Տպել
27.08.2010
Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 5000- րդ համարի լույսընծայման առթիվ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է օրաթերթի աշխատակազմին
1 / 1

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 5000- րդ համարի լույսընծայման առթիվ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է օրաթերթի աշխատակազմին. «Ի սրտե շնորհավորում եմ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ողջ աշխատակազմին, ներկա եւ նախկին աշխատակիցներին, նաեւ նրանց, ովքեր կանգնած են եղել թերթի ստեղծման ակունքներում, մեզ` ընթերցողներիս, թերթի 5000- րդ համարի լույսընծայման առթիվ:

1990 թվականի հոկտեմբերի 9-ից լույս տեսնող օրաթերթը հիմնադրել է Հայաստանի խորհրդարանը, եւ շուրջ 10 տարի այն հրատարակվել  է որպես օրենսդիր մարմնի պաշտոնաթերթ: Ուստիեւ «Հայաստանի Հանրապետություն»-ը ոչ միայն լրատվամիջոց է, այլեւ ինչ-որ տեղ նաեւ խորհրդարանի կողմից ժամանակին, պատմությանն ու հասարակությանը տրված  յուրօրինակ ինքնագիր:

Հայաստանը նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի միջոցով 20 տարի առաջ պաշտոնապես ներկայացրեց պատմությանն ու մարդկությանը հասցեագրված իր պետականության հայտը, որն ամրագրվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով: Այդ ժամանակից մինչ այսօր «Հայաստանի Հանրապետություն»-ը կարողանում է համատեղել ու հավասարակշռել ոգեւորությունն ու սթափությունը, զգացմունքներն ու իրատեսությունը, քանզի գիտակցում է պետություն կառուցելու գործընթացի լրջությունը: Իսկ այդ գործընթացը շարունակական է, որին պիտի մասնակից լինենք բոլորս:

Վստահ եմ, որ, պահպանելով զուսպ ու հավասարակշիռ կեցվածքը, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը կշարունակի  պատասխանատվությամբ կատարել իր առաքելությունը` ի նպաստ երկրի ու ժողովրդի:

Օրաթերթի ողջ  աշխատակազմին մաղթում եմ առողջություն, հաջողություններ, անսպառ եռանդ եւ լավատեսություն»: