Տպել
02.03.2011
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կենսագրությունը
1 / 1

Իրավաբանական գիտությունների թեկնածու, Երեւանի պետական համալսարանի դոցենտ եւ ՀՀ փաստաբանների պալատի անդամ ԿԱՐԵՆ ԱՐԵՍԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ծնվել է 1977 թվականին:

1994-2002 թվականներին Կ. Անդրեասյանը սովորել եւ մասնագիտացել է մի շարք հաստատություններում, այդ թվում` Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում եւ նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում, ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Բերկլիի Համալսարանում, Մեծ Բրիտանիայի  Օքսֆորդի Համալսարանում, Մարդու իրավունքների կանադական կենտրոնում, Նիդերլանդների եվրոպական լրագրության կենտրոնում:

1997-2000 թվականներին աշխատել է մի շարք ՀՀ պետական մարմիններում` Երեւանի քաղաքապետարանում, ՀՀ պաշտպանության նախարարությունում, առաջին ատյանի դատարանում, ինչպես նաեւ դասավանդել է մարդու իրավունքներ եւ վարչական իրավունք թիվ 120 միջնակարգ դպրոցում  եւ ՀՀ Ոստիկանության ակադեմիայում:

2001-2007 թվականներին դասավանդել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

2001-2003 թվականներին նա համատեղությամբ աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում, այդ թվում` ՀՀ Իրավաբանների միության անվճար իրավական օգնության կենտրոնում /որպես տնօրեն/, «Քաղաքացիական կրթության ծրագիր» միջազգային կազմակերպությունում /որպես ծրագրի համակարգող/, «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունում /որպես իրավաբան/: Նշված ժամանակաշրջանում նաեւ դասավանդել է մարդու իրավունքներ Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ Ղարաբաղում անցկացված լրագրողների համար նախատեսված սեմինարներին:

2003 թվականին նա աշխատել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի Սոցիոլոգիական եւ իրավական հետազոտությունների կենտրոնում` որպես ավագ գիտաշխատող:

2003-2004 թվականներին որպես միջազգային փորձագետ եւ խորհրդատու` աշխատել է Մեծ Բրիտանիայում գտնվող «Հոդված 19» միջազգային կազմակերպությունում, Հունգարիայում տեղակայված «Բաց Հասարակության իրավական նախաձեռնություն» միջազգային կազմակերպությունում, Բուլղարիայի «Տեղեկատվության մատչելիություն» կազմակերպությունում:

2005-2008 թվականներին աշխատել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունում` որպես իրավաբան, հետո գլխավոր իրավաբան, այնուհետեւ փոխտնօրեն:

2006-2007 թվականներին համատեղությամբ աշխատել է որպես ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական:

2008 թվականից մինչ օրս  «ԴԻՖԵՆՍ» իրավաբանական ընկերության տնօրենն է:

2007-2010 թվականներին իրականացրել է մի շարք հեռուստատեսային եւ հասարակական նախագծեր, այդ թվում` Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է տեղեկատվական իրավունքի եւ հետաքննական լրագրության բուհական մրցույթ լրագրող եւ իրավաբան ուսանողների համար, վարել է «Երկրի թեմա» հաղորդաշարը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, «Իրականում» հաղորդաշարը` «Արմենիա» հեռուստաընկերությունում:

Կարեն Անդրեասյանը շուրջ քսան հրապարակված գիտական հոդվածների, ուսումնական ձեռնարկների եւ այլ աշխատությունների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երկու որդի:


02.03.2011
Խորհրդարանն ընտրեց մարդու իրավունքների պաշտպան
Ազգային ժողովի մարտի 2-ի առաջին նիստի օրակարգում մարդու իրավունքների  պաշտպանի ընտրության հարցն էր: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, հղում կատարելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 3-րդ հոդվածին, ներկայացրեց ԱԺ 48 պատգամավորների կողմից առաջադրված թեկնածուին` Կարեն Անդրեասյա...