Տպել
09.10.2010
Շարունակվում է ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան
1 / 3

Հոկտեմբերի 9-ին Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի ուղեկցությամբ այցելեց Հայաստանի պատմության թանգարան: Պատվիրակության անդամները շրջեցին Հայաստանի ազգային պատկերասրահում, ուր նրանց ներկայացվեցին ցուցանմուշներ եւ մանրամասներ հայ արվեստի պատմությունից:

Այնուհետեւ ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Երեւանի պետական Տնտեսագիտական համալսարան` հանդիպելու ԵՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Ողջունելով ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան` ԵՊՏՀ ռեկտոր Յուրի Սուվարյանը բարձր գնահատեց երկու երկրների միջեւ առկա ջերմ, բարեկամական հարաբերությունները: Նա նշեց, որ Իրանը այն երկրների թվին է դասվում, որը ապասատան է տվել 1915 թ. եղեռնից մազապուրծ մեր հայրենակիցներին: Պարոն Սուվարյանը, կարեւորելով երկու երկրների միջեւ քաղաքական ու տնտեսական կապերի բարձր մակարդակը, նշեց, որ թույլ են երկու երկրների բուհերի ու գիտակրթական հաստատությունների միջեւ կապերը եւ շփումները` իր եւ ԵՊՏՀ գիտական խորհրդի անունից առաջարկելով ակտիվացնել դրանք:

ԵՊՏՀ ռեկտոր Յուրի Սուվարյանը, ԵՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ, հայ-իրանական տնտեսական, գիտակրթական, մշակութային հարաբերությունների զարգացման, երկու երկրների ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին շնորհեց պատվավոր դոկտորի կոչում:

Շնորհակալություն հայտնելով իրեն շնորհված կոչման համար` ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին իր խոսքում կարեւորեց Հայաստանի եւ Իրանի միջեւ քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում առկա առաջընթացը եւ այն էլ ավելի խորացնելու անհրաժեշտությունը: Պարոն Լարիջանին անհրաժեշտ համարեց  երկու երկրների միջեւ փոխգործակցության խորացումը` շեշտելով երկու պետությունների բարեկամական հարաբերությունների կարեւորությունը նաեւ տարածաշրջանային առումով: ԻԻՀ խորհրդարանի նախագահը նպաստավոր համարեց Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա ծրագրերը` հավաստիացնելով, որ ամեն ինչ կարվի այդ ծրագրերը իրականացնելու համար: Դրական գնահատելով ԵՊՏՀ ռեկտոր Յուրի Սուվարյանի` միջբուհական կապերն ամրապնդելու առաջարկը` պարոն Լարիջանին նշեց, որ հետամուտ կլինի, որպեսզի երկու երկրների բուհերի, գիտակրրթական ու գիտամշակութային հաստատությունների միջեւ առկա կապերն ավելի խորանան եւ ամրապնդվեն:

Հանդիպման ավարտին ԵՊՏՀ ռեկտոր Յուրի Սուվարյանը, շնորհակալություն հայտնելով ԻԻՀ նախագահի գլխավորած պատվիրակությանը իրենց բուհ այցելելու համար, Հայաստանի բարեկամ ժողովրդին մաղթեց հաջողություններ եւ նորանոր ձեռքբերումներ մշակույթի, տնտեսության, գիտության եւ կրթության ոլորտներում:
 


09.10.2010
Աշխատանքային քննարկում խորհրդարանում
Հոկտեմբերի 9-ին  տեղի ունեցավ  աշխատանքային քննարկում «Երիտասարդության մասին» եւ «Պետական երիտասարդական քաղաքականության մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ: Ինչպես հայտնեց պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, քննարկմանը հրավիրվել էին ԱԺ խմբակցությունների, կառավարության, երիտասարդական տա...

09.10.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Հունաստանի Հանրապետություն եւ Կիպրոսի Հանրապետություն
Հոկտեմբերի 11-ի երեկոյան  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հունաստանի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Հովհաննես Մարգարյանը, Գոհար Ենոքյանը, Ռուզան Առաքելյանը, Մարտին Սարգսյանը, Արման Սահակյանը, Ալեքս...