Տպել
07.10.2010
Մրցանակաբաշխություն Ազգային ժողովում
1 / 4

Հոկտեմբերի 7-ին  Ազգային ժողովում տեղի ունեցավ  ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հայտարարած ԱԺ կարողությունների զարգացման օժանդակության ծրագրի շրջանակներում ԱԺ աշխատակիցների հետազոտական աշխատանքների  մրցույթի արդյունքների ամփոփումը:

Հիշեցնենք, որ հետազոտությունները նվիրված էին տարբեր ոլորտներում մի շարք հիմնախնդիրների  համեմատական վերլուծությանը եւ նպատակ ունեին խրախուսելու եւ օժանդակելու ԱԺ-ում հետազոտական կարողությունների զարգացմանը, նպաստելու իրավական կարգավորման ոլորտի տարաբնույթ հարցերի ժամանակակից սկզբունքների եւ լավագույն մոդելների իմացությանը:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը շնորհավորեց մրցույթի հաղթողներին, շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին եւ գրասենյակի անձնակազմին ԱԺ-ի հետ ակտիվ համագործակցության եւ հետաքրքիր  ծրագրերի իրականացման համար` հույս հայտնելով, որ ԱԺ աշխատակիցները հաջորդ մրցույթներին ավելի ակտիվ մասնակցություն կունենան:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի գնահատմամբ` այս մրցույթը Ազգային ժողովի հետ համագործակցության ակտիվացման նոր հնարավորություն է ընձեռնում եւ զարգացնում ԱԺ աշխատակիցների հետազոտական ու վերլուծական հմտությունները: Նա շնորհավորեց մրցույթի հաղթողներին եւ տեղեկացրեց, որ նման միջոցառումները ԱԺ աշխատակազմի հետ շարունակական կլինեն:

Առաջին մրցանակներն ստացան Լուիզա Չարխչյանը «Սպառողական զամբյուղի գնահատման ամենաարդյունավետ մոդելը», Արմեն Թորոսյանը, Էմիլ Գեւորգյանը, Անի Սարգսյանը «Օրենսդրության մեջ քաղաքական փոքրամասնությունների պաշտպանության մոդելների համեմատական ուսումնասիրությունը» թեմաներով հետազոտությունների համար:

Երկրորդ մրցանակն ստացավ Հայկ Հովհաննիսյանը «Օրենսդրական նախագծերում կոռուպցիոն ռիսկերի գնահատման մոդելները» թեմայով հետազոտության համար:

Երրորդ մրցանակներն ստացան Մարուսյա Ասատրյանը, Ստեփան Օհանջանյանը եւ Արմինե Զաքարյանը «Պատգամավորների «վարքագծի կանոնների» հաջողված մոդելների վերլուծություն» թեմայով հետազոտության համար:

Մրցույթի մի քանի մասնակիցներ էլ ստացան հատուկ մրցանակներ: