National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.9.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
10.09.2010
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
1 / 5

Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը:

Տեղի ունեցավ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Օրակարգում ընդգրկված ութ օրինագծերից հանձնաժողովը քննարկեց հինգը, մյուս հարցերի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվեց:

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ավագ Հակոբյանը հանձնաժողովի քննարկմանը առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը, որը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կըդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

 Հանձնաժողովն  քննարկեց  առաջին ընթերցմամբ ներկայացված  կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով վարչական պատասխանատվություն է սահմանվում քաղաքային համայնքներում ոչ միայն շներ եւ կատուներ պահելու կանոների խախտման, այլեւ այլ տեսակի ընտանի կենդանիների պահելու կանոնները խախտելու համար: Վարչական պատասխանատվություն է սահմանվում նաեւ այն սեփականատերերի նկատմամբ, ովքեր իրենց պատկանող օբյեկտը կօգտագործեն ոչ նպատակային նշանակությամբ:

 Այս օրինագիծը եւս դրական եզրակացությամբ կըդգրկվի ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

 «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթեցմամբ քննարկման ներկայացրեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Վալտեր Մարությանը, նշելով, որ ներկայացված օրինագծով առաջարկվում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի պարտադիր նորմերի մեջ ներառել նաեւ փոստային բաժանորդային պահարանների սպասարկումը, ինչը գործող օրենսդրությամբ կարգավորված չէ:  Օրինագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը. այն կընդգրկվի ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

  «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրինագիծը կից օրինագծերով  առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը, պարզաբանելով, որ ոլորտը կանոնակարգող իրավական դաշտը լիարժեք չէ եւ անհրաժեշտ է լրացնել այն: Ըստ փոխնախարարի` ներկայացված օրինագծերի ընդունումը ոլորտում  կստեղծի ներդրումների եւ արդյունավետ գործունեության խթաններ, որոնց արդյունքում համապատասխան պայմաններ կստեղծվեն մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա կենցաղային թափոնների բացասական ներգործությունը նվազեցնելու եւ չեզոքացնելու, բնակչության համար հարմարավետ եւ էկոլոգիապես անվտանգ հնարավորություններ ապահովելու համար:

 Ըստ հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Գրիգորյանի, ներկայացված փաթեթում  առկա են բազմաթիվ վիճահարույց դրույթներ, սահմանված չեն աղբահանություն իրականացնողի` պարտականությունների չկատարման, կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն սահմանող դրույթներ: Նա առաջարկեց օրինագծերի փաթեթը քննարկել նաեւ խորհրդարանական լսումների ձեւաչափով` հրավիրելով նաեւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին:

  Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովի դրական եզրակացությունը ստացավ նաեւ երկրորդ ընթերցմամբ ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Մելիքյանի նախագահությամբ, որոշվեց օրակարգում ընդգրկված  երեք հարցերի քննարկումը հետաձգել:

Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկելու առաջարկով նիստի օրակարգում ներառվել էր  գյուղատնտեսության ոլորտին առնչվող երեք նախաձեռնություն` «Օրգանական գյուղատնտեսության մասին» եւ «Սպառողական կոոպերացիայի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը, ինչպես նաեւ «Անասնաբուժության մասին»  եւ  հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  Արամ Սաֆարյանի նախագահությամբ քննարկվեց առաջին ընթերցման ներկայացված  «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավորներ Արեւիկ Պետրոսյանի եւ Գոհարիկ Ենոքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված օրենսդրական փաթեթը: ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի խոսքով` օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է օրենքով կանոնակարգել երեխաների ծնունդների չգրանցման դեպքերը բացահայտելու եւ այդ ծնունդների  պետական գրանցումներն ապահովելու հարցերը: Նա նշեց, որ ինչպես փաստում են բազմաթիվ ահազանգեր, սոցիոլոգիական հետազոտություններ, ցավոք, այսօր մեր իրականությունում ունենք ոչ քիչ դեպքեր, ընդ որում եւ մարզերում, եւ Երեւանում, երբ տարբեր պատճառներով` սոցիալական, վարչական քաշքշուկի, փաստաթղթային թերությունների, անտարբերության եւ այլն, երեխաների ծնունդները չեն գրանցվում, ինչը հանգեցնում է մի շարք բարդությունների եւ խնդիրների թե տվյալ անձի, նրա ընտանիքի, թե պետության համար: Այս հիմնախնդրի լուծումը, ըստ տիկին Պետրոսյանի, սերտորեն կապված է երեխաների իրավունքների  պաշտպանության հետ, քանի որ երեխայի անձը հաստատելով, տալով նրան իրավական գոյության իրավունք` պաշտպանում ենք նրան նաեւ թրաֆիքինգի, վաճառքի, առեւանգման, երեխայի իրավունքների ոտնահարման այլ դրսեւորումներից: Նա նշեց նաեւ, որ օրենսդրական նախաձեռնությամբ երեխաների ծնունդները չգրանցելու դեպքերը բացահայտելու եւ այդ ծնունդների պետական գրանցումներն ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու պարտավորությունը դրվում է է համայնքների ղեկավարների վրա: Բացի այդ, նախագծերով տրվում է հնարավորություն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի (զագսի) աշխատավայրից դուրս` այն համայնքներում, որտեղ զագսեր գոյություն չունեն, սահմանված կարգով իրականացնելու ծնուդների գրանցումներ` առանց պետական տուրք գանձելու: Ըստ տիկին Պետրոսյանի` այս հնարավորությունը իրացվելու է մասնավորապես այն դեպքերում, երբ ծնողը, ելնելով սոցիալական ծանր վիճակից, չի կարող հոգալ տրանսպորտային եւ այլ ծախսերը` համայնքից դուր գործող զագս հասնելու եւ երեխայի ծնունդը գրանցելու համար:

ՀՀ կառավարության տեսակետը ներկայացրեց տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Կարեւորելով ներկայացված օրենսդրական փաթեթը` նա նշեց, որ խնդիրը մեծ հնչեղություն եւ կարեւորություն ունի, քանի որ չգրանցված երեխան բազում խնդիրների առաջ է կանգնում: Այս առումով ՀՀ կառավարությունը եւս մտահոգ է:

 ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը եւս կարեւորեց օրենսդրական փաթեթի ընդունումը:

Հանձնաժողովը որոշեց քննարկված օրենսդրական փաթեթը դրական եզրակացությամբ ընդգրկել ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում եւ այն քննարկել հատուկ ընթացակարգով:

Մինչեւ 15, 30, 60 եւ 90 օրով հետաձգվեցին մի շարք օրենքների նախագծերի քննարկումները:
 

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փոխնախագահ Վազգեն Կարախանյանի նախագահությամբ քննարկեց եւ դրական եզրակացություն ներկայացրեց հինգ համաձայնագրերի վերաբերյալ:

2010 թ. մարտի 23-ին Դամասկոսում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Սիրայի Արաբական Հանրապետության միջեւ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» համաձայնագիրը քննարկման ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Նա նշեց, որ համաձայնագրի նպատակն է երկու երկրների միջեւ ամրապնդել քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն տրամադրելու հիմքերը: Քրեական գործերով իրավական օգնությունը կտրամադրվի այն արարքների նկատմամբ, որոնք քրեորեն պատժելի կլինեն երկու երկրների օրենքներով, սակայն չի բացառվում նաեւ երկու երկրներից մեկի կողմից իր հայեցողությամբ իրավական օգնության տրամադրումը նաեւ այն դեպքում, երբ արարքը իր օրենսդրությամբ քրեորեն պատժելի չէ:

Պարոն Դանիելյանը ներկայացրեց նաեւ 2010 թ. մարտի 23-ին Դամասկոսում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության միջեւ քաղաքացիական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» համաձայնագիրը, որի նպատակն է խրախուսել արդյունավետ համագործակցությունը դատական եւ իրավական գործերում` կարգավորելով քաղաքացիական գործերով դատական փաստաթղթերի եւ դրանց առնչվող արտադատական փաստաթղթերի հանձնման, ապացույցների ձեռքբերման եւ քաղաքացիական գործերով դատական որոշումների ճանաչման եւ կատարման հարցերը:

2010թ. մարտի 23-ին Դամասկոսում ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության միջեւ հանձնման համաձայնագրի նպատակն է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը եւ հանձնման բնագավառում արդյունավետ համագործակցությունը: ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նշեց, որ քրեական հետապնդման մեջ գտնվող անձի հանձնումն իրականացվում է այն բոլոր արարքների համար, որոնք երկու երկրների օրենքներով համարվում են հանցանք եւ պատժվում են ազատազրկմամբ առնվազն մեկ տարի ժամկետով: Հանձնումը կարող է իրականացվել նաեւ այն դատապարտյալի նկատմամբ, որի կատարած արարքը եւ դրա համար նախատեսված առավելագույն պատիժը համապատասխանում են վերոնշյալին, եւ կայացրած դատավճիռը սահմանում է առնվազն վեց ամիս ազատազրկում:

2008 թ. հոկտեմբերի 10-ին Բիշկեկում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխհամագործակցության մասին» համաձայնագիրը (կից առարկությամբ) ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը: Համաձայնագրի կնքումը նպատակ է հետապնդում սահմանելու ԱՊՀ մասնակից պետությունների փոխհամագործակցության շրջանակներում պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության կազմակերպման եւ իրականացման իրավական հիմքերը, պետական պահպանություն իրականացնող մարմինների լիազորությունները: Ադրբեջանը համաձայնագրի վերաբերյալ վերապահում է ներկայացրել առ այն, որ համաձայնագրում շարադրված իրավունքներից, պարտականություններից եւ դրույթներից ոչ մեկը Ադրբեջանի Հանրապետությունը չի կիրառելու Հայաստանի Հանրապետության հանդեպ մինչեւ Ադրբեջանի բոլոր գրավված տարածքների ազատումը եւ Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի հետեւանքների ամբողջական վերացումը: Հայաստանի Հանրապետությունը առարկել է այդ վերապահման դեմ, քանի որ այն անհամատեղելի է նշված փաստաթղթի նպատակների հետ, ինչպես նաեւ խեղաթյուրում է ԼՂ հիմնախնդրի էությունը: Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հանդեպ նույնպես չի կիրառելու վերոնշյալ համաձայնագրի դրույթները:

2010 թ. մարտի 18-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սլովակիայի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի հիմնական զեկուցողը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արամ Մարությանն էր: Ըստ նրա` համաձայնագրի ընդունումը իրավական հիմք կհանդիսանա երկու երկրների միջեւ կանոնավոր օդային հաղորդակցությունների ձեւավորման եւ պատշաճ կարգավորման համար, կնպաստի երկու երկրների միջեւ տնտեսական եւ մշակութային կապերի հետագա զարգացմանը:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը, փոխնախագահ Մկրտիչ Մինասյանի նախագահությամբ, քննարկեց առաջին ընթերցումամբ ներկայացված «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը նշեց, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ ազատազրկման դատապարտված անձի մերձավոր ազգականը (ամուսինը, երեխան եւ այլն) օրգանի կամ հյուսվածքի փոխպատվաստման կարիք է ունենում, իսկ ազատազրկման դատապարտված անձը, ցանկանալով օգնել իր ազգականին, պատրաստակամություն է հայտնում հանդես գալ որպես դոնոր, սակայն, փոխպատվաստումը հնարավոր չի լինում իրականացնել, քանի որ գործող օրենսդրությամբ դա արգելվում է: Նման արգելքի առկայությունը շատ դեպքերում անհարկի խոչընդոտ է հանդիսանում ռեցիպիենտի կյանքի եւ առողջության պահպանման համար եւ լուրջ դժգոհություն է առաջացնում ազատազրկման դատապարտված անձանց եւ նրանց ազգականների շրջանում: Օրենքի նախագծով նախատեսվում է ազատազրկման դատապարտված անձին թույլատրել հանդես գալ որպես դոնոր, երբ ռեցիպիենտը վերջինիս մերձավոր ազգականն է:

Քննարկումների արդյունքում որոշվեց օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկել ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Քննարկվեց երկրորդ ընթերցմամբ ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը եւս ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Մինչեւ 30 եւ 90 օրով հետաձգվեցին մի շարք օրենքների նախագծերի քննարկումները: 
  
Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստ , որի օրակարգում ընդգրկված էր ՀՀ կառավարության  հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենքի նախագիծը: Ըստ հիմնավորման` նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2010 թվականի հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքի համապատասխան հոդվածով հեռուստահեռարձակողների լիցենզավորման  մրցույթին մասնակցելու համար նախատեսվում է անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ ներկայացնել նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով  պետական տուրքի մուծման անդորրագիրը:

Ներկայացված օրինագծի նպատակն է կարգավորել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված այս հարաբերությունները եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ գործող օրենքում հեռարձակման լիցենզավորման դեպքերում նախատեսված պետական տուրքի վճարման հարաբերությունները համապատասխանեցնել ընդունված  նոր օրենքին:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ողջունելի համարեց նաեւ այս ոլորտում նախկինում սահմանված խորհրդանշական պետական տուրքի չափի ավելացումը :

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Ելնելով հարցի հրատապությունից` հանձնաժողովը որոշեց առաջարկել օրինագծի առաջին եւ երկրորդ ընթեցմամբ քննարկումները կազմակերպել 24 ժամվա ընթացքում:
 


10.09.2010
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի եւ  սեպտեմբերի 14-16-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի  որոշման նախագծերը: ԱԺ ութերորդ...

10.09.2010
Հայտարարություն
  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին.   ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր  մասնագե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am