Տպել
08.07.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը
1 / 1

Հուլիսի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար  Սերժ Լագոշի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին երկու երկրների դեսպաններ Վիգեն Չիթեչյանը եւ Սերժ Սմեսովը:

Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց բոլոր ուղղություններով կայուն զարգացող  հայ-ֆրանսիական հարաբերությունները: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ փոխգործակցության  զարգացման համար լուրջ գործոն են հանդիսանում քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը, ինչպես նաեւ միջխորհրդարանական ամուր հարաբերությունները,  երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային դարավոր կապերը եւ Ֆրանսիայում հայկական մեծ ու ազդեցիկ համայնքի առկայությունը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ  Ֆրանսիայի  Սենատի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ կապերը միշտ եղել են բավականին ակտիվ եւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցում կարեւորեց բարեկամության խմբերի դերը: ԱԺ նախագահը շեշտեց, որ ԵՄ-ի հետ մերձեցումը եւ եվրաինտեգրման քաղաքականությունը Հայաստանի արտաքին քաղաքականության եւ ներքին բարեփոխումների գերակայություններից են եւ Հայաստանում շարունակվում են ժողովրդավարության խորացմանն ուղղված բարեփոխումները:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը` ԱԺ նախագահը  նշեց, որ  Հայաստանը կարեւորում է հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձեւաչափ, որը կարգավորման ուղիներ գտնելու բավականաչափ ներուժ ունի: Պարոն Աբրահամյանը անդրադարձավ նաեւ վերջին շրջանում առավել հաճախ դարձած ադրբեջանական ռազմատենչ հայտարարություններին եւ  Բաքվի կողմից հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը կազմակերպված սադրանքին, որին զոհ դարձան 5 հայ զինծառայող,  մտահոգություն հայտնելով, որ միջազգային հանրության կողմից համարժեք արձագանք չեղավ եւ  Ադրբեջանի գործողությունները չդատապարտվեցին, ինչը կբացառեր նման  դեպքերի կրկնվելը: ԱԺ նախագահը խոսեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների  կարգավորման հնարավորությունների մասին: 

Սերժ Լագոշը կարեւորեց խորհրդարանների միջեւ հարաբերությունների խորացման, շփումների, փոխայցերի ակտիվացման անհրաժեշտությունը, որը կնպաստի Ֆրանսիա-Հայաստան փոխգործակցության առավել զարգացմանն ու ամրապնդմանը: Նա բարձր գնահատեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի ջանքերն ուղղված Ֆրանկոֆոնիայի զարգացմանը Հայաստանում եւ Երեւանում  Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի  23-րդ համաժողովի անցկացումը:

Ֆրանսիայի Սենատի անդամը   նույնպես կարեւորեց ԼՂ հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումը եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:

Երկուստեք կարեւորվեց խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը եւ  միջազգային կառույցներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


04.05.2024
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ:   Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ժողովրդավարո...

04.05.2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին: Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակ...