Տպել
01.06.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ կայացավ «Չարի վերջը» մանկական օպերայի բեմադրությունը
1 / 6
Տեսանյութ

Հունիսի 1-ը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Օրվա կապակցությամբ Արարատի մարզի Վեդի քաղաքի գեղարվեստի մանկական դպրոցում տեղի ունեցավ կոմպոզիտոր Ազատ Մանուկյանի «Չարի վերջը» մանկական օպերայի պրեմիերան` ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի: Մանկական այս օպերան նախկինում չի բեմադրվել, այն 1950-ականներին մեկ անգամ ձայնագրվել է եւ պահպանվել հանրային ռադիոյի ֆոնդում: Ներկայացումը հովանավորել էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Շարունակելով միջազգային եւ կրթական ծրագրերի նկատմամբ հովանավորչական վերաբերմունքը` խորհրդարանի ղեկավարը ոչ միայն աջակցել է մանկական օպերայի բեմադրման հետ կապված խնդիրների լուծմանը, այլեւ պատրաստակամություն  հայտնեց ներկայացումը հասանելի դարձնելու Հայաստանի բոլոր մարզերի երեխաներին` օժանդակելով բեմադրմանը ինչպես մարզերում, այնպես էլ Արցախում:

Վեդու գեղարվեստի մանկական դպրոցի սաները Հովիկ Աբրահամյանին դիմավորեցին երգ ու պարի ուղեկցությամբ, որից հետո ԱԺ նախագահի, Արարատի մարզպետի, մանկավարժների մասնակցությամբ կայացավ մանկական օպերայի պրեմիերան:

Ներկայացումից հետո ՀՀ ԱԺ նախագահը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մարզերի բնակչությանը պետք է ավելի ակտիվ մասնակից դարձնել թատերական եւ ընդհանրապես մշակութային կյանքին: Շնորհավորելով մանուկներին իրենց տոնի առթիվ` Հովիկ Աբրահամյանն ավելացրեց, որ ուրախ է նշելու այն իր հայրենի մարզի երեխաների հետ: «Ես կցանկանայի կկվի եւ աղվեսի այս պատմության մասին հիշեցնել որոշ քաղաքական գործիչների, որպեսզի նրանք հասկանան, որ չարի վերջը լավ չի լինում: Թող նրանք զբաղվեն ոչ թե մարդկանց հանդեպ չարություն անելով, այլ բարի գործերով: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է հասկանա, որ երեխաներն են մեր ազգի ապագան, եւ յուրաքանչյուր պաշտոնյա իր հնարավորությունների չափով պետք է օգնի մեր ապագա սերունդներին»,- ասաց ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանը նշեց նաեւ, որ Վեդիի գեղարվեստի դպրոց այցելել էր դեռ 1999 թ., երբ Արարատի մարզպետի պաշտոնում էր. «Այն լավ է պահպանվել, չնայած դրան` տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել դպրոցին օգնություն ցույց տալու վերաբերյալ: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այս դպրոցը պահպանվի: Գործադիրն ու օրենսդիրը պետք է մեծ ուշադրություն դարձնեն մարզերի համաչափ զարգացմանը: Ոչ մեկը մեղավոր չի, որ ծնվել է գյուղում կամ այլ քաղաքում. Երեւանից պետք է դուրս գալ եւ աջակցել մյուս համայնքներին: 21-րդ դարում մարդիկ պետք է լավը մտածեն, ծառայեն ժողովրդին, պետությանը: Ես համոզված եմ, որ մենք ունենք մեծ ներուժ բոլոր խնդիրները միասնաբար լուծելու, լինելու հանդուրժող, համախմբված, որպեսզի կարողանանք հաղթահարել բոլոր խոչընդոտներն այս արագ փոփոխվող աշխարհում»:

ԱԺ նախագահը ներկայացումից հետո  ծանոթացավ գեղարվեստի դպրոցի երեխաների գեղանկարչական աշխատանքներին:

Մանկական օպերայի բեմադրիչ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի արտիստ Սեդրակ Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին բեմադրությունը հովանավորելու համար, նշեց, որ գեղարվեստի դպրոցի 50-ամյակի կապակցությամբ իրենք ծրագիր են ներկայացրել, որին արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով նյութապես եւ հոգեպես աջակցել է ու ոգեշնչել բեմադրության մասնակիցներին: «Մենք նպատակ ունենք հիմնադրելու մանկական օպերային թատրոն, քանզի 80-ական թվականներից մինչ օրս մանկական օպերային թատրոն հասկացություն չկա Հայաստանում: Նախատեսում ենք «Չարի վերջը» ներկայացումով հյուրախաղերով հանդես գալ Հայաստանի տարբեր մարզերում եւ տարբեր երկրների հայկական համայնքներում»,- ասաց Սեդրակ Գրիգորյանը` ավելացնելով, որ նոր օպերային փորձել են մի փոքր ժամանակակից շունչ հաղորդել` բեմադրության մեջ ընդգրկելով հարվածային գործիքներ: Նշվեց, որ բեմադրությունը պատրաստվել է մեկ ուսումնական տարվա ընթացքում:
 


01.06.2010
Ասուլիս խորհրդարանում
ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի հրավերով հունիսի 1-ին  խորհրդարանում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որտեղ մանրամասներ ներկայացվեցին պատգամավորի` Բուլղարիա կատարած այցից: Վահան Հովհաննիսյանը Սոֆիա էր մեկնել բուլղարական սոցիալիստական կուսակցության հրավերով` մասնակցելու   «Եվրամիության ...