Տպել
10.06.2010
Ավարտվեց ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին քառօրյան
1 / 5

Հունիսի 10-ին խորհրդարանը, շարունակելով քառօրյա նիստերի աշխատանքը, քվեարկությամբ վավերացրեց նախօրդ օրը քննարկված չորս համաձայնագրերը եւ ընդունեց «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: 80 կողմ, 1 դեմ եւ  0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը ընդունեց ՀՀ 2009 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Խորհրդարանը մերժեց ՀՅԴ խմբակցության հարցապնդումը, որով կառավարությանն առաջարկվել էր հանրապետությունում գազամատակարարման համակարգի գործունեության, ոլորտի պետական կառավարման արդի վիճակի մասին տեսակետներ ներկայացնել:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքում  փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին »  կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթի քննարկումը:  Օրենսդրական փաթեթն արժանացավ պատգամավորների բուռն քննարկմանը: Անահիտ Բախշյանի համար անհասկանալի է, որ հանրակրթության որակը բարձրացնելու եւ մայրենիին քաջատեղյակ քաղաքացիներ դաստիարակելու փոխարեն առաջարկվում է օտարալեզու դպրոցների գաղափարը քաջալերող օրենսդրական նախաձեռնություն: Նրա գնահատմամբ` միջազգային չափանիշերին համապատասխան կրթության համար անհրաժեշտ են համապատասխան մանկավարժներ, մինչդեռ մանկավարժներ պատրաստող բուհը` Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը, չունի նման հնարավորություններ: Տիկին Բախշյանը նշեց, որ իրենք առաջիկայում կներկայացնեն առաջարկներ: Օրինագծի ընդունմանը դեմ արտահայտվեց նաեւ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա` պատմությունն ապացուցում է, որ հայ ժողովրդի պահպանման համար մշտապես եղել են երկու գրավականներ` եկեղեցին ու լեզուն, որոնք պետք է պահպանել եւ հզորացնել: Պարոն Մարտիրոսյանի գնահատմամբ` օրինագծի ընդունումը հասարակական նոր շերտավորումների սկզբնավորման հնարավորություն կստեղծի: Գալուստ Սահակյանը կարծում է, որ սխալ է հանրակրթությունը խառնել այս հարցի հետ` ընդգծելով, որ օրինագծում առաջնային է ազգային դպրոցի գաղափարախոսությունը: Նրա գնահատմամբ` հանրակրթության բնագավառում պետք է քայլեր կատարվեն, որոնք կկատարելագործեն ոլորտը եւ կփոխեն հասարակության վերաբերմունը կրթական գործի նկատմամբ: Նա իր գործընկերներին առաջարկեց ներկայացնել գրավոր առաջարկներ:  Վիկտոր Դալլաքյանը եւս դեմ արտահայտվեց օրինագծին:  Նա առաջարկեց  կառավարությանը մշակել կրթության նոր ռազմավարություն: Դեմ լինելով օրենսդրական փոփոխություններին` Լիլիթ Գալստյանը նշեց, որ միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթահամակարգ ունենալու համար պարտադիր չէ ստեղծել օտարալեզու դպրոցներ: Նա գտնում է, որ խնդիրը կրթական համակարգը մրցունակ դարձնելու մեջ է: Վահան Հովհաննիսյանը եւս կիսում է այն տեսակետը, որ Հայաստանում հանրակրթության մակարդակը  ցածր է եւ ժողովրդավարական երկիր ստեղծելու ցանկությանը չի համապատասխանում: Արծվիկ Մինասյանի խոսքով` օրենսդրական նախաձեռնությունը կնպաստի, որ կրթական աղանդավորությունը մուտք գործի կրթահամակարգ: Պատգամավորը գտնում է, որ մասնավոր հատվածում այլալեզու դպրոցների ստեղծմամբ հանրակրթության ոլորտը շուկայական հարաբերությունների բնագավառ է տեղափոխվում: Նա կոչ արեց չընդունել օրինագծով առաջարկվող փոփոխությունները: Զարուհի Փոստանջյանը  փոխանցեց մի խումբ քաղաքացիների բաց նամակը ԱԺ պատգամավորներին, որում ներկայացված էին մտահոգություններ օտարալեզու դպրոցների բացման վերաբերյալ: Ռուզան Առաքելյանի պնդմամբ` այլալեզու դպրոցների բացումը կարող է երեխաների շրջանում առաջացնել շերտավորում, հոգեբանական դեգրադացում: Նա համաձայն է, որ այլալեզու կրթության գաղափարը իրագործվի ավագ դպրոցում:  Տիգրան Թորոսյանը գտնում է, որ լավ մասնագետ լինելու համար անհրաժեշտ է օտար լեզվի իմացությունը, բայց  ինքնության ձեւավորման համար կարեւոր են հայեցի դաստիարակությունը, դպրոցն ու ընտանիքը: Պարոն Թորոսյանը գտնում է, որ այլալեզու դպրոցներ բացելով` երկրի հանրակրթական մակարդակը չի բարձրանա: Պարոն Թորոսյանը կառավարությանն առաջարկեց օրինագիծը հետ վերցնել եւ լրամշակել: Ստյոպա Սաֆարյանը եւս գտնում է, որ այս օրինագիծը ոչ թե լեզվին է վերաբերում, այլ ազգաին ինքնությանը: «ժառանգություն» կուսակցությունը կողմ է, որ օտար լեզուների ուսուցման մակարդակը բարձր լինի դպրոցներում, բայց ոչ լեզվամտածողությունը փոխելու հաշվին: Նրա կարծիքով` միջազգային սանդղակներին համապատասխան կրթություն ստանալու համար պարտադիր չէ օտարալեզու դպրոցներ  բացելը: Հեղինե Բիշարյանը կոչ արեց աջակցել օրենսդրական նախաձեռնությանը: Տիկին Բիշարյանը կառավարությանն առաջարկեց նվազեցնել դպրոցների` օրինագծով առաջարկվող թիվը, մասնավոր դպրոցներում առարկաների օտար լեզվով ուսուցումը սկսել ոչ թե 5-րդ դասարանից, այլեւ 7-րդ դասարանից, իսկ միջպետական եւ կառավարական դպրոցներում ուսուցումն իրագործել ավագ դասարաններում: Նա  նշեց, որ ՕԵԿ-ը մշտապես հեղինակել է կրթական համակարգի կատարելագործմանը միտված օրինագծեր: Կարինե Աճեմյանը նշեց, որ ՀՀԿ խբակցությունը օրենքի նախագիծը քննարկել է հ/կ-ների, լեզվի մասնագետների եւ շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ, որի արդյունքում բազմաթիվ առաջարկներ են ներկայացվել, որոնց հիման վրա էլ կառավարությունը լրամշակել է օրենսդրական փաթեթը: Նա գնահատմամբ` հարցը չպետք է տեղափոխել քաղաքական դաշտ: Տիկին Աճեմյանը հիշեցրեց, որ օրենքի դրույթներով հայագիտական առարկաների ուսուցումը պահպանվելու է օտարալեզու դպրոցներում: Նա, գործընկերներին առաջարկելով համատեղ աշխատել եւ մինչեւ երկրորդ ընթերցում դիտողություններ ներկայացնել,  տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու օրենսդրական փաթեթի ընդունմանը: Արտյուշ Շահբազյանի համոզմամբ` իշխանությունները ազգային խնդիրների հարցում գնում են հերթական զիջումների ճանապարհով: Պատգամավորն ընդգծեց, որ դպրոցը պետք է կրթի ՀՀ քաղաքացիներ, ինչը հնարավոր է միայն հայեցի դաստիարակությամբ եւ ազգային արժեքների պարտադիր ուսուցմամբ: Նա տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու առաջարկվող փոփոխություններին: Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ Հայաստանի հայալեզու դպրոցներում պետք է սովորեցնել բազմաթիվ օտար լեզուներ: Նա առաջարկում է կառավարությանը հետ վերցնել օրենսդրական փաթեթը: Օրենքի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ նիստում:
 

ՀՀ Սահմանադրության 70-րդ եւ ԱԺ կանոնակարգի 40-րդ հոդվածների համաձայն` ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 10-ին, ժամը 18-30-ին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ` քննարկելու երկրորդ ընթերցման ներկայացված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը: Նա տեղեկացրեց, որ խորհրդարանական լսումներում, միջազգային տարբեր կազմակերպությունների, փորձագետների եւ ոլորտի մասնագետների հետ  բազմիցս քննարկվել է նախագիծը:  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Հովհաննես Մարգարյանը, Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները ներկայացրել են բազմաթիվ առաջարկներ, որոնց հաշվառումով էլ բարելավվել է օրենքի նախագիծը: Առաջարկները վերաբերել են կարգավորիչ մարմնի դերի ու գործառույթների հստակեցմանը, լիցենզիաների համար մրցույթ հայտարարելու կարգին, թվային հեռարձակման ցանցի պատկանելությանը, հաղորդումների բազմակարծության ապահովմանը եւ մի շարք այլ հարցերի:

Ելույթ ունեցան նաեւ առաջարկներ ներկայացրած պատգամավորները:

 Հովհաննես Մարգարյանը կարեւորեց, որ անալոգայինից թվային հեռարձակման անցման  ընթացքում  մարզային հեռուստառադիոընկերությունների լիցենզիաների ժամկետները կերկարաձգվեն  մինչեւ 2015 թվականը. նրանք հնարավորություն պետք է ունենան շարունակելու իրենց հեռարձակումը: Բանախոսը գոհունակությամբ նշեց, որ կառավարությունը ընկալումով է մոտեցել եւ ընդունել իր առաջարկը:

Լիլիթ Գալստյանը արձանագրեց, որ թեեւ իր ներկայացրած 31 առաջարկների մի մասը ընդունվել է, բայց առանց հիմնավորման մերժվել են շատ կարեւոր առաջարկներ: Օրենքի նախագիծը չի բարելավվել եւ այս վիճակով այն չի կարելի ընդունել, ուստի ինքը ոչ է ասելու օրինագծին:

Արծվիկ Մինասյանի գնահատմամբ` օրինագիծը լրջորեն չի վերանայվել, իսկ կատարված առաջարկներին վերաբերող մերժումները հիմնավորված չեն: Նա համոզմունք հայտնեց, որ օրենքը այս տեսքով չի կարող աշխատել եւ համապատասխանաբար արժանի է մերժման:

Արմեն Մարտիրոսյանը օրինագծի մասին խոսելն անիմաստ համարեց, քանի որ այն լուրջ բարեփոխումների տարր չի պարունակում իր մեջ: Այս նախագծով, ըստ բանախոսի, ազատությունը ավելի է սահմանափակելու Հայաստանում:

Անահիտ Բախշյանի գնահատմամբ` եթե ինքն իմանար, որ այս նախագծով Ա1+ -ի հարցը կլուծվի եւ օրինականության դաշտ կապահովվի ոլորտում, ինքը կողմ կքվեարկեր, բայց այդպես չէ:

Լարիսա Ալավերդյանը այս ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը անթույլատրելի համարեց, ինչը անխուսափելիորեն  նորանոր դժվարություններ է ստեղծելու:

Ստյոպա Սաֆարյանի կարծիքով` կառավարությունը Ազգային ժողով է բերել հիմնազուրկ   մի օրենք , որ ուզում է հապճեպորեն ընդունել: Հենց դա էր պատճառը, որ «Ժառանգություն» խմբակցությունը գրեթե բոլոր հոդվածներին վերաբերող այդքան մեծաքանակ առաջարկներ էր ներկայացրել ոլորտի բարփոխման նպատակադրմամբ: Բայց, ավաղ, դրանք մերժվեցին: Նա խմբակցության անունից հորդորեց իր գործընկերներին դեմ քվեարկել նախագծին:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Մուշեղ Թումասյանը վստահություն հայտնեց, որ նախագիծը թույլ կտա հիմք դնել հեռուստատեսության թվայնացման գործընթացին: Նրա գնահատմամբ` անթերի ոչինչ չի լինում, եւ եթե ընթացքում կնկատվեն անհստակություններ կամ թերություններ, կառավարությունը Ազգային ժողովի հետ արագորեն կշտկի դրանք: Նա շնորհակալություն հայտնեց պատգամավորներին շահագրգիռ քննարկումների համար եւ հորդորեց կողմ քվեարկել օրինագծին:

ԱԺ պատգամավորները քվեարկեցին եւ երկրորդ ընթերցմամբ եւ անբողջությամբ ընդունեցին օրինագիծը` ավարտելով արտահերթ նիստի աշխատանքը:

ՀՀ օրհներգի հնչյունների ներքո Ազգային ժողովը ավարտեց ԱԺ չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի  աշխատանքը:


10.06.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախագահին
Հունիսի 10-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ  Ղուլյանին. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում ջերմ եւ անկեղծ շնորհավորանքներս` Լեռնայ...