Տպել
27.01.2010
ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների հայտարարությունը

ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության ուշադրությունն ենք հրավիրում ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մովլութ Չավուշօղլուի` ս.թ. հունվարի 26-ին ադրբեջանական «APA» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցին, որում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահը հանդես է եկել կանխակալ տեսակետներով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ: Վեհաժողովի նախագահի կողմից «իրականության» որոշ մեկնաբանություններ հարցականի տակ են դնում նրա անկողմնակալությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ընկալման հարցում: ԵԽԽՎ նախագահը լավ չի ընկալում հակամարտության բնույթն ու տարրերը, ինչպես նաեւ վերջինիս շուրջ ընթացող բանակցային գործընթացը: Նա ակնհայտորեն նախընտրում է  անտեսել այն փաստը, որ խաղաղ կարգավորումը հիմնված է մի քանի սկզբունքներին հետամուտ լինելու վրա, որոնց թվում է նաեւ ինքնորոշման սկզբունքը: Ինչպես երեւում է, Նախագահը նաեւ անտարբերությամբ է վերաբերում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանն առնչվող հիմնահարցերին, որոնք մշտապես վտանգված են Ադրբեջանի իշխանությունների կողմից, ներկայումս նաեւ հայերի հանդեպ ատելություն եւ այլատյացություն քարոզելու միջոցով:

Ավելին, ցավում ենք, որ հենվելով հիմնահարցի առնչությամբ Թուրքիայի դիրքորոշմանը եւ շեշտելով, որ. «այս հակամարտությունը կարծես խոչընդոտում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»` Նախագահը լրջորեն հարցականի տակ է դնում իր պաշտոնավարության հեղինակությունը տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում առհասարակ որեւէ դրական դերակատարում ունենալու տեսանկյունից:

Այս հարցազրույցը եւս մեկ անգամ հաստատում է, որ բանակցություններ վարելը միայն լիազորված մարմնի, այս պարագայում ԵԱՀԿ  եւ վերջինիս Մինսկի խմբի համանախագահության իրավասությունն է, եւ այն, որ այս ձեւաչափից դուրս ցանկացած անպատասխանատու ձեռնարկում միայն ավելի բարդացնում եւ վնասում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը:

Հաշվի առնելով վերոգրյալը, Ազգային Ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կոալիցիոն խմբակցությունները հորդորում են Ազգային ժողովի նախագահին ԵԽԽՎ նախագահից ճշտել տարածված հարցազրույցի իսկությունը, բացատրություններ պահանջել պարոն Չավուշօղլուից, հասկանալ, արդյո՞ք նրա խոսքերը կարելի է համարել ԵԽԽՎ պաշտոնական դիրքորոշում եւ հարկ եղած դեպքում լրջորեն քննարկել Մովլութ Չավուշօղլուի նախագահության շրջանում ԵԽԽՎ-ի աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու հարցը:
 
 

ՀՀ Ազգային Ժողովի «ՀՀԿ » խմբակցություն

ՀՀ Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

ՀՀ Ազգային Ժողովի  «Օրինաց երկիր» խմբակցություն
 
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...