Տպել
20.01.2010
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց ամերիկացի պաշտոնյաներին
1 / 1

Հունվարի 20-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի` Հայաստանի հարցերով երկրորդ քարտուղար Ժոզեֆ Ֆառելլիին եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի ղեկավար Բարթ Փաթնիին:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-թուրքական հարաբերությունների զարգացումներին, երկու երկրների խորհրդարաններում արձանագրությունների վավերացմանն առնչվող հարցեր:

Երկուստեք կարեւորվեց  ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը:

Պարոն Նիկոյանի գնահատմամբ` այն արձանագրությունների իրավական մեկնաբանություն է` խարսխված միջազգային  եւ ՀՀ սահմանադրական դատարանի մասին օրենքների վրա, ըստ որի` արձանագրությունները վերաբերում են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ կապ չունեն երրորդ երկրի հետ, ուստի անհիմն է թուրքական կողմի այն տեսակետը, որ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը նախապայմաններ է պարունակում:

Ամերիկացի պաշտոնյաները նկատեցին, որ ստեղծվել է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման առումով պատմականորեն բարենպաստ  իրավիճակ, եւ հույս հայտնեցին, որ  Հայաստանը եւ Թուրքիան ջանքեր կգործադրեն ցանկալի հանգրվանին հասնելու համար: