Տպել
14.06.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Լիմասոլում
1 / 8

Հունիսի 11-ին  Լիմասոլում խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ  հանդիպումներ ունեցավ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի  եւ մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի կողմից ԵԽԽՎ բանաձեւերի իրականացման ընթացքը, ինչպես նաեւ ԼՂ հարցով ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի շուրջ ծավալվող զարգացումները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հանձնաժողովի աշխատանքների վերսկսման հարցում պետք է ցուցաբերել շատ զգուշավոր մոտեցում: Պետք է այնպիսի քայլեր անել, որպեսզի որեւէ կերպ չխաթարվի բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նշվեց, որ Ադրբեջանի կողմից ռազմատենչ հայտարարությունները որեւէ կերպ չեն նպաստում վստահության մթնոլորտի ձեւավորմանը եւ համագործակցությանը:

Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Պեր Վեստերբերգի հետ հանդիպման սկզբում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումը: ՀՀ ԱԺ նախագահը ընդգծեց, որ այդ ցեղասպանությունը միայն հայերին չէր ուղղված, այլ հանցագործություն էր համայն մարդկության դեմ եւ կարեւորեց մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առաջատար համարվող Շվեդիայի կողմից այդ իրողության դատապարտումը: Խոսվեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների  մասին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ հայ-շվեդական միջխորհրդարանական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցերի: Մասնավորապես կարեւորվեց բարեկամության խմբերի աշխատանքների ակտիվացումը եւ փոխայցելությունները: ՀՀ ԱԺ նախագահը Շվեդիայի խորհրդարանի նախագահին հրավիրեց մինչեւ 2010 թ. սեպտեմբերին Շվեդիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները պաշտոնական այց կատարել Հայաստան եւ ելույթ ունենալ ՀՀ ԱԺ ամբիոնից:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց  Մալթայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Մայքլ Ֆրենդոյի հետ `վերջինիս նախաձեռնությամբ:

Հանդիպման սկզբում ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց Մայքլ Ֆրենդոյին Մալթայի խորհրդարանի նախագահ  ընտրվելու կապակցությամբ եւ հրավիրեց պաշտոնական այց կատարել Հայաստան: Նշվեց, որ չնայած Հայաստանն ու Մալթան աշխարհագրորեն հեռու են գտնվում միմյանցից, սակայն երկու երկրներն ունեն ընդհանրություններ սովորույթների եւ ավանդույթների առումով: Կարեւորվեց փոխգործակցության ակտիվացումը ոչ միայն խորհրդարանների մակարդակով,  այլ նաեւ տնտեսության, գիտության, կրթության եւ այլ ոլորտներում: ԱԺ նախագահը նշեց, որ այցերի ընթացքում կկազմակերպվեն նաեւ բիզնես ֆորումներ` ուրվագծելու Հայաստանի եւ Մալթայի գործարար շրջանակների միջեւ համագործակցության հնարավոր ուղղությունները: Կողմերը կարեւորեցին համագործակցության անհրաժեշտությունը  նաեւ միջազգային կառույցներում:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Խորվաթիայի խորհրդարանի նախագահ պարոն Լուկա Բեբիչի հետ ` վերջինիս նախաձեռնությամբ:

Հանդիպման առանցքում հայ-խորվաթական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերն էին:

Խորվաթիայի խորհրդարանի նախագահը ներկայացրեց նաեւ Եվրամիությանը Խորվաթիայի անդամակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքների եւ բանակցությունների արդյունքների մասին:

Նշվեց, որ որպես խորհրդարանների նախագահներ իրենք պետք է ամեն ինչ անեն հարաբերությունները ակտիվացնելու համար: Անդրադարձ եղավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կատարած պաշտոնական այցին Խորվաթիա, որը շատ արդյունավետ էր:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Ալբանիայի խորհրդարանի նախագահ տիկին Ժոզեֆինա Տոպալիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի եւ Ալբանիայի միջեւ միջխորհրդարանական կապեր հաստատելու եւ զարգացնելու  անհրաժեշտությանը վերաբերող հարցեր: Կարեւորվեց համագործակցությունը եվրոպական կառույցներում:

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Մարիոս Գարոյանի հետ  հանդիպման ընթացքում բարձր գնահատվեց հայ-կիպրական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  կարեւորեց 2008 թվականի նոյեմբերին պարոն Գարոյանի պաշտոնական այցը Հայաստան, որը մեծ նշանակություն ունեցավ հայ-կիպրական միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում:  Նշվեց, որ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունները կարեւոր գրավական են փոխհարաբերությունների հետագա զարգացման եւ առավել խորացման համար:

Հունիսի 13-ին կայացավ երկրորդ  հանդիպումը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Մարիոս Գարոյանի միջեւ, որի ընթացքում անդրադարձ եղավ  միջազգային կառույցներում, մասնավորապես ԵԽԽՎ-ում երկու երկրների պատվիրակությունների միջեւ համագործակցության  զարգացմանն առնչվող հարցերին:
 

Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ: Հովիկ Աբրահամյանը  կարեւորեց հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող մոնիտորինգը, որը լուրջ խթան է Հայաստանի, ինչպես նաեւ ԵԽ մյուս անդամ պետությունների կողմից մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների իրագործման համար:   Պարոն Համմարբերգը տեղեկացրեց, որ հոկտեմբերին կժամանի Երեւան, մասնակցելու  ԵԽ «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանում ընթացող օրենսդրական բարեփոխումներին, տարածաշրջանային խնդիրներին  առնչվող հարցեր:

  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ  ունեցավ նաեւ Մարոկկոյի Ներկայացուցիչների պալատի նախագահ Աբդելվահեդ Ռադիի, Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի, Լեհաստանի Սենատի նախագահ Բոգդան Բորուսեւիչի, Իտալիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջիանֆրանկո Ֆինիի հետ: