Տպել
08.07.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Արտաշատում ներկա գտնվեց Բեյրութի «Վահրամ Փափազյան» թատերախմբի ներկայացմանը
1 / 4
Տեսանյութ

Այս տարվա ապրիլին Լիբանան կատարած պաշտոնական այցի ժամանակ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ծանոթացել էր «Վահրամ Փափազյան» թատերախմբի ատենապետ Տրդատ Ավետիքյանի եւ թատերախմբի անդամների հետ: Տրդատ Ավետիքյանը Հովիկ Աբրահամյանին տեղեկացրել էր, որ պատրաստվում են հյուրախաղերով այցելել Երեւան: ՀՀ Ազգային ժողովի նախագահը բազմից նշել է, որ մարզերի բնակչությանը եւս պետք է ակտիվ մասնակից դարձնել թատերական եւ ընդհանրապես մշակութային կյանքին: Հիշյալ հանդիպման ժամանակ, հավատարիմ այդ  գաղափարին, Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր ներկայացումներ ունենալ նաեւ մայրաքաղաքից դուրս, մասնավորապես  Արտաշատում, որի թատրոնը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում:

Եվ ահա, պայմանավորվածության համաձայն,  հուլիսի 8-ին Բեյրութի «Վահրամ Փափազյան» թատերախումբը հանդես եկավ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում, ներկայացվեց  Հակոբ  Պարոնյանի «Շողոքորթը» կատակերգությունը` Երվանդ Ղազանչյանի բեմադրությամբ: Ներկայացումը դիտեց նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:  Ինչպես իր խոսքում նշեց Երվանդ Ղազանչյանը, Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ շուրջ 10 տարի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմադրվում է «Ատամնաբույժն արեւելյան» կատակերգությունը: Հովիկ Աբրահամյանն առայժմ այն  միակ պետական գործիչն է, ով թատրոնի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար արժանացել է ՀՀ թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակին:«Շատ հեշտ է տեր լինել,բայց ոչ մեկի մտքով չի անցնում, որ նախ պիտի ծառա լինել, հետո` տեր: Եթե ուզում ես տեր լինել, պիտի շատ մեծ ծառա լինես: Ահա այդպիսի մարդ է պարոն Աբրահամյանը»,- ասաց Երվանդ Ղազանչյանը: 

«Վահրամ Փափազյան» թատերախմբի ատենապետ Տրդատ Ավետիքյանն իր երախտագիտությունը հայտնեց  ՀՀ Ազգային ժողովի նախագահին` հրավերի  համար.«Շնորհակալ ենք, որ այս առիթը ընձեռեց մեզ: Նրա շնորհիվ է, որ հիմա Արտաշատում ենք»: Մշակույթի հանդեպ հոգատար վերաբերմունքի եւ ուշադրության համար թատերախմբի ատենապետը հուշանվեր հանձնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահին:

1997 թվականին Արտաշատի թատրոնի շենքը Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ վերանորոգվեց: «Մեր մտերմությունը  այս թատրոնի հետ շարունակվում է,- իր խոսքում ասաց Ազգային ժողովի նախագահը: -Մենք դեռեւս անելիքներ ունենք  այս թատրոնում: Դահլիճը նորից վերանորոգման կարիք ունի»: Խորհրդարանի ղեկավարը խոստացավ  լուծել այդ խնդիրը: «Ես ոչ մի րոպե ձեզ չեմ մոռանում, սիրելի արտաշատցիներ, եւ մարզին: Արտաշատին ու նրա տարածաշրջանին վերաբերող յուրաքանչյուր խնդիր իմ ուշադրության կենտրոնում է, քանի որ ես այստեղից ընտրված պատգամավոր եմ : Մենք պարտավոր ենք պահպանել մեր կապը ժողովրդի հետ»:

Անդրադառնալով լիբանանահայությանը (հիշեցնենք, որ «Վահրամ Փափազյան» թատերախումբը ներկայացնում է Բեյրութը )` ԱԺ նախագահը  նշեց, որ Լիբանան այցի ընթացքում հանդիպելով այդ երկրի նախագահի, խորհրդարանի ղեկավարի, վարչապետի հետ, զգացել է ,  որ նրանք բոլորը   շատ գոհ են մեր հայրենակիցներից: «Ինձ համար մեծ պատիվ էր, որ Լիբանանի իշխանությունները շատ հարգանքով էին վերաբերվում  մեր հայրենակիցներին»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահը շատ տպավորված էր նաեւ լիբանանահայերի հայրենասիրական զգացմունքներից, որոնց առնչվել էր իր այցի ընթացքում, հատկապես Այնճար բնակավայրում:

Լեփլեցուն դահլիճում հանդիսատեսը ջերմությամբ եւ ոգեւորությամբ ընդունեց Երվանդ Ղազանչյանի ռեժիսորական աշխատանքն ու դերակատարների խաղը: 


08.07.2010
Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբը Ազգային ժողովում
Եռօրյա այցով Հայստանում է գտնվում Ֆրանսիայի Սենատի ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությունը` խմբի նախագահ Սերժ Լագոշի գլխավորությամբ: Հուլիսի 8-ի առավոտյան պատվիրակության անդամները Ազգային ժողովի այգում  ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի ...

08.07.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը
Հուլիսի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար  Սերժ Լագոշի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին երկու երկրների դեսպաններ Վիգեն Չիթեչյանը եւ Սերժ Սմեսովը: Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատե...