National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.11.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
26.11.2009
Հասարակական կազմակերպությունների գործունեության կանոնակարգմանը ուղղված խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
1 / 5

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին հրավիրվել էին խորհրդարանական լսումներ ՀՀ կառավարության կողմից օրենսդրական կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ: Քննարկումներին մասնակցում էին օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ու եվրոպական կառույցների, հ/կ-ների ներկայացուցիչներ, լրագրողներ: Խորհրդարանական լսումներին ներկա էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Բացելով խորհրդարանական լսումների աշխատանքը` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ հասարակական միավորումները բազմիցս դիմել են պետական իրավասու մարմիններին իրենց գործունեությունը դյուրին եւ առավել թափանցիկ դարձնելու, ձեռնարկատիրական գործունեություն թույլատրելու, իսկ ստեղծագործական միությունները` իրենց մասին առանձին օրենք ընդունելու խնդիրներով: Նշվեց, որ կառավարությունը ամփոփել է շահագրգիռ կողմերի առաջարկությունները` հ/կ-ների գործունեության թափանցիկությունը ապահովելու եւ երկրի պետական, տնտեսական ու իրավական անվտանգությունը ապահովելու նկատառումներից ելնելով: Հասարակական կազմակերպությունները կրկին դժգոհ են առաջարկվող փոփոխություններից, ինչը եւ հաշվի առնելով` հանձնաժողովը որոշել է 90 օրով հետաձգել օրինագիծը ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագիծ մտցնելը եւ ԱԺ նախագահի առաջարկով որոշում է կայացրել խորհրդարանական լսումներ կազմակերպելու մասին:

Քննարկվող հարցի առնչությամբ ելույթ ունեցավ նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը.  

 «Հարգելի տիկնայք եւ պարոնայք,
 Հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ Ազգային ժողովի հարկի տակ ողջունել ձեզ եւ մաղթել բարի գալուստ Հայաստանի խորհրդարան:

Այսօրվա մեր հանրային լսումները նվիրված են քաղաքացիական հասարակության թերեւս ամենակարեւոր բաղադրիչներից մեկին` հասարակական կազմակերպություններին, ում գործունեությունը շատ եմ կարեւորում: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1-ին ԱԺ էր ուղարկել «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց հասարակական կազմակերպությունների շրջանում: Գոնե ինձ այդպես են զեկուցել: Վերջիններս այդ հարցի շուրջ բազմաթիվ դիմումներ են հղել երկրի ղեկավարությանն ու Ազգային ժողով, այդ թվում` անձամբ ինձ: Այս օրինագծի շուրջ նաեւ իրենց մտահոգություններն էին մեզ փոխանցել արտասահմանցի մեր գործընկերները: ՀՀ կառավարության ներակայցուցիչը չէր ներկայացել ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային շահերի հանձնաժողովի ս.թ. նոյեմբերի 13-ի նիստին, ուստի օրինագծի քննարկումը հանձնաժողովը 90 օրով հետաձգեց:

Գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով` որոշեցի նախաձեռնել այս հանրային լսումների անցկացումը, որը շատ եմ կարեւորում: Սա է լավագույն հնարավորությունը լսելու եւ օրինագիծը հեղինակած կառավարության ներկայացուցիչներին, եւ դրան ընդդիմացող հասարակական կազմակերպություններին, որ ներկա են այս դահլիճում: Վստահ եմ, որ այս քննարկման արդյունքում ի հայտ կգա ճշմարտությունը, որը եւ կուղորդի Ազգային ժողովին` այս օրինագծի հետագա ճակատագիրը որոշելու հարցում:

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին այս հարցի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելու համար: Շնորհակալ եմ նաեւ պարոն Պետրոսյանին այս լսումները կազմակերպելու համար: Հրավիրում եմ ձեզ անցնել ազատ ու անկաշկանդ քննարկմանը` օգտագործելով ՀՀ ԱԺ բարձր ամբիոնը: Հուսով եմ, որ այս քննարկման ընթացքում կբացահայտենք ճշմարտությունը, եւ լսումները կլինեն արդյունավետ»:

