերից մեկում:

Իր խոսքում Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը շնորհավորելով Թատրոնի միջազգային օրվա առթիվ` ընդգծեց Արտաշատի թատրոնի նշանակալից դերը մարզի մշակութային կյանքում: Նա շեշտեց ԱԺ նախագահի հոգատար վերաբերմունքը թատրոնի նկատմամբ եւ շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին, ում` Արտաշատի քաղաքապետ եղած ժամանակ Արտաշատի թատրոնը հիմնովին վերանորոգվեց:

Թատերարվեստին մատուցված անգնահատելի ծառայությունների եւ Թատրոնի միջազգային օրվա առթիվ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգեւատրվեց Թատերական գործիչների միության Ոսկե մեդալով:

Շնորհավորելով թատերարվեստի գործիչներին Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այսօր մեր երկրում պետականորեն կարեւորվում է թատրոնների, մշակույթի նկատմամբ վերաբերմունքը: ԱԺ  նախագահը նշեց, որ 14 տարի առաջ վերանորոգվեց Արտաշատի թատրոնը: Եւ ինչպես մ.թ. ա. 53 թվականին, երբ Արտաշատում Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ»-ի բեմադրմամբ դրվեց  հայ թատրոնի հիմքը, այնպես էլ հիշյալ վերանորոգումից հետո, Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում (որտեղ ԱԺ նախագահի մասնակցությամբ տեղի էր ունենում «Արտավազդի» արտաշատյան փուլը) ներկայացվեց «Բաքոսուհիներ» ողբերգությունը:

Մեծապես կարեւորելով թատրոնի դերը հասարակության արժեհամակարգի ձեւավորման գործում` Հովիկ Աբրահամյանը եւս մեկ անգամ բոլորին շնորհավորեց Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:

Արտաշատյան հանդիսությանը «Արտավազդ»-ի դափնեկիրներն իրենց արվեստով հաղորդակցվեցին հանդիսատեսի հետ: Իսկ հանդիսության ավարտին նրանք լուսանկարվեցին ԱԺ նախագահի հետ: