Տպել
08.12.2010
Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամների մամլո ասուլիսը
1 / 1

Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանի եւ հանձնաժողովի անդամներ Վարդան Այվազյանի, Լարիսա Ալավերդյանի, Կորյուն Նահապետյանի եւ Արտակ Զաքարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նրանք մանրամասներ ներկայացրին դեկտեմբերի 1-2-ին Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 11-րդ նիստի աշխատանքներից:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ նիստի երկօրյա օրակարգը հագեցած է եղել, ներառել է ԵՄ-Հայաստան օրակարգում առկա բոլոր խնդիրները, քննարկումներ են եղել ԼՂ խնդրի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ: Քանի որ օրակարգում ներառված է եղել մշակութային ժառանգության խնդիրը, նախնական պայմանավորվածության համաձայն` նիստի ընթացքում ցուցադրվել է «21-րդ դարի վանդալները. Ջուղա» տեսաֆիլմը, որտեղ ներկայացվում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները ոչնչացնում հայկական դարավոր խաչքարերը: Ըստ տիկին Զոհրաբյանի` դա մեծ տպավորություն է գործել Եվրախորհրդարանի պատգամավորների վրա: Այդ կապակցությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը եւ Բրյուսելում Ադրբեջանի ներկայացուցչությունը բողոք են ներկայացրել Եվրախորհրդարան առ այն, թե ինչու է վերջինս թույլ տվել, որ հայկական պատվիրակությունը, իրենց գնահատմամբ, ապատեղեկատվական ֆիլմ ցուցադրի Եվրախորհրդարանի շենքում:

Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն, որը  հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանը գնահատում է հավասարակշռված: Ըստ նրա` հայտարարության մեջ մեզ համար գերակա խնդիրներում կարեւորագույն դրույթներ են արձանագրվել: Այս համատեքստում նա տեղեկացրեց, որ ամիսներ առաջ տեղի էր ունեցել ԵՄ-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կողմերը չեն կարողացել գալ համաձայնության եւ համատեղ հայտարարություն չի ընդունվել:

Հայտարարության մեջ ԼՂ-ի հակամարտությանը վերաբերող մասում Նաիրա Զոհրաբյանը առանձնակի կարեւորեց այն դրույթը, որի համաձայն հակամարտության բոլոր կողմերը պետք է ներգրավված լինեն բանակցային գործընթացում, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասով` հորդորը Թուրքիային առ այն, որ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւերի համաձայն` առանց նախապայմանների անհրաժեշտ քայլեր ձեռնարկի, դիվանագիտական եւ բարիդրացիական հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ եւ հնարավորինս շուտ բացի փակ սահմանը:

Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի հաջորդ` 12-րդ նիստը կայանալու է Երեւանում` 2011 թ. նոյեմբերին:

Իրենց տեսակետները ներկայացրին նաեւ հանձնաժողովի անդամները: Նրանք կարեւորեցին թիմային համատեղ համաձայնեցված աշխատանքը, ինչի արդյունքը ընդունված համատեղ հայտարարությունն է եղել: Լարիսա Ալավերդյանը նշեց, որ իր եւ «Ժառանգություն» կուսակցության ուշադրության կենտրոնում գտնվող խնդիրները հետզհետե ավելի շահեկան ձեւակերպումներ են ստանում միջազգային փաստաթղթերում: Տիկին Ալավերդյանը նիստում «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ է ելույթ ունեցել` ընդգծելով, որ այս ոլորտում Հայաստանում կա առաջընթաց, սակայն ձեռնարկվող քայլերը բավարար չեն իրավական պետության կայացման համար: Վարդան Այվազյանը նշեց, որ թե տնտեսական, թե ԼՂ-ի եւ թե Թուրքիայի մասով կարեւորագույն արձանագրումներ են կատարվել համատեղ հայտարարությունում: Նա աննախադեպ համարեց հայտարարության այն դրույթը, որը վկայակոչում է Եվրոպական խորհրդարանի 1987 թ. հունիսի 18-ի Հայկական հարցի քաղաքական լուծման վերաբերյալ բանաձեւը, որով ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը: Արտակ Զաքարյանը կարեւորեց եվրոպական կառույցներում հայկական դիվանագիտական ներկայացուցչության ամենօրյա աշխատանքը: Այս համատեքստում նա նշեց, որ ընդունված համատեղ հայտարարությունը եւս մեկ առաջընթաց քայլ էր: Կորյուն Նահապետյանը ընդունված հայտարարությունը խորհրդարանական ձեւաչափում համարում է դիվանագիտական հաջողված ձեռնարկ, քանի որ եզրափակիչ հայտարարությունը եւ առաջարկությունները բխում են ՀՀ շահերից:

Հանձնաժողովի անդամները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին:


08.12.2010
Ներկայացվեց բյուջեի նախագծի վերջնական տարբերակը
Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ի նիստում ավարտեց «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: Այն, ի թիվս նախորդ օրը քննարկված բոլոր նախագծերի, պատգամավորները ընդունեցին քվեարկությամբ: «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարանի այս նիստի աշխատանքն...

08.12.2010
«Բաց դաս»-ը անցկացրեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը
Դեկտեմբերի 8-ին ԱԺ «Բաց դռներ»-ի քաղաքականության շրջանակներում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի մի քանի դպրոցների բարձր դասարանների աշակերտներ, ովքեր ներկա  գտնվեցին խորհրդարանի նիստի աշխատանքներին:  Այնուհետեւ նրանց հետ հանդիպեց եւ հերթական «բաց դաս»-ն անցկացր...