Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի գլխավորած պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպեց Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի անդամների հետ:
Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը նշեց, որ հայ-խորվաթական երկկողմ հարաբերությունների սերտացման համար կարեւոր է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: Այս տեսանկյունից պարոն Սահակյանը բարձ գնահատեց պատվիրակության այցը Երեւան: Նա կարեւոր համարեց եվրոպական կառույցներում Հայաստանի եւ Խորվաթիայի պատվիրակությունների միջեւ համագործակցության անհրաժեշտությունը: Նշելով, որ ԵՄ անդամակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է` խմբի ղեկավարն այդ հարցում կարեւորեց Խորվաթիայի փորձը:
Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչը եւս կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, փոխայցերը եւ համագործակցությունը միջազգային կառույցներում: Նա Խորվաթիայի խորհրդարանի աջակցությունը հայտնեց Հայաստանի եվրաինտեգրման հետ կապված գործընթացում: Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորները նշեցին, որ իրենց երկիրն արդեն ավարտում է ԵՄ անդամակցության բանակցությունները եւ պատրաստ է այդ հարցում իր փորձառությունը կիսել հայ գործընկերների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս: