Տպել
08.12.2010
Ներկայացվեց բյուջեի նախագծի վերջնական տարբերակը
1 / 7

Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ի նիստում ավարտեց «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: Այն, ի թիվս նախորդ օրը քննարկված բոլոր նախագծերի, պատգամավորները ընդունեցին քվեարկությամբ:

«Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարանի այս նիստի աշխատանքներին հետեւելու հնարավորություն էին ստացել մայրաքաղաքի Շենգավիթ համայնքի դպրոցների բարձր դասարանի աշակերտները եւ ուսուցիչները, ում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունեց պատգամավորների անունից:

Կառավարությունն այս նիստում խորհրդարանի դատին հանձնեց «Հայաստանի Հանրապետության 2011 թ. պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական տարբերակը` լրամշակված պատգամավորների առաջարկությունների ու դիտողությունների հիման վրա: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը  ներկայացրեց, որ սահմանված կարգով բյուջետային քննարկումներն ընդմիջելուց հետո պատգամավորների կողմից ստացվել են  616 առաջարկներ` հիմնականում լրացուցիչ ծախսեր եւ վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ: Առաջարկներից  216-ը` շուրջ 35 տոկոսը, իրենց արտացոլումն են գտել գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթում:  Առաջարկների եւս 30 տոկոս կառավարությունը համարել է ընդունելի` հաջորդ տարիների բյուջեների նախագծերում դրանց անդրադառնալու պատրաստակամություն հայտնելով: Մնացած առաջարկները մերժվել են բյուջետային ռեսուրսների սահմանափակության վերաբերյալ հիմնավորմամբ, ինչպես նաեւ բյուջետային ցուցանիշներին համահունչ չլինելու պատճառով: Ընդունված առաջարկների ֆինանսական արժեքը, ըստ ֆինանսների նախարարի, կազմել է 26,1 մլրդ դրամ: Այս գումարի զգալի մասը` 19,4 մլրդ դրամ, նախատեսվում է ուղղել սոցիալ-մշակութային ծախսերի իրականացմանը: Մասնավորապես, կրթության ոլորտի համար առանձնացվել է 7 մլրդ, սոցիալական ապահովության համար` 10 մլրդ, մշակույթի ոլորտի համար` 1,1 մլրդ, առողջապահության ոլորտի համար` 0,6 մլրդ եւ գիտության համար` 0,7 մլրդ դրամ:  Տնտեսության տարբեր ճյուղերին վերաբերվող առաջարկների արժեքը, Տիգրան Դավթյանի տեղեկացմամբ, կազմել է 4,9 մլրդ դրամ: 1,8 մլրդ դրամ էլ նախատեսվել է այլ ծախսերի համար: Բյուջեի վերջնական տարբերակում եկամտային եւ ծախսային մասն ավելացել են 2,4-ական մլրդ դրամով եւ կազմել համապատասխանաբար 852 մլրդ դրամ եւ 1 տրիլիոն 1 մլրդ դրամ: Արդյունքում անփոփոխ է մնացել դեֆիցիտը`  148,6 մլրդ դրամ ցուցանիշով: Դեֆիցիտը ընթացիկ տարվա համեմատությամբ նվազել է 44,8 մլրդ դրամով, բարելավվել են նաեւ եկամտային եւ ծախսային ցուցանիշները: Ֆինանսների նախարարը, ամփոփելով բյուջե-2011-ի  ներկայացման փուլը, նկատեց, որ այս ցուցանիշներով այն համապատասխանում է   կառավարության նպատակներին ու ծրագրերին: Նրա խոսքերով` բյուջե-2011-ը   հավասարակշռված է եւ իրատեսական:

Բյուջեի նախագծի վերաբերյալ նախարարին ուղղված հարցերում պատգամավորներն անդրադարձան թե բյուջետային առաջնահերթություններին ընդհանրապես, թե կոնկրետ ծրագրերի ֆինանսավորմանն ու իրագործմանը: Մասնավորապես նախարարից հիմնավորումներ լսեցին չընդունված առաջարկների վերաբերյալ:

