Տպել
03.06.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց «Փրկություն» ՀԿ-ի հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոն
1 / 5
Տեսանյութ
Հունիսի 3-ին  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ խմբակցութան ղեկավար  Գալուստ Սահակյանի  եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանի  ուղեկցությամբ այցելեց «Փրկություն» հասարակական կազմակերպության հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոն:

 Կենտրոնի նպատակն է` նպաստել հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների ինտեգրմանը հասարակությանը, կրթական եւ սոցիալ-մշակութային ծրագրերի միջոցով նպաստել նրանց մասնագիտական որոշակի հմտությունների ուսուցմանը եւ ձեռքբերմանը: «Կենտրոնի անդամները երեխա են ճակատագրով, սակայն նրանք մեծահասակ են. ամենափոքրը 13 տարեկան է, մեծը` 32, նրանց թիվը հասնում է 52-ի: Նրանք ներկայացնում են Երեւանի բոլոր համայնքները, քանի որ նման ցերեկային խնամքի կենտրոնը միակն է Հայաստանում»,- ասաց կենտրոնի տնօրեն Արփինե Աբրահամյանը: Կենտրոնում գործում են տարրական ուսուցման, ձեռագործության, նկարչության, կավագործության խմբակներ:

Այս տարվա  փետրվարին ՀՀ Ազգային ժողովի շենքում  կազմակերպվել էր «Փրկություն»  կենտրոնի մտավոր խնդիրներ ունեցող երեխաների եւ դեռահասների աշխատանքների ցուցահանդես, որի ժամանակ  Ազգային ժողովի  նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր այցելել կենտրոն: Խորհրդարանի նախագահը որպես օժանդակություն կենտրոնին էր հատկացրել 500 հազար դրամ, որի միջոցով կենտրոնի շենքում վերանորոգման աշխատանքներ էին կատարվել:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը այցելության ընթացքում  շրջեց կենտրոնում, ծանոթացավ  պայմաններին, սաների առօրյային, դասապատրաստման ընթացքին, տարբեր խմբակներում անցկացվող պարապմունքներին:

«Մենք  ցանկանում ենք, որպեսզի մտավոր խնդիրներ ունեցող երեխան ապրի ընտանիքում, այլ ոչ թե դպրոցից հետո հայտնվի հատուկ տիպի հաստատությունում կամ մանկատանը: Հույս ունենք, որ  ԱԺ նախագահի այցը էական փոփոխություն կբերի կենտրոնին. Այսօր մենք կոմունալ ծախսերի վճարման, գրենական պիտույքների ձեռքբերման, աշխատակիցների ցածր աշխատավարձի հետ կապված խնդիրներ ունենք »,- ասաց կենտրոնի տնօրենը:

Իր խոսքում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ամեն ինչ պետք է անել, որ երեխաները լիարժեք ինտեգրվեն հասարակությանը:   Նա   կոչ արեց  բոլոր  գործարարներին` աջակցելու կենտրոնին: «Բոլորիս պարտականություն է` նման կենտրոններին աջակցել: Կենտրոնի աշխատակիցները համբերատար, սրտացավ եւ կազմակերպված ձեւով են աշխատում: Մենք` որպես իշխանություն, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի երեխաների համար ստեղծենք ` նորմալ պայմաններում ժամանակ անցկացնելու հնարավորություններ:  Տնտեսական ծախսերը եւ աշխատավարձերը կփորձենք կառավարության հետ համաձայնեցնելով ավելացնել»,- ասաց ՀՀ Ազգային ժողովի  նախագահը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանի խոսքով, կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի երեխան, ինչպիսի առողջական վիճակում էլ որ լինի, գտնվի իր տանը: Ըստ նրա, կատարվում են քայլեր, որոնց արդյունքում այսօր բազմաթիվ հաշմանդամներ կարողանում են աշխատել լուրջ կազմակերպություններում` հեռախոսակայաններում, բանկերում:

Կենտրոնի սաները հյուրերին ողջունեցին  ասմունքի եւ երգերի կատարումներով, ինչպես նաեւ փոքրիկ տիկնիկային ներկայացումով: Կենտրոնին ցուցաբերած վերաբերմունքի համար նրանք  ԱԺ նախագահին շնորհակալագիր եւ  հուշանվեր հանձնեցին :