Տպել
14.03.2011
Լոնդոնում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ ունեցավ Համայնքների եւ Լորդերի պալատների նախագահների հետ
1 / 7

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:

Մարտի 14-ին Լոնդոնում Հայաստանի խորհրդարանի նախագահի  գլխավորած պատվիրակությունը մի շարք  հանդիպումներ ունեցավ  Մեծ Բրիտանիայի խորհրդարանում: Առաջին հանդիպումը  ՄԹ  խորհրդարանի  Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուի հետ էր: Հանդիպմանը մասնակցում էր բարոնուհի Քերոլայն Քոքսը:

Ողջունելով ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը` պարոն Բերքոուն կարեւորեց Հայաստանի խորհրդարանի ղեկավարի այցը Մեծ Բրիտանիա եւ նշեց, որ այն խթան կհանդիսանա  երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման եւ միջխորհրդարանական համագործակցության խորացման համար: Նա անհրաժեշտ համարեց խորհրդարանների միջեւ երկկողմ շփումների ակտիվացումը:  Համայնքների պալատի նախագահը հայ խորհրդարանականներին ներկայացրեց Միացյալ Թագավորության երկպալատ խորհրդարանի կառուցվածքը, կազմը:

ԱԺ նախագահ Հովիկ  Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ հաստատեց Հայաստանի պատրաստակամությունը` ակտիվ եւ կառուցողական քաղաքական երկխոսություն ծավալել Միացյալ Թագավորության հետ: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների բազմակողմանի զարգացումը եւ այդ համատեքստում` բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումը, ինչին կնպաստեն երկկողմ փոխայցելությունները, տարբեր ձեւաչափերով, շփումների ակտիվացումը:  Այս համատեքստում ԱԺ նախագահը բարձր գնահատեց 2010 թ. փետրվարին ՀՀ Նախագահի այցը Միացյալ Թագավորություն: Նրա համոզմամբ` իր այցի ընթացքում նախատեսված հանդիպումների արդյունքում եւս կհաջողվի ընդլայնել համագործակցության եզրերը եւ նոր ուղիներ նախանշել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Օրենսդիր մարմինների  միջեւ գործակցության խորացման առումով կարեւոր դեր վերապահվեց խորհրդարաններում գործող պատգամավորական բարեկամության խմբերին:

Հովիկ Աբրահամյանը  ներկայացրեց  Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացմանն ուղղված վերջին զարգացումներին:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին նաեւ համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում, քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: 
  
Հաջորդ հանդիպումը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի  Լորդերի պալատի նախագահ բարոնուհի Հելեն Հայմանի հետ էր:

Լորդերի պալատի նախագահի համոզմամբ` Հայաստանի ԱԺ նախագահի այցը կարեւոր նախադրյալ է բրիտանահայկական փոխգործակցությանը նոր լիցք հաղորդելու առումով: Նա կարեւորեց խորհրդարանների միջեւ շփումների ակտիվացումը` այս համատեքստում  բարձր գնահատելով բարոնուհի Քերոլայն Քոքսի կատարած մեծ աշխատանքը: Բարոնուհի Հելեն Հայմանը հույս հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանի այցը կնպաստի երկկողմ կապերի ակտիվացմանը եւ զարգացմանը:

Ազգային ժողովի նախագահը նշեց, որ իր այցի նպատակն է ակտիվացնել երկկողմ շփումները եւ կարեւորեց քաղաքական եւ տնտեսական կապերի զարգացումը` հայ-բրիտանական միջպետական համագործակցության զարգացման եւ ընդլայնման համար` անհրաժեշտ համարելով  օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների ակտիվացումը:

«Մենք կարեւորում ենք Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ միջխորհրդարանական համագործակցությունն այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է:  Մենք շահագրգիռ ենք խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը` աշխուժացնելով Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանների միջեւ տարբեր մակարդակներով պատվիրակությունների երկկողմ այցերը: Կարեւորում ենք միջխորհրդարանական կապերի զարգացումը, որը միջպետական հարաբերությունների բաղադրիչ մաս է կազմում»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով` Հայաստանը իրեն տեսնում է եվրոպական ընտանիքում եւ  մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների եւ խորհրդարանների հետ հարաբերությունների զարգացմանը, իսկ ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը հնարավորությունների լայն շրջանակ է բացում երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության զարգացման համար:

Բարոնուհի Քոքսը նշեց, որ 70 անգամ այցելելով  Հայաստան եւ ԼՂՀ` համոզված է, որ այնտեղ կառուցում են իրապես ժողովրդավարական երկիր եւ քաղաքացիական հասարակություն:  Նա անգնահատելի համարեց  Հայաստանի դերը համաշխարհային մշակութային եւ հոգեւոր ժառանգության մեջ եւ քաղաքակրթության զարգացման գործում: Քերոլայն Քոքսը համարձակ եւ սկզբունքային քայլ գնահատեց  առանց նախապայմանների հայ-թուրքական  հարաբերություններ սկսելու  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի  նախաձեռնությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ հայ-թուրքական հարաբերություններին:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ կողմ է հակամարտության խաղաղ լուծմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում. խնդիրը լուծում ունի միայն միջազգային իրավունքի` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների համատեքստում եւ այդ սկզբունքներից որեւէ մեկը չպետք է գերակշռի մյուսի նկատմամբ:

Հայաստան-Թուրքիա հարաբերություններին անդրադառնալով` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ  Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով, բայց  Թուրքիան պատրաստ չէ սկսած գործընթացը շարունակել առանց նախապայմանների` համաձայն Ցյուրիխում միջազգային բարձր միջնորդությամբ ստորագրված արձանագրությունների ոգուն: Եվ հաշվի առնելով Թուրքիայի խորհրդարանում ողջամիտ ժամկետներում արձանագրությունների վավերացման ուղղությամբ անհարկի ձգձգումները եւ նախապայմանների առաջադրումը,  Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը արձանագրությունները ետ կանչեց Հայաստանի խորհրդարանի օրակարգից` պահպանելով միեւնույն ժամանակ արձանագրությունների տակ դրված հայկական կողմի ստորագրությունը եւ դրանով իսկ հարգելով միջնորդների բարձր հեղինակությունը:

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը Լորդերի պալատի նախագահին հրավիրեց Հայաստան:

Բրիտանիայի խորհրդարանում ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը հանդիպեց Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի անդամների հետ` Քերոլայն Քոքսի գլխավորությամբ:

Հանդիպումից հետո ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները շրջայց կատարեցին խորհրդարանի շենքում, մասնակցեցին Լորդերի պալատի նիստին, որտեղ  ընթանում էր խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանը:

Մարտի 15-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի ղեկավար Ռոբերթ Վոլթերի հետ: Հանդիպումից հետո Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կվերադառնա Հայաստան: