Տպել
04.09.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին
1 / 1
Տեսանյութ

Սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին, ով մեր երկրում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի հովանու ներքո Հայաստանում անցկացվող «Կարոտ» միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով:

Ողջունելով տաղանդավոր արվեստագետին` Հովիկ Աբրահամյանն ասաց, որ նա Հայաստանում բազմահազար երկրպագուներ ունի: Նրա ստեղծած կերպարները վաղուց արժանացել են հայաստանցի արվեստասերի համակրանքին: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ  հայ-ֆրանսիական բարեկամությունը ամուր հիմքերի վրա է, իսկ աշխարհահռչակ դերասանի այցն ավելի կամրապնդի այն:

Հովիկ Աբրահամյանը շատ  բարձր գնահատեց այն փաստը, որ Ժերար Դեպարդիեն  այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եւ ընդգծեց նրա քաղաքացիական կեցվածքը, մանավանդ որ դերասանը ներկայացնում է մի երկիր, որն ապաստան  է տվել 1915թ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցների: Ֆրանսիան այն երկրներից է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ժերար Դեպարդիեն նշեց, որ ինքը Հայաստանը գիտի Ֆրանսիայում ապրող հայ համայնքի շնորհիվ:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշանակալի համարեց, որ Ժերայր Դեպարդիեն Հայաստան է այցելել «Կարոտ» միջազգային փառատոնի շրջանակներում, որովհետեւ այն կարեւոր դեր է կատարում հայ արվեստը ներկայացնելու գործում: Հայաստանի խորհրդարանի ղեկավարն  առաջարկեց  հաջորդ  փառատոնն անցկացնել Փարիզում, եւ Ժերար Դեպարդիեին էլ  վերապահվի գլխավոր դերը:  Դերասանը սիրով համաձայնեց ներկա գտնվել փառատոնին:

Ժերար Դեպարդիեի խոսքով` իր այցելությունը Հայաստան կհետաքրքրի նաեւ Եվրոպայում գտնվող արվեստի մարդկանց, որպեսզի նրանք եւս գան Հայաստան  եւ այստեղ ծրագրեր իրականացնեն: Ինքը` Դեպարդիեն, այդպիսի մտադրություններ ունի` Հայաստան բերել եվրոպական գործիչների եւ կինոյի փառատոն կազմակերպել: Նա ծրագրում է նաեւ աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայերի մասնակցությամբ կազմակերպել մշակութային միջազգային ծրագիր Հայաստանում, որի միջոցով ներկայացվի տարբեր ժամանակների հայկական արվեստը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել նման ծրագրերին, քանի որ այդպիսի փառատոնները հնարավորություն են տալիս ծանոթանալու մեր երկրին, մշակույթին:  Այս կապակցությամբ ԱԺ նախագահը վերստին  կարեւորեց «Կարոտ» փառատոնի դերը, որը շատ մեծ ու ողջունելի աշխատանք է կատարում:
 


04.09.2010
Երեւանում կայացավ «Կարոտ» փառատոնի գալա համերգը
Սեպտեմբերի 4-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում կայացավ «Կարոտ» փառատոնի գալահամերգը եւ մրցանակների հանձնման արարողությունը: Նշենք, որ «Կարոտ» փառատոնը Երեւանում եւ Արցախում անցկացնելու հրավերը եղել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից: Փառատոնի հրավիրյա...

04.09.2010
Աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեի մամլո ասուլիսը Ազգային ժողովում
Մշակութային «Կարոտ» միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստանում է ֆրանսիացի մեծ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Ժերար Դեպարդիեն: Նշենք, որ «Կարոտ» միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո: Սեպտեմբերի 4-ին Ազգային ժողովում լրագրողների հետ...