Հոկտեմբերի 15-ին Նիկոսիայում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը:
Ողջունելով հյուրերին` Կիպրոսի Նախագահը նշեց, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները բարեկամական են եւ ջերմ, ինչին մեծապես նպաստում է նաեւ հայ համայնքի գործունեությունը: Նա կարեւորեց միջխորհրդարանական կապերի զարգացումը, անհրաժեշտ համարելով նաեւ համագործակցության ակտիվացումը տնտեսության, գիտության, մշակույթի եւ այլ բնագավառներում: Նախագահ Խրիստոֆիասը ընդգծեց, որ Կիպրոսը մշտապես Հայաստանի կողքին է` որպես կայուն գործընկեր եւ բարեկամ:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշեց, որ գտնվում է մի երկրում, որը Հայաստանի հանդեպ իր բարեկամական եւ հարազատ վերաբերմունքն է ցուցաբերել դարեր շարունակ, ինչը պայմանավորված է նաեւ մեր հինավուրց պատմության ընդհանրություններով եւ մեր գրեթե նույն ճակատագրով: Նա շնորհակալություն հայտնեց Կիպրոսի նախագահին հայ համայնքի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքի եւ հայկական դպրոցների ֆինանսավորման համար: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցության զարգացումը Կիպրոսի հետ: Հայ-կիպրական համագործակցությունը Հայաստանը դիտում է որպես կարեւոր բաղադրիչ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում՝ հաշվի առնելով Կիպրոսի փորձը եվրոպական կառույցներում: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Կիպրոսի հետ քաղաքական, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, սակայն դրանց ընդլայնման եւ առավել սերտացման համար մեծ ներուժ կա: Նա համոզմունք հայտնեց, որ ՀՀ Նախագահի 2011 թ. հունվարին ծրագրված պաշտոնական այցը առավել կնպաստի քաղաքական երկխոսության ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հայ-թուքական. կիպրաթուրքական հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի: Պարոն Աբրահամյանը շեշտեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Հայաստանը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Կարեւորվեց միջազգային կառույցներում համագործակցությունը:
Հանդիպման վերջում Կիպրոսի Նախագահը խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին եւ նշեց, որ սպասում է նրա պաշտոնական այցին Կիպրոս:
Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատի նախագահ Մարիոս Գարոյանի հետ:
Մարիոս Գարոյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին իր հրավերը ընդունելու եւ Կիպրոս այցելելու համար: Նա ընդգծեց երկու երկրների միջեւ առկա գերազանց հարաբերությունների կարեւորությունը, որն ուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը հանուն բարեկամ ժողովուրդների, որոնք միավորված են թե պատմությամբ, եւ ընդհանուր արժեքներով ու սկզբունքներով: Կիպրոսի խորհրդարանի նախագահը նշեց, որ երկու երկրների բարեկամական հարաբերություններում կարեւոր դերակատարություն ունեն կիպրահայերը, ովքեր, լիարժեք մասնակցելով Կիպրոսի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքին, հպարտությամբ պահպանում են իրենց ինքնությունը:
Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցությանը` պարոն Գարոյանը անհրաժեշտ համարեց երկկողմ շփումների, միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը, համագործակցությունը աշխատակազմերի մակարդակով: Նա պատրաստակամություն հայտնեց Կիպրոսի խորհրդարանում Հայաստանին նվիրված ցուցահանդես կազմակերպել, ինչը հնարավորություն կտա Կիպրոսի հասարակությանը ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանին եւ հայ մշակույթին:
Մարիոս Գարոյանը շեշտեց, որ միջազգային կառույցներում Հայաստանը կարող է ապավինել Կիպրոսի անվերապահ աջակցությանը:
Շնորհակալություն հայտնեով Կիպրոս այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայկիպրական միջպետական համագործակցության հետագա խորացման համար առանձնահատուկ դեր վերապահեց օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների հետագա ընդլայնմանը: ԱԺ նախագահը նշեց, որ հայկիպրական միջխորհրդարանական հարաբերությունները բավական ակտիվորեն են զարգանում եւ անհրաժեշտ համարեց խորհրդարաններում գործող համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների գործունեության ակտիվացումը ու պատվիրակությունների փոխայցելությունները: Կարեւոր համարելով եվրաինտեգրման գործընթացում Կիպրոսի փորձը, Հովիկ Աբրահամյանը նպատակահարմար համարեց զարգացնել փորձի փոխանակման հնարավորությունները Հայաստանի օրենսդրությունը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ համարեց տնտեսության, մշակույթի եւ այլ ոլորտներում համագործակցության ակտիվացումը: Ազգային ժողովի նախագահը կարեւորեց տարբեր միջազգային կազմակերպություններում, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի եւ ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկու երկրների խորհրդարանների սերտ համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունը: Նա նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանի եւ Կիպրոսի արտաքին եւ ներքաղաքական խնդիրներին, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Հանդիպումից հետո երկու երկրների խորհրդարանների նախագահները հանդիպման արդյունքների վերաբերյալ ճեպազրույց տվեցին լրագրողների համար:
ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները Նիկոսիայում այցելեցին «Նարեկ» հայկական վարժարան, հայկական եկեղեցի, ծաղկեպսակ դրեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հուշակոթողին:
Հովիկ Աբրահամյանի գլխավորած ԱԺ պատվիրակությունը հանդիպեց նաեւ Նիկոսիայի քաղաքապետ տիկին Էլենի Մավրուի հետ: Հանդիպումից հետո տիկին Մավրուի ուղեկցությամբ հայ խորհրդարանականները այցելեցին կիպրաթուրքական հրադադարի գիծ:
Նույն օրը Հովիկ Աբրահամյանը այցելեց Լեֆկարայի պատմամշակութային համալիր:
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Մելքոնյան վարժարան:
Այնուհետեւ հայ խորհրդարանականները մեկնեցին Դերինա գյուղաքաղաք, որտեղ հանդիպեցին Ֆամագուստայի քաղաքապետ, Կիպրոսի խորհրդարանի նախկին նախագահ Ալեքսիս Գալանոսի հետ: Պարոն Գալանոսի ուղեկցությամբ Հովիկ Աբրահամյանը եւ պատվիրակության անդամները դիտեցին Թուրքական կողմից զավթված Ֆամագուստայի համայնապատկերը: