Տպել
14.10.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակութունը ժամանեց Կիպրոսի Հանրապետություն
1 / 2

Հոկտեմբերի 14-ի կեսօրին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակութունը  ժամանեց Կիպրոսի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Հովհաննես Մարգարյանը, Գոհարիկ Ենոքյանը, Ռուզան Առաքելյանը, Արման Սահակյանը, Մարտին Սարգսյանը, Ալեքսան Պետրոսյանը: Օդանավակայանում Հովիկ Աբրահամյանին դիմավորեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը: Կարճատեւ առանձնազրույցից հետո Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների նախագահները լրատվամիջոցների համար հանդես եկան հայտարարությամբ: Նրանք բարձր գնահատեցին երկու երկրների միջեւ գոյություն  ունեցող բարեկամական հարաբերությունները, այս համատեքստում կարեւորեցին միջխորհրդարանական կապերի զարգացումը: Հովիկ Աբրահամյանը եւ Մարիոս Գարոյանը համոզմունք հայտնեցին, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն կլինի արդյունավետ եւ առավել կզարգացնի ու կամրապնդի երկու երկրների համագործակցությունը:

 Նիկոսիայում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը այցելեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատ, մասնակցեց լիագումար նիստին: Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահին հասցեագրված ողջույնի արարողություն:

Նույն օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց կիպրահայ համայնքի ներկայացուցիչների հետ: