Տպել
24.11.2009
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Նոյեմբերի 24-ին Հակոբ Հակոբյանի  նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ՀՀ կառավարության  ներկայացրած «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը մի շարք առաջարկներ էր ներկայացրել քննարկվող օրինագծի վերաբերյալ: Քննարկվող նախագծով առաջարկվում է որդեգրմանն առնչվող դատարանի որոշումները զագսի մարմիններ, ինչպես նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն փոխանցել դատական դեպարտամենտի միջոցով: Ըստ կառավարության հիմնավորման` դատական դեպարտամենտը կենտրոնական մարմինն է, որը գտնվում է Երեւան քաղաքում: Դատարանի կայացրած վճիռը դատական դեպարտամենտի միջոցով համապատասխան մարմիններին ուղարկելը, ըստ տիկին Պետրոսյանի, կառաջացնի լրացուցիչ ժամանակային եւ ֆինանսական կորուստներ ու գործնականում կպարունակի հրատապ  քայլեր ձեռնարկելուն չնպաստող բացասական ռիսկեր:

Խորհրդարանի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի մյուս մտահոգությունները վերաբերում էին ժամկետներին առնչվող խնդիրներին: Ըստ նրա` կանոնակարգված չեն, թե ինչ ժամկետում դատարանը պետք է վճիռը ուղարկի դատական դեպարտամենտ, ուստի կառավարությանն առաջարկում է վերանայել այդ մոտեցումները եւ հարցը չկանոնակարգել «Ընտանեկան օրենսգրքով», այլ խնդիրը լուծել Դատական օրենսգրքի «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքով:

«ՀՀ ընտանեկան օրենսգրքի» 114-րդ հոդվածով կանոնակարգվում է միայն որդեգրման ենթակա երեխաների եւ երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառման հարցերը: Արեւիկ Պետրոսյանի կարծիքով` հիշյալ օրենսգրքով պետք է հստակ կանոնակարգվեն նաեւ որդեգրողի եւ որդեգրված երեխայի հաշվառման հարցերը, որից հետո միայն անդրադարձ կատարվի որդեգրման վերացման դեպքում այդ հաշվառումից հանելու հարցին: Պետք է կանոնակարգվի նաեւ այդ հաշվառումից հանելու դեպքում երեխայի հետագա խնամակալության հարցը:

Օրենսդրական նախաձեռնությունը ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում բազմակողմ քննարկվեց: Քննարկմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ու արդարադատության նախարարության ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն առաջարկեց լրամշակված նախագիծը, ըստ քննարկման արդյունքների, երաշխավորել երկրորդ ընթերցմամբ ԱԺ նիստում քննարկելու համար: