National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.3.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
21.03.2011
Ազգային ժողովն սկսեց նոր խմբագրությամբ ՀՀ ընտրական օրենսգրքի քննարկումները
1 / 7

Մարտի 21-ին սկսվեցին Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի աշխատանքները:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավոր Արծրունի Աղաջանյանը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել, եւ քանի որ ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված ժամկետում նա իր դիմումը հետ չի վերցրել, այն համարվում է ընդունված:

Պարոն Աբրահամյանը տեղեկացրեց նաեւ, որ ԱԺ նիստերի դահլիճում են գտնվում պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի գլխավորած պատվիրակության անդամները: ԱԺ պատգամավորները ողջունեցին հյուրերին:

Բաց դռների քաղաքականության շրջանակում նիստին մասնակցում էին նաեւ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի դասախոսներ եւ ուսանողներ:

Ազգային Ժողովը քննարկեց, այնուհետեւ  հաստատեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը, քվեարկությամբ ընդունեց նախորդ քառօրյայում քննարկված երեք օրինագծերը եւ վավերացրեց մեկ միջազգային պայմանագիր: ԱԺ պատգամավորները ավարտեցին նախորդ քառօրյայում ընդհատված «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

Ազգային ժողովն սկսեց քննարկել ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Դավիթ Հարությունյանի, Հովհաննես Սահակյանի, Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Վարդան Բոստանջյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրք» (նոր խմբագրությամբ) ՀՀ օրինագծի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որը  ներկայացրեց   Դավիթ Հարությունյանը:

Բանախոսը ներկայացրեց ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումների ընթացքը եւ կատարված հիմնական փոփոխությունները: Նա տեղեկացրեց, որ ընտրական օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգ ստեղծելու նպատակով դեռեւս 2008 թվականին ձեւավորվեց աշխատանքային խումբ: Հայեցակարգի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության հաշվառումով մասնագիտական խումբը գրեց ընտրական օրենսգրքի նախագիծ, որը դեռեւս պաշտոնական չէր, այլ միայն քննարկման համար, որի վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ ստացվեցին: Կազմակերպվեց երկօրյա կոնֆերանս, որտեղ հնչած առաջարկների հաշվառումով ստեղծվեց փաստաթուղթ, որից հետո` աշխատանքային խումբ, որը քննարկեց ստացված առաջարկները: Պարոն Հարությունյանը տեղեկացրեց, որ եզրակացություն ստանալու նպատակով նախագիծը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին, որի կարծիքը ստանալուց հետո միայն լիագումար նիստում կքննարկվի երկրորդ ընթերցմամբ: Նախատեսվում է մայիս ամսին ավարտել աշխատանքները, որպեսզի ընտրություններից մեկ տարի առաջ պատրաստ լինի բարեփոխված ընտրական օրենսգիրքը:

Բանախոսի տեղեկացմամբ` օրենքի նախագծի նպատակն է լուծում տալ այն հարցերին, որոնք առաջ էին եկել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում եւ որպես ընտրական օրենսդրության, գործընթացների եւ  վարչարարության բարելավում` առաջարկվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության 2008թ. մայիսի 30-ի վերջնական զեկույցում, ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի  համատեղ եզրակացությունում, համապետական ընտրությունների արդյունքում ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներում:

Զեկուցողը  ներկայացրեց  նախագծում տեղ գտած հիմնական փոփոխությունները եւ դրանց նշանակությունը:

Մասնավորապես նա տեղեկացրեց, որ բարեփոխվել է ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի յոթ անդամներին 15 թեկնածուներից նշանակում է ՀՀ Նախագահը 5 տարի ժամկետով. հանձնաժողովի անդամի հինգական թեկնածուներ ներկայացնում են մարդու իրավունքների պաշտպանը, փաստաբանների պալատի նախագահը եւ վճռաբեկ դատարանի նախագահը: Հանձնաժողովի անդամներից առնվազն երկուսը պետք է ունենան իրավաբանական կրթություն, իսկ առնվազն երկուսը պետք է լինեն կին:

Տեղամասային ընտրական հանձնաժողովն ունի առնվազն յոթ անդամ: ՏԸՀ մեկական անդամ նշանակում են ՀՀ Նախագահը, Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունը, համապատասխան ԸԸՀ նախագահը: Հանձնաժողովի նախագահի, տեղակալի եւ քարտուղարի պաշտոններում նշանակվող անդամների թիվը որոշվում է համամասնական հավասարության սկզբունքով` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների հիման վրա :

Հաջորդ հարցը, որ կարեւորեց զեկուցողը, հրապարակայնության ապահովումն է: Այսպես` կենտրոնական ընտրական հանձնաժողովի անհատական որոշումներն ընդունվելուց, իսկ նորմատիվ որոշումները  օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում, ինչը կբարձրացվի ԿԸՀ գործունեության հրապարակայնությունը:

Մեկ այլ առաջարկությամբ` համապետական ընտրությունների նշանակումից հետո թեկնածուները, կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը էլեկտրոնային եղանակով` տեղադրելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում: Սույն կետի դրույթները վերաբերում են նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին: Դրույթի ընդունմամբ կբարձրանա ընտրողների տեղեկացվածությունը:

Դրույթներից մեկը նախատեսում է, որ ՀՀ Նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ եւ քվեարկության նախորդ օրը, ՀՀ ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմինը հրապարակում է հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաեւ յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը: ցուցակները տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում` որոնման հնարավորությամբ: Այն կբարձրացվի հրապարակայնության եւ հանրային վերահսկողության մակարդակը:

 Ընտրողների հանդիպումներ եւ ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով դահլիճներ եւ այլ շինություններ անվճար տրամադրում են նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները: Համապետական ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 20 օր հետո մարզպետը, Երեւանում` Երեւանի քաղաքապետը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում այն դահլիճների եւ այլ շինությունների ցանկը, որոնք թեկնածուներին ու կուսակցություններին տրամադրվում են անվճար: Այդ ցանկը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:

Պարոն Հարությունյանի տեղեկացմամբ` կանոնակարգվել են նաեւ  նախընտրական շտաբների հետ կապված իրավահարաբերությունները: Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել  կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ համայնքների, ընտրողների համար բարեգործություն չեն կարող իրականացնել:

Հանրային ռադիոյով եւ հանրային հեռուստատեսությամբ վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը չի կարող գերազանցել մինչեւ ընտրությունների նշանակումը վերջին վեց ամսվա համար առեւտրային գովազդի միջին գինը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն իրականացնում է հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից թեկնածուների, կուսակցությունների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մշտադիտարկում (մոնիտորինգ): Հանձնաժողովը մշակում եւ համապետական ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 20 օր հետո հրապարակում է հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդիկա:

Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հիմնադրած թերթերը եւ ամսագրերը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, պահպանելով համամասնական հավասարության սկզբունքը, պարտավոր են թեկնածուների,  կուսակցությունների համար ապահովել հավասար պայմաններ: Մանրամասն կանոնակարգվել է քարոզչական պաստառների փակցման գործընթացը, 5 քառ. մետրը գերազանցող պաստառների տեղերը տեղադրվում են ԿԸՀ կայքում, այդ տեղերը բաշխվում են ԿԸՀ որոշմամբ:

Պարոն Հարությունյանը կարեւորեց նաեւ այն դրույթը, ըստ որի` իրավաբանական անձինք նախընտրական հիմնադրամների հաշվին մուծումներ չեն կարող կատարել:          Ֆինանսական խախտումների դեպքում մեծացվել են պատժամիջոցները: Խախտումների դեպքում նախատեսվում է խախտման 5-ապատիկի չափով տուգանք, տարբերության չափով նվազեցվում է հիմնադրամի շեմը, տուգանքը չմուծելու կամ ԿԸՀ որոշումը չբողոքարկելու դեպքում` դատարանը կարող է թեկնածուի, կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչել:

Ընտրական հանձնաժողովներին տրամադրված միջոցների, նախընտրական հիմնադրամների, ինչպես նաեւ կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով  ստեղծվում է մշտապես գործող վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն: Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման եւ ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով համապետական եւ Երեւանի ավագանու ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակում է մեկ աուդիտորի:

Բանախոսի տեղեկացմամբ` հստակեցվել եւ կանոնակարգվել են դիմում-բողոքներին ընթացք տալու մեխանիզմները: Դիմում-բողոքների առկայության դեպքում իրականացվելու է վարչական վարույթ` «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

 Վերահաշվարկվում է առնվազն 7 քվեարկության արդյունք` ըստ դիմումների ստացման եւ դիմումներում նշված ընտրական տեղամասերի հերթականության: Դիմումներն ընդունվում են մինչեւ ժամը 16:00-ն: Եթե դիմումներում նշված վերահաշվարկի ենթակա քվեարկության արդյունքների թիվը մեծ է 7-ից, ապա անցկացվում է վիճակահանություն: Վերահաշվարկ իրականացնում է նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը` յուրաքանչյուր անդամ` 2-ական տեղամասում:

 Քվեարկության ընթացքը վստահված անձանց, դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների կողմից կարող է լուսանկարահանվել, տեսանկարահանվել` չխախտելով քվեարկության գաղտնիության սկզբունքը:

Բարձրացվում է հանձնաժողովի անդամի պատասխանատվությունը եւ վերահսկելի դարձվում նրա աշխատանքը: Այդ նպատակով ընտրողների ցուցակում քվեարկողի ստորագրության դիմաց հանձնաժողովի անդամը ստորագրության փոխարեն պետք է դնի անհատական կնիք:

Ներկայացված նախագիծը խրախուսում է նաեւ կանանց ներգրավվածությունը օրենսդիր մարմնում: Կուսակցության  ընտրական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկվում է առնվազն մեկ կին, իսկ ցուցակի 11-րդ համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով հնգյակում: Ընտրվողների  առնվազն 20 տոկոսը պետք է լինեն կանայք:

Խթանվում է այլընտրանքային ընտրությունը. մեկ թեկնածու առաջադրվելու կամ գրանցվելու դեպքում անցկացվում է նոր ընտրություն:

Հստակեցվել են նաեւ ընտրությունների ամփոփման եւ ընդունված որոշումների բողոքարկման ժամկետները,  ամրագրվել է, որ ընտրական հանձնաժողովների արձանագրություններում առանձին տողերով նշվում է ընտրողների ընդհանուր թիվը եւ յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների եւ քվեարկության մասնակիցների թիվը:

Գլխադասային` պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը ներկայացրեց Արա Սիմոնյանը` գործող օրենսգրքի հետ բարեփոխված տարբերակի համեմատությամբ վեր հանելով վերջինիս առավելությունները, որոնք առնչվում են  ընտրական հանձնաժողովների կազմավորմանը, հրապարակայնությանը, վերահսկողական խնդիրներին, խախտումների ժամանակ կիրառվող պատժամիջոցների խստացմանը, կանանց ներգրավվածության մեծացմանը, հանձնաժողովի անդամի պատասխանատվությանը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր ելույթում նկատեց, որ հանձնաժողովների ձեւավորման կարգը նախագծում հիմնավորված է: Փորձը ցույց է տալիս, որ կուսակցական հիմքով հանձնաժողովների ձեւավորումը արդյունավետ չի եղել, քանի որ հաճախ ոչ թե օրենքի տառն է կարեւորվել, այլ այս կամ այն կուսակցության շահը: Խառը մոդելը այս փուլում ընդունելի է, հետագայում ձեւավորման կարգը կարող է զարգանալ` ապաքաղաքականացնելով հանձնաժողովի կազմը: Նախարարը կարեւորեց նաեւ ֆինանսական հոսքերի եւ ծախսերի վերահսկողական մեխանիզմների հստակեցումը, նախընտրական հիմնադրամների դերի մեծացումը, վարչական վարույթներում դիմումների քննարկման մեխանիզմների ներդրումը քննարկվող նախագծում:

«Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը նախագծի վերաբերյալ ներկայացրեց Հովհաննես Մարգարյանը: Նա փաստեց, որ նախընտրական, ընտրական եւ հետընտրական գործընթացները եւ արդար ընտրություններ ապահովող հստակ մեխանիզմների ներդրումն այս օրինագծում ակնհայտորեն առաջընթաց քայլ է: Բանախոսի գնահատմամբ` թեեւ միայն ընտրական օրենսգրքով հարյուր տոկոսանոց արդար ընտրություններն անհնար են, բայց սա այն անհրաժեշտ գործիքն է , որ պետք է ապահովի ընտրական գործընթացների բնականոն, հրապարակային ընթացքը: Բանախոսի ելույթն ընդհատվեց նիստի ժամանակը լրանալու պատճառով:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի մարտի 22-ի նիստում:


21.03.2011
Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մարտի 21-ի  առավոտյան  Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչը եւ պատվիրակության անդամները այցելեցին  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, եղան Ցեղասպանության թանգարանում: Պարոն Բեբիչը գրառումներ կատարեց ...

21.03.2011
«Բաց դաս»` ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի դասախոսների եւ ուսանողների համար
Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակներում մարտի 21-ին խորհրդարանում հյուրընկալվել էին  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի դասախոսներն ու ուսանողները: Ավանդույթի համաձայն, նրանք նախ ներկա գտնվեցին Ազգային ժողովի նիստին: Այնուհետեւ նրանց հետ հանդիպեց Ազգային ժո...

21.03.2011
Հանդիպում` ընդլայնված կազմով
Հայաստանի եւ Խորվաթիայի խորհրդարանների նախագահների հանդիպմանը հաջորդեցին բանակցություններն ընդլայնված կազմով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ հարաբերությունների խորացումը բոլոր ուղղություններով:  Նա վստահություն հայտնեց, որ Խորվաթիայի նախագահ Իվո Յոսի...

21.03.2011
Լուկա Բեբիչը հանդիպեց Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի անդամների հետ
Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա  Բեբիչի գլխավորած պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպեց Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի անդամների հետ: Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը նշեց, որ հայ-խորվաթական երկկողմ հարաբերությունների սերտացման համար կա...

21.03.2011
ԱԺ նախագահը ընդունեց Խորվաթիայի խորհրդարանի ղեկավարին
Մարտի 21-ին սկսվեց Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի  Հանրապետություն: Խորհրդարանում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Խորվաթիայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի միջեւ տեղի ունեցավ առանձնազր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am