Տպել
17.12.2010
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստը Շիրակի մարզ
1 / 4

Դեկտեմբերի 17-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ արտագնա նիստ անցկացրեց ՀՀ Շիրակի մարզի Արեգնադեմ, Ջաջուռ եւ Առափի գյուղերում:  Նշենք, որ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից  իրականացվող արտագնա նիստն անցկացվում էր   ՀՀ ԱԺ կողմից հայտարարված «Ազգային ժողովը մարզերում» նախաձեռնության շրջանակում` ՀՀ ԱԺ եւ ԱՄՆ ՄԶԳ համատեղ ծրագրի օժանդակությամբ:   Մարզային հանդիպումներին մասնակցեցին նաեւ  «Հանրային ցանցը» ներկայացնող  հասարակական կազմակերպությունները:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը համայնքների բնակիչներին  տեղեկացրեց, որ Շիրակի մարզ նախատեսել էր այցելել նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, սակայն հրավիրված արտահերթ նստաշրջանի պատճառով ծրագիրը փոխվել է:

Պատգամավորներն սկզբում  այցելեցին Արեգնադեմ համայնք: ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը  համայնքի բնակչությանը տեղեկացրեց , որ հանձնաժողովը ձեռնարկել է արտագնա նիստեր անցկացնել հանրապետության սահմանամերձ, բարձրլեռնային համայնքներում, որպեսզի տեղում ծանոթանան խնդիրներին եւ իրավիճակին, դրանց վերաբերյալ առաջարկներ ներկայացնեն  ՀՀ կառավարությանը եւ համապատասխան մարմիններին:

Արեգնադեմ համայնքի ղեկավար Աղունիկ Հազրյանը տեղեկացրեց, որ Արեգնադեմ գյուղի բնակիչները 453 են, շուրջ 110 ընտանիք: Համայնքի ղեկավարը կարեւորեց դպրոցի շենքային  պայմանների բարելավումը:  Հովհաննես Մարգարյանը հավաստիացրեց, որ խնդիրը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

Արտագնա նիստը պատգամավորները շարունակեցին Ջաջուռ գյուղում, որի բնակչությունը  900-ից ավելի է:

 Համայնքի ղեկավար Սոկրատ Սուվարյանն անդրադառնալով գյուղի բազմապիսի խնդիրներին` առանձնացրեց մի քանիսը, որոնք նրա եւ գյուղաբնակների կարծիքով շուտափույթ լուծում են պահանջում:

Առաջինր երկրաշարժից հետո անօթեւան մնացած 43 ընտանիքների բնակարանով ապահովման հարցն էր: Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ ավերիչ երկրաշարժի պատճառով գյուղն ավերվել էր ամբողջությամբ:Եվ պատգամավորները, եւ համայնքի բնակիչները համաձայնեցին, որ առկա բոլոր խնդիրներից ամենակարեւորը անօթեւան բնակիչների բնակարանային  հարցի լուծումն է: Համայնքապետը կարեւորեց նաեւ համայնքի գազաֆիկացումը, որի կապակցությամբ Հովհաննես Մարգարյանը   նշեց, որ խնդիրը կարգավորման փուլում է, եւ առաջիկա գարնանը խնդիրը կլուծվի:

Կարեւորվեց գյուղի տարածքով անցնող Ջաջուռ /Ախուրյան/  գետի հունի մաքրումը, որի վերաբերյալ Հովհաննես Մարգարյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը նախատեսել է հանրապետության գետերի մաքրման համալիր ծրագիր, որի ցանկում էլ հավանաբար կիրականացվի Ջաջուռ գետի մաքրումը:

Առափի գյուղը, որտեղ օրվա վերջում եղան պատգամավորները, իր մեծությամբ եւ բնակչության թվով ամենամեծն էր: Համայնքի բնակչությունը կազմում է 2300 մարդ : Մինչ երկրաշարժը գյուղը բնակվել է բարեկեցիկ կյանքով, ունեցել մշակույթի տուն, երկհարկանի դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, գրադարաններ եւ այլն: Սակայն ավերիչ երկրաշարժի հետեւանքով փոխվել էր գյուղի դեմքն ու սոցիալական վիճակը:  Հետագայում կատարվել են բազմաթիվ վերականգնողական աշխատանքներ, արդյունքում  այսօր գործում է ոչ տիպային դպրոց` 210 աշակերտով, գրադարան, կաթի վերամշակման փոքր ձեռնարկություն եւ այլն:

Համայնքի ղեկավար Ալբերտ Այվազյանը եւս անդրադարձավ գազաֆիկացման խնդրին, որի վերաբերյալ Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ այս գյուղում եւս գարնանը կսկսվեն գազաֆիկացման աշխատանքները:

Ամենակարեւոր խնդիրը, որն ունի գյուղը, սողանքներն են , ինչը հետեւանք է ստորգետնյա ջրերի բարձրացման եւ  ջրամբարտակի կառուցման:  Սողանքների շրջակայքում առկա է 120 տուն, դրանցից 10-ը արդեն ունեն 4-րդ կարգի վթարայնություն:

Համայնքի ղեկավարի տեղեկացմամբ` խնդրի վերաբերյալ ահազանգել են կառավարությանը, որոշակի աշխատանքներ կատարվել են , համալիր լուծում խոստացվել է ցուցաբերել 2012-2014 թվականներին:

Այս խնդիրներից բացի, կարեւորվեց պտուղ-բանջարեղենի վերամշակման գործարան ունենալու կարեւորությունը, քանի որ մշակվող բանջարեղենի իրացման խնդիր կա:

Ամփոփելով Արեգնադեմ, Ջաջուռ եւ Առափի համայնքներում կայացած արտագնա նիստը` հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը նշեց, որ քննարկված հարցերի վերաբերյալ առաջարկներ կներկայացնեն կառավարությանը, կփորձեն հնարավոր միջոցներով աջակցել խնդիրների կարգավորմանը: 


17.12.2010
ԱԺ արտահերթ նստաշրջանի նիստում
ԱԺ արտահերթ նստաշրջանի դեկտեմբերի 17-ի նիստում ԱԺ պատգամավորները շարունակեցին քննարկել  նախորդ նիստում ընդհատված «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրինագիծը եւ մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը: Իրենց ելույթներում Արծվիկ Մինասյանը, Լարիսա Ա...