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը ներկայացրեց իր նկատառումները հարցի վերաբերյալ: Նա իրազեկեց, որ օրինագիծը մշակվել եւ քննարկման է ներկայացվել մի շարք հ/կ-ների առաջարկությունների հիման վրա: Պարոն Դանիելյանի գնահատմամբ` հարակակական կազմակերպությունների որոշ առարկություններ ոչ միայն զուրկ են իրավաչափ հիմնավորումներից, այլեւ ուղեկցվում են օրինագծի եւ միջազգային պայմանագրերի խեղաթյուրմամբ, ինչը նվազեցնում է օրինագծի հիմնադրույթները համարժեքորեն ընկալելու եւ անաչառ քննարկման նյութ դարձնելու հնարավորությունը: Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը տեղեկացրեց, որ կառավարությունը դեմ չէ օրինագիծը վերանայելու գաղափարին, ինչը, սակայն, պետք է արվի հ/կ-ների մեծամասնության շահերի հաշվառմամբ: Նշվեց նաեւ, որ օրինագիծը քննարկվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փորձագետների մասնակցությամբ եւ որեւէ տարաձայնություն չի եղել: Նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, սակայն արդյունքները դեռեւս չեն ստացվել: Պարոն Դանիելյանը համոզված է, որ կառավարության առաջարկությունը ոչ թե վատթարացնում է հ/կ-ների վիճակը, այլ փորձ է արվում վերջիններիս վրա տարածել առավել նախընտրելի իրավական ռեժիմ: Բազում հ/կ-ներ դեմ են համագումարները ոչ թե երկու տարին մեկ, այլ չորս տարին մեկ հրավիրելու դրույթին: Այս դրույթի կողմնակիցները մեծաքանակ կազմ ունեցող հ/կ-ներն են: Ըստ նախարարի` դեմ արտահայտվողները անտեսել են արտահերթ համագումարներ անցկացնելու համար օրենսդրությամբ ամրագրված գործուն հիմքերը: Առարկությունների հեղինակները հայտարարում են, թե օրենքի նախագծով հ/կ-ների համար հավելյալ պարտավորություններ եւ սանկցիաներ են առաջադրված: Նախարարի համոզմամբ` նախագծով ճիշտ հակառակ մոտեցումն է ամրագրված. հ/կ-ների կողմից տարեկան տեղեկատվության հրապարակումը համադրելի չէ այն հաշվետվությունների հետ, որոնք ներկայացնում են մյուս իրավաբանական անձինք կամ կուսակցությունները: Հրապարակման ընթացակարգի առումով պարոն Դանիելյանն առաջարկում է տեղեկությունները հրապարակել ոչ թե որոշակի տպաքանակ ունեցող մամուլում, այլ տվյալ հ/կ-ի կայքէջում` այդ մասին իրազեկելով լիազոր մարմնին կամ դրանք էլեկտրոնային տարբերակով փոխանցել լիազոր մարմնին:  

Հարակից զեկույցում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը հավաստիացրեց, որ ժողովրդավարական յուրաքանչյուր պետություն պարտավոր է ապահովել անհրաժեշտ պայմաններ հ/կ-ների անկախ եւ ազատ գործունեության համար, որովհետեւ Սահմանադրությամբ եւ օրենքներով դրանք են հանդիսանում պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների վրա անմիջականորեն ազդող արդյունավետ գործիքներ: Պարոն Պետրոսյանի գնահատմամբ` օրինագծի 2-րդ, 3-րդ եւ 6-րդ հոդվածների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրինագծում կան մինչեւ վերջ չհիմնավորված որոշ դրույթներ, որոնք վատթարացնում են հ/կ-ների վիճակը ֆինանսապես եւ բարդացնում են նրանց գործունեությունը: Հասարակական կազմակերպությունների` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուն պարոն Պետրոսյանը դեմ է, քանի որ նրանք կանտեսեն իրենց կանոնադրական նպատակները եւ կսկսեն զբաղվել միայն ձեռնարկատիրական գործունեությամբ: Ըստ նրա` բավական է միայն այն, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքը թույլ է տալիս նրանց ստեղծել առանձին տնտեսական ընկերություններ, որոնք կարող են զբաղվել այդպիսի գործունեությամբ: Հանձնաժողովի փոխնախագահի համոզմամբ` արդարացված է երկու տարին չորս տարով փոխարինելու կառավարության առաջարկը, որովհետեւ պրակտիկան ցույց է տալիս, որ դժվար է հանրապետության մասշտաբով երկու տարին մեկ համագումարներ հրավիրել, իսկ անընդհատ ղեկավար մարմիններ վերընտրելու դեպքում ակնհայտ է դառնում վիճաբանությունների առաջացման հնարավորությունը: Ռաֆիկ Պետրոսյանը կարծում է, որ կառավարության ներկայացուցիչը քննարկումների արդյունքում կընդունի օրինագիծը լրամշակելուն ուղղված առաջարկները:

Քննարկումների ընթացքում պատգամավորները եւ շահագրգիռ այլ անձինք հարցադրումների եւ ելույթների տեսքով բարձրացրին խնդիրներ, որոնք վերաբերում էին օրենքի նախագծի վիճահարույց կետերին: Նրանց հետաքրքրում էր համագումարների անցկացման երկու տարին չորս տարով փոխարինելու, «Ստեղծագործական միությունների մասին»  առանձին օրենքի ընդունման, հ/կ-ների գործունեության վերաբերյալ ֆինանսատնտեսական հաշվետվություն ներկայացնելու նպատակահարմարության հարցը եւ այլ խնդրահարույց դրույթներին առնչվող մի շարք հարցեր: Լսումներին մասնակցող որոշ ներկայացուցիչներ պահանջում էին շրջանառությունից հանել օրենքի նախագիծը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը նշեց, որ 1988 թ-ից ի վեր, ինչ սկսել են ստեղծվել հ/կ-ները, կառավարությունը երբեւէ չի միջամտել նրանց գործունեությանը եւ քննարկվող օրինագծով եւս չի փորձում վերահսկել կամ ճնշում գործադրել նրանց վրա: Օրենքի նախագիծը շրջանառությունից հանելու վերաբերյալ մասնակիցների առաջարկին ի պատասխան` արդարադատության փոխնախարարը նշեց, որ կառավարությունը պատրաստ է այս փուլում համագործակցել շահագրգիռ բոլոր կողմերի հետ, լրամշակել օրինագիծը` հաշվի առնելով մտահոգիչ բոլոր առաջարկությունները եւ դիտողությունները:    

Ամփոփիչ ելույթ ունեցավ նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը: Նա առաջարկեց ներկաներին 90 օրվա ընթացքում առաջարկներ ներկայացնել հանձնաժողով, որոնք կտրամադրվեն ԱԺ նախագահին եւ կառավարությանը, ինչպես նաեւ կքննարկվեն ու կամփոփվեն հանձնաժողովում:



26.11.2009
Ավարտվեց ԱԺ նախագահի հովանու ներքո անցկացվող ասմունքի մանկապատանեկան հանրապետական առաջին մրցույթ-փառատոնը
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ, ՀՀ մշակույթի նախարարության, «Մետաքսյա Սիմոնյան» եւ «Նոր մշակութային քաղաքականություն» հիմնադրամների նախաձեռնությամբ արդեն երկու ամիս է ընթանում է ասմունքի մանկապատանեկան հանրապետական առաջին մրցույթ-փառատոնը` նվիրված հայ ազգային պոեզիային: Հայաստանի բ...

26.11.2009
Ընդլայնված քննարկումներ «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Նոյեմբերի 26-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր  Արթուր Աղաբեկյանի, Վահան Հովհաննիսյանի, Հրայր Կարապետյանի եւ Միքայել Մանուկյանի հեղինակած «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին»,  ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ընդլայնվ...

26.11.2009
ԱԺ նախագահի տեղակալը ընդունեց ‎ֆրանսիացի պատգամավորներին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը նոյեմբերի 26-ին հանդիպեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ` խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, Մարսել քաղաքի առաջին փոխքաղաքապետ Ռոլան Բլյումին եւ ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության անդամ Քրիստիան Բատային:Ողջունելով հյուրերի այցը Հ...

26.11.2009
Թուրք մտավորականները ՀՀ Ազգային ժողովում
Նոյեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողով  էր այցելել Թուրքիայից ժամանած մտավորականների եւ կանանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պատվիրակությունը: Պատվիրակությունը Հայաստանում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի «Եվրաինտեգրումը եւ գենդերային հարցերը» ծրագրի...

26.11.2009
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 26-ին ընդունեց փաստահավաք առաքելությամբ տարածաշրջան ժամանած  Ֆրանսիայի  Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Քրիստիան Բատային եւ Ռոլանդ Բլյումին:...

26.11.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կորեայի դեսպանին
Նոյեմբերի 26-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Քյու-Հենին (նստավայրը` Մոսկվա):Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանորեն քննարկեցին ս.թ. դեկտեմբերի 2-ից 6-ը ՀՀ ԱԺ նախագահի Կորեայի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am