2011 թ. բյուջեի նախագծի վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության անունից տեսակետ ներկայացրեց Անահիտ Բախշյանը: Նա մտահոգություն հայտնեց, որ կառավարությունը հիմնականում ընդունել է կոալիցիոն քաղաքական ուժերից ստացած առաջարկները, եւ փոխարենը փաստաթղթում չի արտացոլել խորհրդարանի  ընդդիմադիր ուժերի առաջարկները: Պատգամավորի հաշվարկով` կառավարությունն իրականում ավելի քիչ առաջարկներ է ընդունել.  դրանց մի մասն արդեն իսկ ընդգրկված է եղել բյուջեի նախնական տարբերակում:

Խորհրդարանի քաղաքական ուժերը բյուջեի նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումները կներկայացնեն քառօրյայի վերջին օրը:

ԱԺ կոնանակարգի 105.1 հոդվածի սահմանած կարգով` Ազգային ժողովի երկու խմբակցություններ չորեքշաբթի օրվա երկրորդ նիստում հանդես եկան հարցապնդումներով:

«Ժառանգություն» խմբակցության  ղեկավար Ստյոպա Սաֆարյանն իր հարցապնդմամբ կառավարության ուշադրությունը հրավիրեց աղետի գոտու բնակարանաշինության խնդիրների, մասնավորապես «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից կատարած աշխատանքների ու հատկապես հայտնաբերված թերությունների, ժամկետների խախտումների  վրա: Քաղաքաշինության նախարար Վարդան  Վարդանյանը, արձագանքելով պատգամավորի հարցապնդմանը, տեղեկացրեց, որ «Գլենդել Հիլզ»-ը  բնակարանները շահագործման հանձնելու ժամկետում չի խախտել պայմանագիրը:  Հանրապետության Նախագահը 2009 թ. ընթացքում այցելել է շինարարական գոտի եւ հայտնաբերել մի շարք թերացումներ, որոնք վերացնելու նպատակով էլ  ընկերության հետ կնքվել է նոր պայմանագիր` նոր ժամկետներով եւ լրացուցիչ աշխատանքներ կատարելու հանձնարարություններով:

«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Սրծրունի Աղաջանյանի հարցապնդումը վերաբերում էր փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խնդիրներին: Չնայած կառավարության կողմից իրականացված մի շարք միջոցառումներին` դեռեւս կան խնդիրներ, որոնք, պատգամավորի դիտարկմամբ, խոչընդոտում են փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը: Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ներկայացրեց այս ոլորտի առանձնահատկությունները եւ իրենց կողմից իրականացվող քայլերը: Մասնավորապես ընթացիկ տարում իրագործել են փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանն ուղղված 6 ծրագիր` 38,5 մլրդ դրամ արժողությամբ: Նշենք, որ երկու հարցապնդման դեպքում էլ կառավարությունը խմբակցություններին է ներկայացրել գրավոր պատասխաններ:

Չորեքշաբթի օրվա վերջին նիստում, ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով, պատգամավորները հարցեր ուղղեցին կառավարության անդամներին:


08.12.2010
Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամների մամլո ասուլիսը
Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանի եւ հանձնաժողովի անդամներ Վարդան Այվազյանի, Լարիսա Ալավերդյանի, Կորյուն Նահապետյանի եւ Արտակ Զաքարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նրանք մանրամասներ ներկայացրին դեկտեմբեր...

08.12.2010
«Բաց դաս»-ը անցկացրեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը
Դեկտեմբերի 8-ին ԱԺ «Բաց դռներ»-ի քաղաքականության շրջանակներում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի մի քանի դպրոցների բարձր դասարանների աշակերտներ, ովքեր ներկա  գտնվեցին խորհրդարանի նիստի աշխատանքներին:  Այնուհետեւ նրանց հետ հանդիպեց եւ հերթական «բաց դաս»-ն անցկացր...