Տպել
02.03.2011
Խորհրդարանն ընտրեց մարդու իրավունքների պաշտպան
1 / 1

Ազգային ժողովի մարտի 2-ի առաջին նիստի օրակարգում մարդու իրավունքների  պաշտպանի ընտրության հարցն էր:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, հղում կատարելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 3-րդ հոդվածին, ներկայացրեց ԱԺ 48 պատգամավորների կողմից առաջադրված թեկնածուին` Կարեն Անդրեասյանին: Այս հոդվածի համաձայն, մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին առաջադրում են  պատգամավորների առնվազն 1/ 5-ը:

Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն իր ելույթում առաջադրման համար շնորհակալություն հայտնելով` նախանշեց այն հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները, որոնցով առաջնորդվելու է պաշտոնավարման 6 տարիներին:  Նա խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ մեկ մարդու ցավն ու խնդիրը իր համար առավել  քան կարեւոր են լինելու:  ՄԻՊ թեկնածուն խոսեց մի քանի կարեւոր` խոսքի ազատության, ընտրական, սեփականության պաշտպանության եւ այլ իրավունքների մասին: Խոսքի ազատության բնագավառում հատկապես Կարեն Անդրեասյանը մեծ փորձ ունի, ինչպես նաեւ  ներդրում` լրագրողների կողմից զրպարտություն կամ վիրավորանք տարածելը ապաքրեականացնելու նախաձեռնության մեջ: Այս նախաձեռնությունը լրագրողական հանրության կողմից միանշանակ չի ընկալվել, թեեւ քրեական պատասխանատվությունը փոխարինվել է քաղաքացիականով: Այս  կապակցությամբ ՄԻՊ  թեկնածուն լրատվամիջոցների հետ համագործակցելու եւ համատեղ ջանքերով ոչ մեկին չվնասելու մեխանիզմներ գտնելու պատրաստակամություն հայտնեց: Նա կարեւոր համարեց այս հարցում համաչափ ու հավասարակշիռ մոտեցումը. երբ կպաշտպանվեն թե խոսքի ազատության եւ թե անձի արժանապատվության իրավունքները: Բանախոսը մարդու իրավունքների պաշտպանի գործունեության դաշտում է տեսնում կարգապահական վարույթ իրացնելը, ինչպես նաեւ նախատեսում է ստեղծել մարզային ներկայացուցչություններ, քննարկումներում ներգրավել մասնագիտական կառույցների ու մասնագետների, լսել յուրաքանչյուրին: Նա ակնկալում է  ՄԻՊ ինստիտուտի նկատմամբ հասարակության վստահությունը մեծացնել, ինչն էլ կնպաստի դիմումների քանակի ավելացմանը: Կարեն Անդրեասյանը պատասխանեց նաեւ պատգամավորնրի հարցերին` գնահատելով մեր երկրում ժողովրդավարության մակարդակը, անդրադառնալով ընտրական իրավունքի պաշտպանությանն ու  քաղաքական փոքրամասնության իրավունքների պաշտպանությանը: Խորհրդարանական ընդդիմությունը` ՀՅԴ խմբակցությունը, անհամաձայնություն հայտնեց ՄԻՊ թեկնածուի առաջադրման ձեւի կապակցությամբ, թեեւ կոնկրետ անձի վերաբերյալ վերապահումներ չունի: Վահան Հովհաննիսյանը խմբակցության անունից նշեց, որ  ընդդիմության հետ լայն քննարկումներ չեն եղել, միայն վերջին պահին է հանդիպում կազմակերպվել թեկնածուի հետ: Այլընտրանքային թեկնածուի հնարավորություն նույնպես չի եղել, քանի որ օրենքն է այդպես նախատեսել, ասաց բանախոսը եւ տեղեկացրեց, որ խմբակցությունն այս պայմաններում չի կարող կողմ քվեարկել:

Ելույթ ունենալով` կոալիցիա կազմող քաղաքական երեք ուժերի ներկայացուցիչները պաշպանեցին Կարեն Անդրեասյանի թեկնածությունը: «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հույս հայնտեց, որ մարդու իրավունքների նոր պաշտպանը կլինի  անկողմնակալ, սկզբունքային, կգործի հրապարակայնորեն ու բաց: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը լուրջ քայլ գնահատեց զրպարտության հոդվածի ապաքրեականացումը եւ ՄԻՊ թեկնածուի ներդրումն այս նախաձեռնության մեջ:  Նա հնչեցրեց մարդու իրավունքների պաշտպանի հաջող գործունեության իր բանաձեւը. նրանից հավասարապես պետք է դժգոհ լինեն թե ընդդիմությունը եւ թե իշխանությունը: ՀՀԿ-ում, ինչպես նշեց խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, Կարեն Անդրեասյանին համարում են մարդու իրավունքների պաշտպանի համար կարեւոր հատկություններով` գրագիտությամբ, համարձակությամբ ու սկզբունքայնությամբ օժտված անձ:

Խորհրդարանը 83 կողմ եւ 13 դեմ ձայների հարաբերակցությամբ Կարեն Անդրեասյանին ընտրեց մարդու իրավունքների պաշտպան, ով պաշտոնն ստանձնեց երդման արարողությամբ:

ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր գործընկերների գնահատմանը ներկայացրեց «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացման առաջարկ: Օրենքը ընդունվել է 2002 թ.-ին եւ մինչ օրս` չնայած այս ոլորտում առաջնահերթությունների վերանայմանը, փոփոխության չի ենթարկվել: Մշակութային որոշ կազմակերպություններ պաշտոնական անվան մեջ ունեն «ազգային» բառը, մինչդեռ այդ հասկացությունը օրենսդրական ամրագրում չունի: Բացը լրացնելու եւ ազգային կոչվելու չափորոշիչները սահմանելու նպատակով են ՀՅԴ պատգամավորները նախաձեռնել այս լրացումը: Միաժամանակ նախատեսել են ազգային կարգավիճակ ունեցող մշակութային կազմակերպություններին պետական աջակցություն ցուցաբերելու նորմ: Հարցի վերաբերյալ թե կառավարության եւ թե գլխադասային` գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը տվել են դրական եզրակացություն: Հանձնաժողովի գնահատականը ներկայացրեց Կարինե Աճեմյանը:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ներկայացրեց ոլորտին առնչվող նախագծեր: ՀՀ ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու նախագիծը նախատեսում է ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվությունը սահմանել 15 տարի` փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման եւ 5 տարի` դրանց կառուցման համար: Գործող օրենքում այդ ժամկետը սահմանափակ է եւ չի կարող գերազանցել 5 տարին: Նախարարը պատգամավորներին տեղեկացրեց, որ էլեկտրական էներգիայի արտադրության դեպքում լիցենզիան ունի 15 տարի գործունեության ժամկետ, իսկ ջրօգտագործման 5 տարի ժամկետով թույտվությունը չի կարող երաշխավորել ՓՀԷԿ-երի սեփականատերերի ներդրումների վերադարձելիությունը եւ ոլորտի գրավչությունը նոր ներդրումների համար: Նախագծում սահմանված դրույթի համաձայն` ջրօգտագործման նշված թույլտվությունը կտրվի ՀՀ ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում: Հաջորդ նախագծով` «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելով` գործադիրը նպատակ ունի օրենքը  համապատասխանեցնել  թե Եվրամիության չափանիշներին, եւ թե դարձնել այն արդի իրողություններին ու զարգացումներին համահունչ. գործող օրենքն ընդունվել է 1994 թ.: Նախարարի ներկայացմամբ` առաջարկվում է  հստակեցնել մի շարք հասկացություններ, տարանջատել տարածքային կառավարման մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները Կատարված հստակեցումները նպատակ ունեն նաեւ ոլորտում նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը: Մասնավորապես  սահմանվել է 30-օրյա ժամկետ` կազմակերպություններին աղտոտող նյութերի վերաբերյալ պատասխան տալու համար: ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը նախագծերին տվել է դրական եզրակացություն:

ՀՀԿ խմբակցության պատգամավորների առաջարկը «Պետական տուրքի մասին» օրենքում  եւ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նիստում ներկայացրեց համահեղինակ Հովհաննես Սահակյանը: Պատգամավորները նախատեսում են դատարաններում  պետական տուրքից ազատել նաեւ արդարացվածներին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀԿ պատգամավորների մեկ այլ նախաձեռնություն նախատեսվում է խորհրդարանի ինտերնետային էջում ԱԺ դռնբաց նիստերի առցանց հեռարձակում: Հովհաննես Սահակյանը տեղեկացրեց պատգամավորների շահերը պաշտպանելուն ուղղված մեկ այլ փոփոխության մասին: Հեղինակներն առաջարկում են պահպանել պատգամավորի` բանավոր մեկ հարց ուղղելու իրավունքն այն դեպքում, երբ կառավարության անդամը կամ վարչապետը պատգամավորի բանավոր հարցին գրավոր պատասխանելու առաջարկ են կատարում: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովոը պատգամավորների նախաձեռնությունները դրական է գնահատել:

Երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ներկայացվեցին նաեւ  «Փախստականների եւ ապաստանի մասին» եւ «Քաղաքական ապաաստանի մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող, ինչպես նաեւ «Բնապահպանական վերահսկողության մասին» եւ հարակից երկու նախագծերի փաթեթները: Առաջին ընթերցումից հետո երկու փաթեթների վերաբերյալ առաջարկներ չեն եղել:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց նաեւ նախորդ օրը քննարկված հարցերը:

Չորեքշաբթի օրվա վերջին նիստում, ինչպես նախատեսում է ԱԺ կանոնակարգը, պատգամավորների եւ կառավարության անդամների միջեւ տեղի ունեցավ հարցուպատասխան:


02.03.2011
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կենսագրությունը
Իրավաբանական գիտությունների թեկնածու, Երեւանի պետական համալսարանի դոցենտ եւ ՀՀ փաստաբանների պալատի անդամ ԿԱՐԵՆ ԱՐԵՍԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ծնվել է 1977 թվականին: 1994-2002 թվականներին Կ. Անդրեասյանը սովորել եւ մասնագիտացել է մի շարք հաստատություններում, այդ թվում` Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակո...