Տպել
14.10.2010
Տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամլո ասուլիսը
1 / 2

Հոկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովում  տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ  պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանի եւ Հերմինե Նաղդալյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում նրանք ներկայացրին ԵԽԽՎ 2010 թ. նստաշրջանի 4-րդ մասի աշխատանքների արդյունքները:

Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ ասուլիսին հրավիրվել են նաեւ պատվիրակության ընդդիմադիր անդամները, ովքեր, սակայն, տեղեկացրել են, որ հանրությանն արդեն իրազեկել են ԵԽԽՎ նստաշրջանում  իրենց  կատարած վերջին աշխատանքների մասին:

Պատվիրակության ղեկավարը նշեց, որ ԵԽԽՎ  նստաշրջանի 4-րդ մասի օրակարգում քիչ էին Հայաստանին վերաբերող հարցերը: ՀՀ ԱԺ  պատվիրակությանն առավել հետաքրքրել են Մոնիտորինգի հանձնաժողովի կազմակերպած լսումները, որոնք տեղի են ունեցել հոկտեմբերի 5-ին: Լսումները տեղի են ունեցել նոր ձեւաչափով, որին մասնակցել են պատվիրակության բոլոր անդամները, ինչպես նաեւ Հայաստանի  արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը, ով հնարավորություն է ունեցել ներկայացնելու իր հաղորդագրությունը:

Դավիթ Հարությունյանը ներկայացրեց իր պատրաստած տեղեկատվությունը, որը նա  պայմանականորեն բաժանել է հինգ մասի:  Առաջին մասը վերաբերել է ՀՀ  Ընտրական օրենսգրքին եւ դրա առնչվող` նախատեսված աշխատանքային ծրագրերին: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ  պատվիրակության ղեկավարը նշեց, որ ստանձնած պարտավորությունների համաձայն` Ընտրական օրենսգիրքը կփոփոխվի ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ: Մինչ խորհրդարան ներկայացնելը օրենսգիրքը նախատեսվում է քննարկել  քաղաքական բոլոր ուժերի հետ:

Պատվիրակության ղեկավարն իր ելույթում անդրադարձել է  նաեւ ոստիկանության բարեփոխման վերաբերյալ հարցին:

Երրորդ հարցը, որի մասին խոսել է Դավիթ Հարությունյանը, վերաբերում է արդար դատաքննության իրավունքին: Նա տեղեկացրեց, որ դա առնչվում է 2008 մարտի1-2-ի դեպքերի դատաքննություններին, որոնք գտնվել են մոնիտորինգի ներքո, եւ ԵԱՀԿ-ի փորձագետների խումբը, մասնակցելով դատաքննություններին դիտորդի կարգավիճակով, ներկայացրել է  առաջարկություններով հաշվետվություն: Առաջարկությունների մի մասի կապակցությամբ փոփոխություններ կնախաձեռնվեն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում, որոնք աշխատանքային խումբն արդեն պատրաստել է եւ որոնք ՀՀ կառավարությունում քննարկման փուլում են:   Առաջարկությունների  մյուս մասի հետ կապված` նա նշեց, որ ստեղծվել է մեկ այլ աշխատանքային խումբ, որն զբաղվում է Քրեական դատավարության նոր օրենսգրքի ստեղծմամբ:

Մոնիտորինգի հանձնաժողովում իր ելույթում Դավիթ Հարությունյանն անդրադարձել է նաեւ հավաքների ազատության խնդրին:

Հինգերորդ հարցը, որին անդրադարձել է պատվիրակության ղեկավարը, վերաբերել է «ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքին եւ առաջիկայում սպասվող մրցույթներին:

Դավիթ Հարությունյանը խոսեց նաեւ նստաշրջանի ընթացքում պատվիրակության ունեցած հանդիպումների եւ կատարած այլ աշխատանքների մասին: Նա մասնավորապես նշեց, որ պատվիրակության առաջարկով հետաձգվել է Հայաստանի հարցով համազեկուցողների` հոկտեմբերին նախատեսված  այցը Հայաստան: Հոկտեմբերի 19-21-ը Հայաստանում է անցկացվելու ժողովրդավարության վերաբերյալ ֆորում, որի ժամանակացույցի փոփոխություններով պայմանավորված` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը  դիմել էր Մոնիտորինգի հանձնաժողովին` խնդրելով հետաձգել համազեկուցողների  նախատեսվող այցելությունը, որովհետեւ Հայաստանում միշտ նախընտրում են, որ համազեկուցողները հնարավորություն ունենան հանդիպելու եւ հանրապետության նախագահին, եւ ԱԺ նախագահին, եւ այլոց հետ: Մոնիտորինգի հանձնաժողովում  հարցը քննարկվել է, հանձնաժողովը հանգել է  եզրակացության, որ հայկական կողմի խնդրանքը ողջամիտ է, եւ այն  բավարարվել է:

Դավիթ Հարությունյանի կարծիքով, Գորան Լինդբլադի փոխարեն նոր համազեկուցողի վերաբերյալ քննարկում տեղի կունենա այն ժամանակ, երբ Շվեդիայի խորհրդարանը կներկայացնի ԵԽԽՎ-ում իր նոր պատվիրակության կազմը:

Հայաստանի պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ Ադրբեջանի պատվիրակության հետ: Քննարկվել են 1416 բանաձեւով նախատեսված ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման եւ   ԵԽԽՎ աշխատանքների ընթացքում հնարավոր փոխգործակցության վերաբերյալ հարցեր: Ժամանակավոր հանձնաժողովի հարցում պատվիրակության դիրքորոշումը եղել եւ մնում է նույնը, ըստ որի`  եթե նույնիսկ այն ստեղծվի, ապա  լինելու է բացարձակապես անարդյունավետ:

Նստաշրջանում իրենց կատարած աշխատանքը ներկայացրին նաեւ պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը եւ Հերմինե Նաղդալյանը:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ նստաշրջանի ընթացքում բարձրաձայնել է տարբեր խնդիրների մասին, որոնք վերաբերել են Լեռնային Ղարաբաղի, տեղահանված անձանց հարցերին,  Նախիջեւանում ադրբեջանցիների կողմից իրականացված մշակութային վանդալիզմին:    Մոնիտորինգի հանձնաժողովում տիկին Զոհրաբյանը մասնավորապես անդրադարձել է Ընտրական օրենսգրքին` նշելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը, ըստ որի` կարեւորվում է ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը:  Նաիրա Զոհրաբյանը խոսել է նաեւ Ա1+-ի հարցի մասին: Նա հույս հայտնեց, որ դեկտեմբերին կայանալիք մրցույթում կհաղթեն իսկապես  արժանավոր հեռուստաընկերությունները:

Պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանն իր խոսքում նշեց, որ նստաշրջանի օրակարգում կային հարցեր, որոնք կապված էին համաշխարհային  տնտեսական  իրավիճակի հետ: Նա տեղեկացրեց, որ քննարկվել են Եվրոպայի վերակառուցման եւ զարգացման բանկի, Տնտեսական համագործակցության եւ զարգացման եվրոպական բանկի հաշվետվությունները, որոնք հեղինակել է տիկին Նաղդալյանը: Պատգամավորը հայտնեց, որ այս եւ այլ տնտեսական հարցերի առնչությամբ ներկայացրել է առաջարկներ, որոնք հետաքրքրել են եվրոպացի գործընկերներին:

Պատվիրակության անդամները պատասխանեցին նաեւ լրագրողների բազմաբնույթ հարցերին:
 


14.10.2010
Հանդիպում ԼՂՀ Ազգային ժողովում
Հոկտեմբերի 14-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է կարճատեւ աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանին։  Հանդիպմանը, գոհունակություն հայտելով Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հա...

14.10.2010
Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնը շարունակվում է
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնը, որն այս տարի նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի 125-ամյակին, մեկնարկել է սեպտեմբերի 10-ին։ Հոկտեմբերի 1-ից ընթանում է փառատոնի մարզային`  2-րդ փուլը, որը մեկնարկել է Գեղարքուն...

14.10.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակութունը ժամանեց Կիպրոսի Հանրապետություն
Հոկտեմբերի 14-ի կեսօրին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակութունը  ժամանեց Կիպրոսի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Հովհաննես Մարգարյանը, Գոհարիկ Ենոքյանը, Ռուզան Առաքելյանը, Արման Սահակյանը, Մարտին Սարգսյանը, Ալեքսան Պետրոսյանը: Օ...