Տպել
23.03.2011
Խորհրդարանը քննարկեց «ՀՀ ընտրական օրենսգրքում» ՀՅԴ-ի առաջարկած փոփոխությունները
1 / 6

Ազգային ժողովի  մարտի 23-ի նիստի օրակարգում կրկին ընտրական համակարգի փոփոխություններն էին: Խորհրդարանը շարունակեց ՀՅԴ խմբակցության հեղինակած` «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը քննարկումը:

Մինչ օրինագծի վերաբերյալ ելույթներին անցնելը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը օրենսդիր մարմնի անունից ողջունեց նիստին ներկա` «Եվրասիա» միջազգային  համալսարանի քոլեջի աշակերտներին եւ ուսուցիչներին: Հրապարակելով նիստի ընթացքում քննարկվելիք հարցերի ցանկը` խորհրդարանի ղեկավարը մեկ անգամ եւս «Ժառանգություն» խմբակցությանը կոչ արեց մասնակցել նիստերի աշխատանքներին` հաշվի առնելով, որ քննարկվելու է եւս մեկ կարեւոր` «Հավաքների ազատության մասին» օրենքի նախագիծը:

ՀՅԴ խմբակցության փոփոխությունների նախագիծը   գնահատելիս ելույթ ունեցող պատգամավորները առաջնորդվեցին համեմատական սկզբունքով` դիտարկելով երկու նախագծերը եւ դրանցով առաջարկվող մոդելները: ՀՅԴ խմբակցության պատգամավորները խոսեցին այն հիմնական կետերի մասին, որոնք իրենք համարում են  սկզբունքային եւ կոալիցիոն գործընկերների ուշադրությունը հրավիրեցին դրանց շուրջ համաձայնության վրա:  Պատգամավորներից ոմանք 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի կիրառումը համարեցին  վաղաժամ:

Նախագծի վերաբերյալ արտահերթ ելույթում  ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն ընդգծեց ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության եւ քաղաքական համաձայնության  կարեւորությունը: Հիշեցնելով, որ ընտրական օրենսգրքի նախորդ քննարկումների ժամանակ աշխատանքային խմբին հաջողվեց, որ խորհրդարանական ընդդիմությունը նախագծին դեմ չքվեարկի,   պրն. Նիկոյանը ցանկալի համարեց այսօր եւս նման արդյունքի հասնել, ստեղծել ընտրություններից առաջ համաձայնության մթնոլորտ: ԱԺ փոխնախագահի խոսքերով` ընտրակարգերի ընտրությունը, հանձնաժողովների ձեւավորման կարգը եւ նման այլ հարցեր քաղաքական բնույթ ունեն եւ դժվար է գնահատել` որն է ամենաճիշտ տարբերակը: Խոսելով համամասնական-մեծամասնական ընտրակարգերի ընտրության մասին` ԱԺ փոխնախագահը կարեւոր համարեց տարածքների ներկայացվածությունը խորհրդարանում: Գենդերային հավասարությունը ապահովելուն ուղղված` տոկոսային շեմերի մասին պրն. Նիկոյանը   նկատեց, որ միշտ չէ, որ այն սպասվող արդյունքն է տալիս, եւ պաշտպանեց աշխատանքային խմբի առաջարկած տարբերակը: Ընտրողների ցուցակները հրապարակելու` ՀՅԴ առաջարկը բանախոսը դիտարկեց ընտրության հրապարակայնությանն ուղղված մեկ այլ` քվեարկության տեսաձայնագրման հետ նույն հարթության մեջ: Նա առաջարկեց կիառել  միասնական սկզբունք. եթե տրվում է տեսաձայնագրման հնարավորութուն, լինի նաեւ ընտրություններից հետո ցուցակները հրապարակելու հնարավորություն, եթե ոչ, ապա երկու դեպքերում էլ:

ՀՅԴ տեսակետը նախագծի վերաբերյալ ներկայացրեց Արմեն Ռուստամյանը, ով բնորոշեց իրենց նախաձեռնությունը արմատական եւ ընտրական գործընթացում բեկում կատարելուն միտված: Պրն. Ռուստամյանն ընդգծեց, որ ընտրությանն առնչվող հարցերում իրենց դիրքորոշումները չեն փոխվել` պայմանավորված իշխանության մեջ լինել-չլինելով: Նա եւս մեկ անգամ նշեց 4 հիմնական առաջարկները` ամբողջությամբ համամասնական ընտրակարգ, հանձնաժողովների ձեւավորման կարգ` հիմնված որոշումների կայացման օբյեկտիվության վրա, ընտրություններից հետո ընտրողների ցուցակների հրապարակում եւ ծրարների հաշվառում:   «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  անունից ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանն ասաց, որ պետք է համաձայնության գան ընդդիմության հետ եւ ընդունեն ընտրական լավ օրենսգիրք, ինչպես նաեւ` քաղաքական կամք ցուցաբերեն լավ ընտրություններ անցկացնելու համար: «Բարգավաճ Հայաստանը», ինչպես նաեւ կոալացիոն քաղաքական ուժերը նպատակ ունեն ապահովել ազատ, անկախ  ու թափանցիկ ընտրություններ եւ նրանց ներկայացրած նոր նախագիծը միտված է առկա  սողանցքները վերացնելուն, ասաց բանախոսը: Խմբակցության ներկայացուցիչը պաշպանեց ընտրակարգերի 41-90 հարաբերակցությունը` ասելով, որ մեծամասնական ընտրակարգն այսօր դեռ անհրաժեշտ է:  Անդրադառնալով ցուցակների հրապարակման խնդրին` պրն. Բալասանյանը կարեւորեց վստահված անձանց դերակատարությունը ընտրությունների վերահսկման հարցում, ինչպես նաեւ նրանց` անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերումը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ՀՅԴ խմբակցությանը նախաձեռնության եւ կառուցողական աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց` նշելով, որ այն կնպաստի կոալիցիայի նախագծի էլ ավելի բարելավմանը:  Նշելով, որ արդար ընտրությունների անցկացման համար պատասխանատվություն են կրում թե իշխանությունը եւ թե ընդդիմությունը` ՀՀԿ խմբակցության ղեկավարը  ցանկալի համարեց, որ մյուս ընդդիմադիր ուժերը եւս մասնակցեն օրենսգրքի քննարկմանը:  Ներկայացնելով խմբակցության համար ընդունելի եւ անընդունելի մոտեցումները` պրն. Սահակյանը կարծիք հայտնեց, որ առաջին ընթեցումից հետո իրենց նախագծում որոշ փոփոխություններ կկատարվեն:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ հարցին` ո՞վ է պատասխանատու ընտրությունների համար եւ  նշեց, որ անկախ հանձնաժողովի ձեւավորման կարգից, ընտրությունների համար պատասխանատու է պետությունն  իր բոլոր մարմիններով: Նախարարը նշեց, որ այլընտրանքային երկու նախագծերն էլ ուղղված են ժողովրդավարական, արդար ընտրությունների անցկացմանը, եւ կառավարության բացասական եզրակացությունը չի բացառում ՀՅԴ նախագծով առաջարկվող մոտեցումների կյանքի իրավունքը:  Կոալիցիայի նախագիծը ուղղակի առավել համապարփակ լուծումներ է առաջադրում, նկատեց նախարարը: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական  հանձնաժողովը եւս, ի դեմս Արա Սիմոնյանի,   կոալիցիայի տարբերակն առավել ընդունելի է համարում: Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանն անդրադարձավ իրենց համար սկզբունքային կետերին: Նա նշեց, որ համամասնական 100 տոկոսանոց ընտրակարգը այլընտրանք չունի եւ շատ կարեւոր է քաղաքական համակարգի կայացման  համար, ինչպես նաեւ  ընտրակեղծիքների դեմ պայքարելու կարեւոր գործիք համարեց ընտրողների ցուցակների հրապարակումը ընտրություններից հետո: Խմբակցությունը կարեւոր է համարում նաեւ ծրարների հաշվառման գործընթացը, հանձնաժողովների ձեւավորման կարգը: Խմբակցությունը, ըստ բանախոսի, վճռական է այս մոտեցումները մինչեւ վերջ պաշտպանելու հարցում:

Հարցի քվեարկությունը կկազմակերպվի  ԱԺ հաջորդ նիստում:

Արդարադատության նախարարը պատգամավորների գնահատմանը ներկայացրեց մեկ այլ ` «Հավաքների ազատության մասին» օրինագիծը` հարակից 11 օրենքներում փոփոխությունների փաթեթով: Նախարարը նշեց, որ գործող օրենքը` «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ընդունվել է 2004 թ.-ին` մինչեւ սահմանադրական բարեփոխումները, որոնց  ընթացքում անդրադարձ է եղել նաեւ հավաքների ազատությանը` 29-րդ հոդվածում: Չնայած այս ընթացքում կատարված մի քանի փոփոխությունների`  օրենքն այսօր չի կարող բավարարել ժողովրդավարական պետություններում հավաքների ազատության միջազգային չափանիշների պահանջներին, ասաց Հրայր Թովմասյանը: Նոր վերնագրով եւ բովանդակությամբ փաստաթուղթը նախարարը բնորոշեց որպես առաջադեմ` հատկապես առանձնացնելով ինքնաբուխ եւ շտապ կարգով անցկացվող հավաքների  կարգավորման ընթացակարգը, երբ նախատեսված է առավել ճկուն եւ իրազեկման պարզեցված մոտեցում: Նախարարը ձեռքբերում համարեց նաեւ հավաքների անցկացման համար պայմաններ առաջադրելու ` կազմակերպիչներին հավաքի անցկացման որոշակի պայմաններ առաջարկելու  եւ դրանց շուրջ բանակցելու մեխանիզմը Նախագծում հստակ սահմանված են այն վայրերը, որտեղ արգելվում է հավաք անցկացնել, նաեւ ամրգարված` քանի դեռ հավաքը խաղաղ է ընթանում, այն չի կարող դադարեցվել ոստիկանության կողմից: Նշենք, որ օրենքի գործողությունը տարածվելու է միայն հավաքների վրա, մշակութային, սպորտային եւ այլ բնույթի միջոցառումները կկարգավորվեն այլ ընթացակարգերով:

Հարցի քննարկումը կշարունակվի մարտի 24-ի նիստում: Արդարադատության նախարարը կպատասխանի պատգամավորների հարցերին:

Չորեքշաբթի օրվա վերջին նիստում, ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով, պատգամավորները հարցեր ուղղեցին կառավարության անդամներին:


23.03.2011
«Բաց դաս» «Եվրասիա» միջազգային համալսարանի հենակետային վարժարանի սաների համար
Ազգային ժողովում անցկացվող «Բաց դաս»-երն ընդլայնում են շրջանակները. մարտի 23-ին Ազգային ժողով էին այցելել «Եվրասիա» միջազգային համալսարանի հենակետային վարժարանի սաները, ովքեր խորհրդարանի նիստին մասնակցելուց հետո հանդիպեցին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Ներկայացնելով իրենց կրթօջախը եւ...