Տպել
18.01.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Եգիպտոսի վարչապետ Ահմադ Նազիֆի հետ
1 / 2

Հունվարի 18-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած իր պաշտոնական այցի շրջանակներում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ԵԱՀ վարչապետ Ահմադ Նազիֆի հետ: 
  
Հանդիպման սկզբում ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը ԵԱՀ վարչապետին ներկայացրեց ԵԱՀ Ժողովրդական ժողովի նախագահ Ֆաթհի Սուրուրի հետ կայացած հանդիպման արդյունքները: Բարձր գնահատելով հայ-եգիպտական քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը: նա ընդգծեց առեւտրա-տնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրեց համաշխարհային ճգնաժամի հետեւանքները հաղթահարելուն ուղղված ՀՀ իշխանությունների ջանքերը: 
   
Վարչապետ Նազիֆը հույս հայտնեց, որ երկու երկրների միջեւ փոխադարձ այցելությունների ակտիվացումը կնպաստի նրանց միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանը:Զրուցակիցները համաձայնեցին, որ հայ-եգիպտական առեւտրատնտեսական համագործակցության մակարդակը չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին: Այդ համատեքստում ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանն առաջարկեց ամռանը Երեւանում նախատեսվող հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստին հրավիրել նաեւ եգիպտացի գործարարների եւ նիստի շրջանակներում անցկացնել հայ-եգիպտական գործարար ֆորում, ինչն արժանացավ վարչապետ Նազիֆի հավանությանը: 
  
Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաեւ քննարկեցին միջազգային ասպարեզում երկու երկրների միջեւ առկա համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձան տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: 

Նույն օրը երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Երեւան: