National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.10.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
07.10.2010
Ավարտվեցին հերթական քառօրյա նիստերը
1 / 6

Հոկտեմբերի 7-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը` քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, օրենսդրական փաթեթները, վավերացնելով միջազգային պայմանագրերը:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց քննարկել ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի` Ազգային ժողովի հոկտեմբերի 4-ի նիստում ներկայացրած հրաժարականի մասին դիմումը համարվում է ընդունված, քանի որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն եռօրյա ժամկետում այն հետ չի վերցվել:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը ԱԺ փոխնախագահի թափուր պաշտոնի համար խմբակցության անունից առաջադրեց Սամվել Բալասանյանի թեկնածությունը:

Միակ թեկնածուն` Սամվել Բալասանյանը, շնորհակալություն հայտնեց ԲՀԿ խմբակցությանը քաղաքական բարձր պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու համար: Նրա գնահատմամբ` այդ վստահությունն իր համար մեծ պատասխանատվություն է: Անդրադառնալով իր գործունեությանը օրենսդրական դաշտում` նա նշեց, որ լինելով մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր` մշտապես աշխատել է իր ընտրողների հետ, նրանց հուզող խնդիրների մասին բարձրաձայնել է խորհրդարանում, ներկայացրել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը, ներկայացնելով իրենց խմբակցության առաջադրած թեկնածուի աշխատանքային գործունեության մանրամասները, նշեց, որ խմբակցությունը պարոն Բալասանյանի թեկնածությունն է առաջադրել` հաշվի առնելով նրա մարդկային հատկանիշները, փորձը օրենսդրական ոլորտում: Նա համոզված է, որ ԱԺ փոխնախագահի իրենց թեկնածուն գործելու է ի շահ երկրի ու ժողովրդի:

Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար առաջադրված Սամվել Բալասանյանի անունը ընդգրկվեց ընտրական քվեաթերթիկներում եւ տեղի ունեցավ փակ, գաղտնի քվեարկություն, որից հետո ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ քվեարկության արդյունքներով` 74 կողմ եւ 6 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Սամվել Բալասանյանը:

Նորընտիր ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին եւ հավաստիացրեց, որ ամեն ինչ անելու է նպաստելու համար օրենսդիր մարմնի բնականոն գործունեությանը, իրեն առաջադրած եւ իր թեկնածությունը պաշտպանող քաղաքական ուժերի վստահությունը արդարացնելու համար:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցումով քննարկեց կառավարության ներկայացրած «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նա նշեց, որ օրենքի նախագիծը նպատակ ունի ֆինանսական տույժերի կիրառման միջոցով բարձրացնել էներգետիկայի բնագավառի լիցենզավորված ընկերությունների պատասխանատվությունը` կարգավորմանն առնչվող ՀՀ օրենսդրության պահանջների խախտման դեպքերում: Գործող օրենքով նախատեսված տույժերը հաճախ թույլ չեն տալիս համաչափ իրավական գնահատական տալ լիցենզավորված ընկերությունների կողմից կարգավորմանն առնչվող ՀՀ օրենսդրության պահանջների խախտմանը: Նշվեց, որ օրենքի նախագծում տուգանքների չափերը որոշելիս հաշվի է առնվել լիցենզավորված անձանց տարեկան շրջանառությունը: Անկախ լիցենզավորված անձի խախտումների քանակից յուրաքանչյուր խախտման համար պետք է հարուցվի առանձին վարչական վարույթ, որի արդյունքներց ելնելով կարող են կիրառվել ինչպես օրինագծով առաջարկվող, այնպես էլ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով նախատեսված տույժերը` նախազգուշացում, սակագների նվազեցում, գործունեության լիցենզիայի կասեցում, գործունեության լիցենզիայից զրկում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի առնչությամբ տվել էր դրական եզրակացություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց նաեւ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նա նշեց, որ օրինագծի ընունմամբ Հայաստանի Հանրապետությունում կսկսեն գործել էերգետիկ փորձաքննություն իրականացնելու համար սերտիֆիկացված անձինք: Այդ մոտեցումը, ըստ պարոն Մովսիսյանի, համահունչ է Եվրադիրեկտիվների պահանջներին: Օրինագծում ներառվել են նաեւ էներգասպառող սարքերի եւ սարքվածքների պիտակավորմանն ուղղված դրույթներ, որոնց կիրառումը կնպաստի սպառողներին թյուրիմացություններից զերծ պահելուն: Նախատեսված է նաեւ պետական (համայնքի) կարիքների համար գնումներ կատարելու ընթացքում էնեգասպառող սարքերի եւ սարքվածքների մասով էներգետիկ փորձաքննություն իրականացնելու պահաջ, ինչը կնպաստի պետական (համայնքային) մարմիններում էներգասպառման նվազեցմանը:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացրեց նաեւ 2010 թ. մայիսի 20-ին ստորագրած ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Էներգամատակարարման հուսալիության եւ էներգետիկ արդյունավետւթյան P4560-AM ծրագրի նախապատրաստման համար» կանխավճարի համաձանագիրը:

Հարակից զեկույցում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Լյովա Խաչատրյանը:

Համաձայնագրի վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը եւս տվել էր դրական եզրակացություն:

Խորհրդարանը քննարկեց 2010 թ. ապրիլի  27-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ ՀՀ տարածքում Եվրասիական զարգացման բանկի գտնվելու պայմանների մասին» համաձայնագիրը, որը եւս ներկայացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը այս համաձայնագրի վերաբերյալ եւս տվել էր դրական եզրակացություն. այդ մասին բարձրաձայնեց հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանը:

Առաջին ընթերցմամբ քննարկվող «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության օրենսդրական փաթեթը ներկայացրեց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Նշվեց, որ օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ պետական կառավարման մարմիններում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով կազմված աշխատողների կատարողականների գնահատման գործընթացի իրականացման ապահովմամբ: Օրինագծերի ընդունումը կնպաստի ՀՀ պետական կառավարման մարմնի աշխատողների խրախուսմանը (պարգեւատրմանը), պետական կառավարման մարմիններում աշխատանքի ճիշտ պլանավորմանը, առկա ռեսուրսների ճիշտ բաշխմանն ու օգտագործմանը, ինչպես նաեւ աշխատանքների կատարման որակի բացահայտմանը:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Արտյուշ Շահբազյանը:

«Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ դրան հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը առաջին ընթերցմամբ խորհրդարանին ներկայացրեց ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը: Օրինագծերով հայաստանյան վճարահաշվարկային համակարգ սեղծելու, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգին մասնակցելու, վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա տալու համար սահմանված ժամկետները կարող են կասեցվել որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով: Դրամական փոխանցումների սահմանումը առաջարկվում է փոփոխել այնպես, որ այն ներառի ինչպես վճարումների ընդունումը, այնպես էլ դրանց կատարումը: Առաջարկվում է վճարահաշվարկային կազմակերպություններին թույլատրել իրենց տարածքից դուրս վճարումներ կատարել շահառուներին: Սահմանվում է վճարահաշվարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվ` 100 միլիոն դրամի չափով: Միեւնույն ժամանակ Կենտրոնական բանկը կարող է որպես լրացուցիչ գործիք սահմանել դրամական միջոցներ կամ արժեթղթեր դեպոնացնելու կամ բանկային երաշխիք ներկայացնելու պահանջ: Կատարվել են նաեւ տեխնիկական բնույթի փոփոխություններ եւ հստակեցումներ:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին»ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարեու մասին» եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենսդրական փաթեթը եւս քննարկվեց առաջին ընթերցման ընթացակարգով: Հիմնական զեկուցող ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ առաջարկվող օրենսդրական փոփոխություններով առեւտրային կազմակերպությունները, այդ թվում ֆինանսական կազմակերպությունները, հնարավորություն կստանան ներգրավել ստորադաս փոխառու կապիտալ եւ այդ ճանապարհով բարելավել իրենց ֆինանսական վիճակը: Ստորադաս փոխառությունների ներգրավումը հանդիսանում է լրացուցիչ կապիտալ ներգրավելու ավելի արդյունավետ եւ արագ ճանապարհ, քան, օրինակ, կանոնադրական կապիտալի ավելացումը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը քննարկվող երկու օրենսդրական փաթեթների վերաբերյալ ներկայացրեց Գագիկ Մինասյանը:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը առաջին ընթերցումով ներկայացրեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը, ըստ փոխնախարարի, նպատակ ունի միավորել առեւտրային կազմակերպությունների գրանցման եւ ֆիրմային անվանումների փորձաքննության համար գանձվող պետական տուրքերը` նվազեցնելով առեւտրային կազմակերպությունների գրանցման համար անհրաժեշտ քայլերի քանակը եւ ժամկետը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել էր դրական եզրակացություն:

2010 թ. մայիսի 17-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ օդային տրանսպորտի մասին» եւ 2009 թ. դեկտեմբերի 10-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լատվիայի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրերը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արամ Մարությանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը բարձրաձայնեց Շիրակ Թորոսյանը:

«Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկվեց առաջին ընթերցումով, որը ներկայացրեց օրինագծի հեղինակ Սամվել Նիկոյանը: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումների արդյունքոււմ ՀՀ կառավարությանն օրենքի ուժ ունեցող որոշումների ընդունման լիազորության վերացման հետեւանքով «Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությամբ, որը հակասում է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Արտյուշ Շահբազյանը:

«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով, որն առաջին ընթերցման ընթացակարգով ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, լուծվում են մի շարք խնդիրներ, որոնք պայմանավորված են համայնքային ծառայության համակարգի ներդրման ու կայացման արդյունավետության բարձրացմամբ: Օրինագծով հստակեցվում են համայնքային ծառայության պաշտոնում նշանակման հետ միաժամանակ համապատասխան դասային աստիճանի շնորհման դեպքերը, աշխատանքային ստաժի եւ փորձի առումով լրացուցիչ հնարավորություն է նախատեսվում համայնքային ծառայության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնելու ցանկություն ունեցող անձանց համար: Համայնքային ծառայության կադրերի ռեզերվի կայացումն ապահովելու նպատակով նախատեսվում է լիազորված մարմնում անձանց թեստավորման եւ հարցազրույցի միջոցով կադրերի ռեզերվ ընդգրկելու հնարավորությունը, ինչպես նաեւ կադրերի ռեզերվում գրանցված անձանց տրվում է հնարավորություն համայնքային ծառայության թափուր պաշտոններում արտամրցութային կարգով նշանակվելու համար եւ այլն:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժոովի դրական եզրակացությունը խորհրդարանին փոխանցեց Հովհաննես Սահակյանը:

ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը ներկայացրեց 2009 թ. փետրվարի 26-ին Դամասկոսում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական եւ պաշտոնական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին» եւ 2009 թ. փետրվարի 24-ին Կահիրեում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից երկկողմ ազատման մասին» համաձայնագրերը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնեց Շիրակ Թորոսյանը:

«ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը: Օրինագծով արգելվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման նպատակով օգտագործման տրամադրելը:

«Փոստային կապի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը եւս պատգամավորները քննարկեցին առաջին ընթերցմամբ: Հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը նշեց, որ փոստային կապի ծառայությունների մատուցման շուկայում հարաբերությունների կարգավորման նոր մոդել է առաջարկվում, որի համաձայն փոստային կապի ծառայությունները բաժանվում են փոստային կապ եւ սուրհանդակային կապ ծառայությունների, ինչպես նաեւ առաջարկվում է ավելացում սուրհանդակային կապի ծառայությունների եւ մաքսային բրոկերի ծառայությունների մասով:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը քննարկվող երկու հարցերի վերաբերյալ ներկայացեց Արա Նռանյանը:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» կառավարության օրենքի նախագիծը եւս առաջին ընթերցումով ներկայացրեց  ՀՀ տրանսպորտի եւ կապ նախարար Մանուկ Վարդանյանը: Նշվեց, որ օրենքի նախագծի ընդունմամբ նախատեսվում է փոստային կապի ծառայություններից օգտվողների լայն զանգվածների համար հասանելիության ապահովում, ինչպես նաեւ փոստային կապի ծառայությունների մատուցման որակի բարձրացում եւ միջազգային նորմերին համապատասխանեցում:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել էր դրական եզրակացություն. այս մասին տեղեկացրեց Ռաֆիկ Գրիգորյանը:

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ դրան հարակից մի շարք օրենքներում փոփոխություն եւ լրացում նախատեսող ՀՀԿ խմբակցության պատգամավորների հեղինակած օրենսդրական փաթեթը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ, որը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը: ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Մկրտիչ Մինասյանը:

ԱԺ պատգամավորներ Արա Նռանյանի, Լիլիթ Գալստյանի եւ Արտյուշ Շահբազյանի ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբ, որը քննարկվեց առաջին ընթերցումով, առաջարկվում է սահմանել տուգանք կամ կալանք պաշտոնատար անձի կողմից փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերում:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը բարձրաձայնեց հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշ Շահբազյանը:

ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը, ներկայացնելով կառավարության դրական տեսակետը, կարեւորեց օրինագծով փաստաբանի եւ նոտարի իրավունքների պաշտպանությունը:

2003 թ. մայիսի 21-ին Կիեւում ստորագրված «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրությունը ներկայացրեց ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը:

Գլխադասային` արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Շիրակ Թորոսյանը:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը ներկայացրեց նաեւ 1979 թ. հունիսի 23-ին Բոննում ստորագրված «Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին» կոնվենցիան, որի քննարկումը կշարունակվի հաջորդ քառօրյայում:

Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:


07.10.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
Հոկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաիրա Մելքումյանին, ՀԲ ջրային ոլորտի ներկայացուցիչներ Ահմեդ Էյուեյդային եւ Մանուել Մաուրինիոյին:  Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի տարածքում ջրամատակարարմանն առնչվո...

07.10.2010
Մրցանակաբաշխություն Ազգային ժողովում
Հոկտեմբերի 7-ին  Ազգային ժողովում տեղի ունեցավ  ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հայտարարած ԱԺ կարողությունների զարգացման օժանդակության ծրագրի շրջանակներում ԱԺ աշխատակիցների հետազոտական աշխատանքների  մրցույթի արդյունքների ամփոփումը: Հիշեցնենք, որ հետազոտությ...

07.10.2010
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Բալասանյանի կենսագրությունը
Ծնվել է 1954թ. հոկտեմբերի 12-ին Լենինականում (Գյումրի): 1961-1971թթ. սովորել է Լենինականի Գ. Սունդուկյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում: 1976թ. ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը:  Մանկավարժ-մաթեմատիկոս:1983թ. հեռակա ուսուցմամբ ավարտել է  Մոսկվայի ...

07.10.2010
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 7-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվեց եւ հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ  օրենքի նախագծի սեղմագիրը:  Հանձնաժողովի նախագահ Գագ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am