Տպել
21.07.2010
Համատեղ աշխատանքային նիստ Ազգային ժողովում
1 / 5

Հուլիսի 21-ին տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության համատեղ աշխատանքային նիստը, որին հրավիրվել էր մասնակցելու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նիստի սկզբում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը համապարփակ տեղեկատվություն տրամադրեց Ալմաթիում տեղի ունեցած վերջին հանդիպման, ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: Արտաքին գործերի նախարարի եւ երկու պատվիրակությունների անդամների միջեւ մտքերի փոխանակություն տեղի ունեցավ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլի, ինչպես նաեւ հնարավոր զարգացումների վերաբերյալ:

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր միջազգային կառույցներում Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունների եւ երկրի արտաքին գերատեսչության աշխատանքը համակարգելու խնդիրներին: Պատվիրակության անդամները հնչեցրին առաջարկներ, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ դարձնելու խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքը միջազգային տարբեր կառույցներում, ինչպես նաեւ ներկայացվեցին մեխանիզմներ ԱԺ-ԱԳՆ կապն առավել գործուն դարձնելու համար:

Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը մանրամասներ ներկայացրեց ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության բրյուսելյան վերջին այցի վերաբերյալ` հատուկ շեշտադրելով խորհրդարանական համագործակցության խնդիրները: Պարոն Հովհաննիսյանը ներկայացրեց նաեւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի` «Եվրանեսթի» շուրջ ծավալված վերջին զարգացումները` տեղեկացնելով, որ ամենայն հավանականությամբ «Եվրանեսթը» սեպտեմբերին կգումարի առաջին նիստը:

Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանը տեղեկատվություն տրամադրեց Վարշավա կատարած իր վերջին այցի վերաբերյալ, որտեղ քննարկվել է Արեւելյան գործընկերության ծրագիրը: Տիկին Զոհրաբյանը տեղեկություն տրամադրեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի` նոյեմբերին կայանալիք նիստի վերաբերյալ:

Քանի որ նիստի օրակարգը չսպառվեց, պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում եւս մեկ անգամ հրավիրել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին` միջխորհրդարանական դիվանագիտության խնդիրները առավել ընդգրկուն քննարկելու համար:


21.07.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը Խորհրդարանների նախագահների համաշխարհային 3-րդ համաժողովում
Հուլիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ Ժնեւում ընթացող Խորհրդարանների նախագահների համաշխարհային 3-րդ համաժողովում, որին մասնակցում են 150 երկրների խորհրդարանների նախագահներ եւ միջազգային կառույցների ղեկավարներ: Դիմելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահը ասաց. «Հարգելի նախագահ,Հարգարժան...