Տպել
17.03.2011
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին
1 / 2

Մարտի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Աքսել Ֆիշերին:

Շնորհակալություն հայտնելով համագործակցության եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում համազեկուցողների կատարած աշխատանքի համար` ԱԺ նախագահը կարեւորեց նրանց  գործադրած ջանքերը, որոնք միտված են աջակցել մեր երկրին ` հաղթահարելու բարեփոխումների գործընթացում առաջացած խնդիրները: Հովիկ Աբրահամյանը ողջունեց նոր համազեկուցող Աքսել Ֆիշերին եւ հաջողություններ մաղթեց  իր պարտականությունների կատարման գործում:

 Ջոն Պրեսկոտը բարձր գնահատեց Հայաստանում ընթացող բարեփոխումները եւ կարեւորեց ԱԺ նախագահի դերը մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով  ստեղծված իրավիճակից հետո արձանագրված   առաջընթացի հարցում: Համազեկուցողը նշեց, որ ԵԽԽՎ   գարնանային  նստաշրջանում կզեկուցվի Հայաստանում իրականացված բարեփոխումների  եւ առաջընթացի մասին: Նա հատկապես կարեւորեց հեռանկարային բարեփոխումները, որոնք ավելի գնահատելի են: Պարոն Պրեսկոտի կարծիքով անհրաժեշտ է, որ քննադատությունը տեղափոխվի խորհրդարան եւ խորհրդարանն է այն հարթակը, որտեղ պետք է լսելի լինեն տարբեր դիրքորոշում ունեցող անձանց դիրքորոշումները: Նա բարձր գնահատեց ԱԺ նախագահի ջանքերն այս ուղղությամբ, քանի որ պարոն Աբրահամյանը բազմիցս առաջարկել է ընդդիմությանը օգտագործել ԱԺ ամբիոնը իրենց տեսակետները ներկայացնելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների հետո ազատազրկված անձանց հարցին, ընտրական օրնեսգրքի բարեփոխումներին, ոստիկանության եւ դատական համակարգերում ընթացող բարեփոխումներին, ՀՌԱՀ  ձեւավորման կարգին:  Պարոն Աբրահամյանը նշեց, որ բարեփոխված եւ հանրության դատին ներկայացված ընտրական օրենսգիրքը անցել է քննարկումների երկարատեւ ուղի եւ լսելի են եղել բոլոր այն անձանց ձայները եւ առաջարկները, ովքեր ցանկություն են ունեցել իրենց ներդրումն ունենալ այդ գործընթացում:

 ԱԺ նախագահը վերահաստատեց ՀՀ իշխանությունների կամքն եւ պատրաստակամությունը   իրականացնել անկողմնակալ եւ թափանցիկ հետաքննություն մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ` ընդգծելով, որ բոլորի ցանկությունն է  իմանալ ճշմարտությունը:

Հովիկ Աբրահամյանը  իր մտահոգությունը արտահայտեց ԵԽԽՎ ԼՂ հարցերով ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների վերսկսման կապակցությամբ` նշելով, որ այն կխոչընդոտի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին:  Պարոն Պրեսկոտը նույնպես մտահոգություն հայտնեց եւ նշեց, որ պետք է դրսեւորել զգուշավորություն, որպեսզի  հետ քայլ չարձանագրվի:

Վերջում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանի Նախագահը, խորհրդարանը եւ կառավարությունը  հաստատակամ են  ժողովրդավարական բաերփոխումները ավարտին հասցնելու գործում :

Ջոն Պրեսկոտը լինելով Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամ բարձր գնահատեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցը Լոնդոն` նշելով ,որ բրիտանական խորհրդարանի երկու պալատների նախագահները մեծ տպավորություն էին ստացել նրա հետ հանդիպումից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:
 
 


17.03.2011
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հանդիպումները խորհրդարանում
Մարտի 17-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ լորդ Ջոն Պրեսկոտը եւ Աքսել Ֆիշերը Հայաստան այցի շրջանակներում հանդիպեցին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների  հետ: ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտը ...